Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխչյանի դպրոցի հետ կապված դեպքը․ պարզվեց, որ ընդամենը կավճանման նյութ է եղել և ոչ թե թմրանյութ»․ Արմեն Ղազարյան

Սեպտեմբեր 14,2026 16:20 Share

«Այս օրենքի հետ կապված կա խնդիր․ Տաջիկստանը կարող է մեզ ասել` Հայաստանի տարածքով այս բեռը օպերատիվ վերահսկողությունով հասցրեք»,- խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ նկատելով, որ համաձայնագիրը ՀՀ ինքնիշխանության հետ կապ ունի եւ խնդրահարույց է։

Նրա դիտարկմամբ, Տաջիկստանի հարավային հարեւանը թմրանյութերի տրաֆիկի աշխարհի կենտրոններից մեկն է եւ հայտարարեց, որ հիմնավորումները բավարար չեն, ուստի իրենք դեմ են քվեարկելու համաձայնագրին։

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդարանում քննարկվում էր «ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը։

Հարցի հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը (լուսանկարում) իր եզրափակիչ ելույթում ասաց․ «Պարոն Կարապետյան, երբ որ ասում եք՝ ինչ-որ երկիր կարող է մեզ ասել այսպես արա, և մենք էլ պետք է այդպես անենք, ոչ, դա այդպես չէ։ Այս կարգը հենց այն մասին է, որ կարող է առաջարկվել համատեղ իրականացնել «վերահսկելի մատակարարում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը համատեղ՝ մի քանի երկրների իրավապահ մարմինների կողմից, և մի պետությունը կարող է համաձայնել կամ կարող է չհամաձայնել։ Եթե օպերատիվ մարմինները տվյալ իրավիճակում գնահատեն իրավիճակն այնպիսին, որ դա կարող է դուրս գալ վերահսկելիության սահմաններից (խնդրում եմ հիշել, որ միջոցառումը կոչվում է վերահսկելի մատակարարում), եթե վերահսկելիության սահմաններից դուրս է գալու, ակնհայտորեն մենք կարող ենք մերժել այդ դիմումը և չիրականացնել համատեղ վերահսկելի մատակարարում օպերատիվ-հետախուզական միջոցառումը»։

Իսկ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին, ինչը համաձայնագրի քննարկման ժամանակ շատ խոսվեց, Արմեն Ղազարյանն ասաց՝ մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ավելի շատ է եղել մեդիա աղմուկը, քան հաստատված դեպքը․ «Օրինակ՝ Մխչյանի դպրոցի հետ կապված դեպքը, երբ որ պարզվեց, որ ընդամենը կավճանման նյութ է եղել և ոչ թե թմրանյութ։ Այսինքն՝ ստացվում է, մենք մի ամբողջ երիտասարդ սերնդի այսպես պիտակավորում ենք և նշում ենք, որ բոլորը թմրանյութի օգտագործող են, մինչդեռ հաստատված դեպքերի քանակը տարեկան կտրվածքով չի գերազանցում 10-ը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել