Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությունների սահմանները։
Անցած ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ և Սահմանադրության բազմաթիվ դրույթներ։ Մինչդեռ, մեծ թվով հայեր հայտնվել են ճաղերի հետևում ոչ թե իրավախախտումների, այլ պարզապես նրա հետ անհամաձայնության պատճառով. մի հիմնարար իրավունք, որը ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու համար։
Փաշինյանը հստակեցրել է, որ օրենքներն իր վրա չեն տարածվում։ Նա ինքնագոհ պարծեցել է, թե կարող է խախտել ցանկացած օրենք, և ոչ մի դատավոր չի կարող կանգնեցնել իրեն։
2018-ին իշխանությունը զավթելուց ի վեր՝ Փաշինյանը դաժանաբար հարձակվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդների վրա: Չնայած ոչ քրիստոնեավայել վարքին՝ նա հաճախ մեջբերումներ է անում Սուրբ Գրքից՝ իր միամիտ հետևորդներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Ըստ Աստվածաշնչի (Մատթեոս 4:5-7, Ղուկաս 4:9-12, Սաղմոս 91:11-12) սատանան նույնպես, Սուրբ Գիրքը վկայակոչելով, հորդորում էր Հիսուսին ցած նետվել տաճարի աշտարակից՝ վստահեցնելով, թե հրեշտակները կփրկեն նրան: Հիսուսն արձագանքել է՝ մեջբերելով Երկրորդ Օրինաց 6:16-ը. «Քո Տեր Աստծուն մի՛ փորձիր»:
Կարդացեք նաև
Թեև Կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին անհիմն ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, Փաշինյանը, իշխանության գալուց հետո յոթ տարի սպասելով, այդ բամբասանքը շահարկեց միայն այն ժամանակ, երբ դա պահանջեցին իր նեղ քաղաքական շահերը։ Ավելի քան մեկ տարի է, ինչ նա չարաշահում է իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով գահընկեց անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Փաշինյանը հանդես է եկել հրապարակային կոչերով, հնչեցրել անձնական սպառնալիքներ և նույնիսկ անպարկեշտ բառապաշար է կիրառել իր ֆեյսբուքյան էջում՝ Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու նպատակով։ Այս բոլոր փորձերի տապալումից հետո նա դիմեց անգամ 10 բարձրաստիճան հոգևորականների շանտաժի՝ նրանց իր կողմը գրավելու և Կաթողիկոսի դեմ հանելու համար։ Եկեղեցին «բարեփոխելու» քողի տակ նա ձևավորել է «քաղաքացիական կոմիտե»՝ Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։ Ուղղակի անհեթեթություն է, որ երկիրը կառավարելու հարցում չափազանց անկարող մեկը փորձում է միջամտել Եկեղեցու ներքին գործերին և որոշել, թե ով է լինելու հաջորդ Կաթողիկոսը։ Դա իրեն բոլորովին չի վերաբերում։
Բնականաբար, այս ամենը Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, որտեղ ամրագրված է պետության և եկեղեցու անջատումը: Սակայն, հաստատելով ավտորիտար միանձնյա իշխանություն, Փաշինյանը համառորեն փորձում է պարտադրել իր կամքը: Հունվարի սկզբին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներից կազմված հանձնախումբը պաշտոնանկ արեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Փաշինյանը հորդորեց նրան մերժել եկեղեցու ներքին որոշումը և դիմել դատարան։ Այնուհետև եկեղեցու նվիրապետությունը հունվարի 27-ին նրան կարգալույծ հռչակեց։
Դատարանն ապօրինաբար հրահանգեց Կաթողիկոսին Սարոյանին պաշտոնանկ չանել և արգելեց Գարեգին Բ-ին լքել երկիրը՝ զրկելով նրան և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին Ավստրիայում անցկացվող եպիսկոպոսաց կարևորագույն ժողովին մասնակցելու հնարավորությունից։ Չնայած դրան, ժողովը տեղի ունեցավ, և աշխարհասփյուռ 25 եպիսկոպոսներն իրենց զորակցությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ դատապարտելով Փաշինյանի իշխանության կողմից Եկեղեցու դատական հետապնդումը։
