Մարդկանց մեծամասնության դեպքում մեղվի խայթոցն առաջացնում է միայն թեթևակի ցավ և գրգռվածություն խայթված հատվածում, սակայն որոշ մարդկանց մոտ մեղվի խայթոցի պատճառով կարող է ալերգիկ ռեակցիա զարգանալ՝ թեթևից մինչև ծանր, որի ախտանշանները կարող են տարբեր լինել՝ ներառելով եղնջացան, կոկորդի կամ լեզվի այտուց, մաշկի կարմրություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ և այլն։ Ծանրագույն դեպքում մարդու մոտ կարող է անաֆիլաքսիա զարգանալ, որը կյանքին սպառնացող վիճակ է։
Տարածվա՞ծ է արդյոք մեղվի խայթոցի նկատմամբ ալերգիան
Ըստ Medical News Today-ի՝ մարդկանց մոտավորապես 5–7.5%-ը կյանքի ընթացքում միջատների խայթոցներից ունենում է ծանր ալերգիկ ռեակցիա։ Մեղվաբույծների շրջանում այդ ռիսկը հասնում է 32%-ի։
Միջատների խայթոցները շատ մարդկանց մոտ առաջացնում են թեթև կամ միջին ծանրության գրգռիչ ռեակցիաներ՝ ցավ, մաշկի տեղային գունափոխություն և այտուց։ Դա ալերգիկ ռեակցիա չէ։
Կարդացեք նաև
Փոքրաթիվ մոտ մեղվի խայթոցը կարող է առաջացնել համակարգային ալերգիկ ռեակցիա, որը տարածվում է ամբողջ օրգանիզմով՝ ներառելով մաշկը և շնչառական համակարգը։ Ալերգիկ ռեակցիան կարող է ծանր լինել և պահանջել շտապ բժշկական օգնություն։ Հազվադեպ առաջանում են նաև մահացու ռեակցիաներ։
Մեղվի թույնի նկատմամբ ռեակցիաները կարող են լինել թեթևից մինչև ծանր։ Թեթև դեպքերում ռեակցիան սահմանափակվում է խայթոցի շրջակայքով, իսկ ծանր դեպքերում ալերգիկ ռեակցիան կարող է ազդել մարմնի այլ հատվածների վրա։
Միևնույն մարդու արձագանքը մեղվի խայթոցին կարող է տարբեր լինել տարբեր դեպքերում։ Որոշ մարդկանց մոտ ամեն անգամ առաջանում է միայն տեղային ռեակցիա։
Կարևոր է իմանալ տարբեր աստիճանի ռեակցիաների ախտանշանները, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդը ստանա համապատասխան օգնություն և բուժում։
Ախտանշանները
Մեղվի խայթոցի ախտանշանները կախված են մարդու ալերգիկ զգայունությունից։ Խայթոցից անմիջապես հետո կարող է առաջանալ թեթև, միջին կամ ծանր ռեակցիա։
Թեթև ռեակցիա
Մեղվի խայթոցի ախտանշանների մեծ մասը շատ թեթև է և բժշկական օգնություն չի պահանջում։ Դրանք սահմանափակվում են խայթոցի տեղով և ներառում են՝
- սուր, այրող ցավ,
- մաշկի գունափոխում,
- թեթև այտուց,
- քոր։
Միջին ծանրության ռեակցիա
Մեղվի խայթոցի նկատմամբ միջին ծանրության ռեակցիայի դեպքում օրգանիզմն ավելի ուժեղ է արձագանքում մեղվի թույնին։ Այս վիճակը կոչվում է մեծ տեղային ռեակցիա։
Նման դեպքերում ախտանշանների ամբողջական վերացումը կարող է տևել ավելի քան մեկ շաբաթ։
Ախտանշաններն են այտուցը, մաշկի գունափոխությունն ու խայթոցի շուրջ մաշկի ջերմության բարձրացումը։ Դրանք կարող են աստիճանաբար տարածվել և 2–3 օրվա ընթացքում հասնել 10 սմ կամ ավելի տրամագծի։
Եթե մարդու մոտ առաջացել է մեծ տեղային ռեակցիա, հետագայում խայթոցի նկատմամբ համակարգային ալերգիկ ռեակցիայի զարգացման հավանականությունը կազմում է մոտ 5–10%։
Ծանր ալերգիկ ռեակցիա, անաֆիլաքսիա. ախտանշանները և ի՞նչ անել
Անաֆիլաքսիան կյանքին սպառնացող ծանր ալերգիկ ռեակցիա է: Ախտանշանները սովորաբար զարգանում են հանկարծակի՝ ներառելով․
- եղնջացան,
- դեմքի կամ բերանի այտուց,
- մարմնի այտուց,
- սուլոցով շնչառություն,
- արագ և մակերեսային շնչառություն, դժվարաշնչություն,
- սրտի ռիթմի արագացում,
- սառը, կպչուն մաշկ,
