5940 խաչեր ուխտագնացությամբ շրջում ու օրհնություն են ստանում հարյուրավոր եկեղեցիներում։ «Խոստում» կոչվող այդ խաչերը շրջել են ավելի քան 200 սրբավայրերով ու հասել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի։ Պատարագի ամբողջ ընթացքում՝ մինչև երեկոյան ժամերգության ավարտը, խաչերը մնացել են եկեղեցում։
«Խոստում» խաչերի առաքելությունը համահայկականությունն է՝ ասում է «Խոստում» նախաձեռնության հիմնադիր Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ խաչերի մեջ աշխարհի տարբեր կողմերի հայկական սրբավայրերից, Մասիսի ու Սիսի գագաթներից բերված քարերի մասունքներ են դրված։ Մետաղը թանկարժեք չէ, բայց խաչերն անգին են դարձնում նրանց ստացած օրհնությունն ու ներսի քարերի զորությունը։
«Մենք խաչերի մեջ ամփոփել ենք մեր պատմական հայրենիքից մեր հազարավոր եկեղեցիների ամբողջ օրհնությունը և խորհուրդը։ Նախագիծն ունի առաքելություն համախմբելու հայությանը մեր եկեղեցու ու ինքնության շուրջ և, ամենակարևորը, փոխանցելու դա մեր սերունդներին։ Նաև ունի երկրորդ առաքելություն, որը վերաբերում է նախագծի երկրորդ փուլին, այսինքն՝ ստեղծել միջոց, որով ամբողջ աշխարհին կպատմենք Հայաստանի մասին, Հայ Առաքելական Եկեղեցու մասին և կփորձենք համահայկականը վերածել համաքրիստոնեականի»,-ասում է Արմեն Ղազարյանը։
Խաչերի ուխտագնացությունը սկսվել է 2026-ի հուլիսի 5-ից ու շարունակվելու է մեկ տարի՝ մինչև 2027-ի հուլիսի 5-ը։ 5940 խաչեր են ստեղծվել․ Արարատի բարձրությունը խորհրդանշելով՝ 5137-ը ոսկեգույն են, իսկ 803-ն՝ արծաթագույն։ Արծաթագույն խաչերը կնվիրաբերվեն հայ ազգի համար նշանակալի գործ կատարած հայորդիներին, իսկ ոսկեգույն խաչերից գոյացած միջոցներով կիրականացվի ծրագրի ընթացիկ փուլն ու երկրորդ փուլը, որը համաքրիստոնեական բնույթ կունենա՝ աշխարհին ներկայացնելով Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած հայ ազգին։
Կարդացեք նաև
Բազմաթիվ խաչերի դիզայն ուսումնասիրելուց հետո մի քանի դիզայներներ ստացել են «Խոստում» խաչերի ներկա տեսքը. կենտրոնում հայկական ծաղկած խաչն է, աջ և ձախ եզրերին՝ հայկական արիական հավասարաթև խաչերը։ Զարդանախշերը ազգային հին մատենագրերից են վերցրել։
«Երբ պատահաբար ներս մտա, զգացի այդ ամբողջ էներգիան ու մարմնովս սարսուռ անցավ խաչերի մոտով անցնելիս։ Շատ լավ գաղափար է, մանավանդ այն մարդկանց համար, որոնք օտարության մեջ են ապրում, ու ամբողջական այդ եկեղեցիների ուժը կարող են զգալ, հսկայական աշխատանք է տարվել, որ բոլոր եկեղեցիներից մասունքները հավաքել են, հուսով եմ՝ հավատացյալ մարդիկ կգնահատեն կատարվածը ու այդ ուժն ու հավատն իրենց կօգնի»,-նշեց Գերմանիայից հայրենիք եկած Մարիամ Հովհաննիսյանը։ Օֆելյա Կոշտոյանն էլ հավելեց, որ կարծես զորացել է՝ խաչերին հանդիպելով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































