«Մեր սուրբ հայրերն ասում են, որ Աստված հավատքի վրա է հիմնում իր սուրբ եկեղեցին, հավատքով են կառուցվում նվիրական Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ հավատացյալների համախմբումն ամրապնդում է հույսն ու սերը և պայծառացնում սուրբ եկեղեցին»,- Բյուրեղավանի նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողության ժամանակ իր Հայրապետական աղոթքի ժամանակ ասաց Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը։
Փաստելով, որ այսօր մեր հայրենիքն ու ժողովուրդը շատ դժվարությունների, մարտահրավերների միջով են անցնում, Կաթողիկոսն ասաց․ «Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ, հայրենանվեր, քաջարի ոգով և ապրելու ապավինությամբ։ Ինչպիսին էլ լինեն նեղությունները, խնդիրները, նրանց հանդիման պետք է լինենք հույսով ու հավատով, միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակի անարդարություն, սուտ ու կեղծիք և անօրինություն»։
Կարդացեք նաև
Իր հայրապետական աղոթքում նաև շուտափույթ ապաքինում մաղթեց Փաշինյանի՝ ընդդեմ եկեղեցու օրակարգին միացած Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին՝ նշելով, որ առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում օծման արարողությանը։
Եկեղեցու օծման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Կաթողիկոսն ասաց․ «Թող տիրոջ օրհնությունը հետ գա մեր ժողովրդին, որ ազգս հայոց ապրի խաղաղ, ապահով, անվտանգ կյանքով և կերտի իր բարօրությունը։ Մեր առջև ծառացած բոլոր փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»։
Նորակառույց եկեղեցու բարերար Յուրի Արոյանը, խոսելով եկեղեցու կառուցման նախաձեռնության մասին, ասաց․ «Ներկա էինք Վեհափառի ծննդյան արարողությանը, մեր թեմի առաջնորդի հետ պատահական մի սեղանի շուրջ նստած էինք, մտահոգություն եղավ, որ Բյուրեղավանում ակտիվացել են աղանդավորները, և պատճառն այն է, որ չունի եկեղեցի։ Որպես Ջավախքից ծնունդով մարդիկ եղբորս՝ Մխիթարի հետ հանձն առանք նախաձեռնել եկեղեցու կառուցումը։ Այն անցավ շատ դժվարություններով։ Բոլորս հասկանում ենք՝ ինչեր ենք տեսել, բայց Տիրոջ կամքն ի կատար ածվեց, հաղթեցինք չարին՝ Սատանային, և եկեղեցին կանգուն է»։
Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ Բյուրեղավանի նորակառույց եկեղեցու օծման արարողությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