Կաթողիկոսի և մյուս վեց եպիսկոպոսների դատավարության նախնական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Վաղարշապատի (Էջմիածին) դատարանում: Սա աննախադեպ երևույթ է, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է իրականացվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Դարավոր տիրապետության ընթացքում ո՛չ Օսմանյան կայսրությունը, ո՛չ էլ Ցարական Ռուսաստանը երբեք որևէ Կաթողիկոսի դատի չեն տվել։ Միակ բացառությունը Խորեն Ա Կաթողիկոսի սպանությունն էր, որին 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ արեցին խորհրդային գաղտնի ծառայությունների գործակալները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան տանելը բացահայտ ապօրինություն է և Փաշինյանի իշխանության կողմից լիազորությունների կոպտագույն չարաշահում: Ավելի քան 1700 տարի հայերն աշխարհով մեկ պարծենում են, որ Հայաստանը առաջին պետությունն է, որը քրիստոնեություն է ընդունել: Սակայն սեփական իշխանությունն այժմ եկեղեցու նվիրապետությանը վերաբերվում է որպես հանցագործների։
Միակ լավ լուրը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայտարարությունն է առ այն, որ նա հրաժարական չի տա՝ նույնիսկ ձերբակալվելու և բանտարկվելու դեպքում։ Նա կշարունակի ծառայել որպես օրինական Կաթողիկոս անգամ անազատության մեջ։
Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանի կառավարությունն իրականացրել է մի շարք աննախադեպ հակաեկեղեցական քայլեր.
– 2018 թվականին այն չեղարկեց հոգևորականների դիվանագիտական անձնագրերը։
– Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։
– 2024 թվականին դադարեցրեց քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների ծառայությունը:
– Դադարեցրեց հոգևորականների ծառայությունը Զինված ուժերում:
– Նախատեսում է բռնագրավել եկեղեցու բոլոր շենքերն ու ունեցվածքը։
– Անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացրել Սուրբ Էջմիածնի տարածքում՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար։
– Կեղծ մեղադրանքներով ձերբակալել և կալանավորել է մի քանի բարձրաստիճան հոգևորականների։
– Խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իշխանությունները թույլ չտվեցին Կաթողիկոսին օրհնության խոսք ասել 2026 թվականի օգոստոսի 2-ի նստաշրջանի բացմանը։
– Եկեղեցուց հարյուր հազարավոր դոլարների հարկեր և տուգանքներ է գանձել հավատացյալների կողմից մոմերի ձեռքբերման համար, չնայած այն հանգամանքին, որ Եկեղեցին ոչ առևտրային կազմակերպություն է, իսկ մոմեր գնողներն իրականում նվիրատվություն են անում։
Դատավոր Հակոբ Մանուկյանը պարտավոր է օգոստոսի 7-ին կարճել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված մեղադրանքները, որպեսզի չդառնա Փաշինյանի ապօրինությունների հանցակիցը։ Հակառակ դեպքում, դատավոր Մանուկյանը կդառնա միջազգային ծաղրի առարկա, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնականապես արձանագրի, որ նրա դատավճիռը խախտել է Հայաստանի Սահմանադրությունը։
Մինչդեռ, թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը պետք է սթափվեն երկարատև թմբիրից և բարձրացնեն իրենց բողոքի ձայնը։ Եթե նրանք շարունակեն լռել անգամ Կաթողիկոսի ձերբակալությունից և բանտարկությունից հետո, ապա արժանի չեն ունենալու ո՛չ Եկեղեցի, ո՛չ էլ Հայրենիք։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը Ռուզաննա Ավագյանի


















