- անհանգստություն կամ շփոթվածություն,
- գլխապտույտ,
- փսխում,
- լուծ,
- շրթունքների կապտություն կամ գունատություն,
- կլման հետ կապված դժվարություններ,
- կրծքավանդակում սեղմվածության զգացում,
- ուշագնացություն, գիտակցության կորուստ։
Եթե մարդն ունի այս ախտանշաններից որևէ մեկը՝
- Ստուգեք՝ արդյո՞ք նա իր մոտ ունի էպինեֆրինի (ադրենալինի) ինքնաներարկիչ։ Եթե ունի, հետևեք սարքի վրա նշված ցուցումներին և օգտագործեք այն։
- Անմիջապես զանգահարեք շտապ բժշկական օգնություն։
- Օգնեք մարդուն նստած դիրքից պառկել։ Եթե նա փսխել է, շրջեք նրան կողքի վրա։
- Մնացեք նրա կողքին մինչև շտապօգնության ժամանումը։
Որոշ մարդկանց կարող է անհրաժեշտ լինել էպինեֆրինի մեկից ավելի ներարկում։ Եթե ախտանշանները 5–15 րոպեի ընթացքում չեն բարելավվում կամ կրկին ի հայտ են գալիս, և անձն ունի երկրորդ ինքնաներարկիչ, անհրաժեշտ է օգտագործել այն։
Ի՞նչն է առաջացնում ալերգիկ ռեակցիան
Երբ մեղուն խայթում է, նրա սուր, ատամնավոր խայթիչը մնում է մաշկի մեջ։ Խայթիչը թույն է արտազատում։
Մեղվի թույնը պարունակում է սպիտակուցներ, որոնք ազդում են մաշկի բջիջների և իմունային համակարգի վրա՝ խայթոցի տեղում առաջացնելով ցավ և այտուց նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր ալերգիկ չեն թույնի նկատմամբ։
Մեղվի խայթոցի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ թույնը առաջացնում է իմունային համակարգի ավելի ուժեղ ռեակցիա։ Մարդը կարող է առաջին խայթոցից հետո ալերգիկ ռեակցիա չունենալ, սակայն այն կարող է զարգանալ հաջորդ խայթոցի ժամանակ։
Ալերգիկ մարդկանց մոտ մեղվի խայթոցը ստիպում է իմունային համակարգին արտադրել հակամարմինների մի տեսակ, որը կոչվում է իմունոգլոբուլին E (IgE)։ Սովորաբար IgE-ն օգնում է օրգանիզմին պաշտպանվել վտանգավոր նյութերից, օրինակ՝ վիրուսներից և մակաբույծներից։
Սակայն խայթոցի դեպքում օրգանիզմը կարող է արտադրել IgE, որն այնուհետև առաջացնում է ոչ պատշաճ իմունային պատասխաններ։ Դրա հետևանքով հաջորդ խայթոցի ժամանակ կարող են առաջանալ եղնջացան, այտուց և շնչառական խնդիրներ։
Մեղվի խայթոցի նկատմամբ ռեակցիայի բուժումը
Բուժումը կախված է ալերգիկ ռեակցիայի ծանրությունից։
Թեթև և միջին ծանրության ռեակցիայի բուժում
Մեղվի խայթոցից հետո անհրաժեշտ է հնարավորինս արագ հեռացնել խայթիչը՝ զգուշանալով, որ թույնի պարկիկը չսեղմվի։ Խայթիչի հեռացումը սահմանափակում է արյան մեջ արտազատվող թույնի քանակը։
Քորը և բորբոքումը նվազեցնելու համար կարելի է օգտագործել սառը թրջոց, քսել ստերոիդային քսուքներ և ընդունել հակահիստամինային դեղամիջոցներ։
Ախտանշանները սովորաբար պետք է աստիճանաբար նվազեն մի քանի օրվա ընթացքում։
Մեծ տեղային ռեակցիայի դեպքում կարող է անհրաժեշտ լինել կորտիկոստերոիդների կիրառում։
Ծանր ռեակցիայի բուժում
Ծանր, համակարգային ռեակցիայի դեպքում անհրաժեշտ է էպինեֆրինի շտապ ներարկում, որը կօգնի նվազեցնել ալերգիկ ռեակցիայի ծանրությունը։ Բժիշկները կարող են նաև թթվածին և ներերակային հեղուկներ տրամադրել։
Եթե մարդն ունի էպինեֆրինի ինքնաներարկիչ, այն պետք է օգտագործել անմիջապես։ Էպինեֆրինը ժամանակավորապես վերացնում կամ նվազեցնում է ծանր ալերգիկ ռեակցիայի ախտանշանները։ Ծանր ալերգիա ունեցող մարդը պետք է մշտապես իր մոտ ունենա ադրենալինի ինքնաներարկիչ։
Անաֆիլաքսիայի մեկ կամ մի քանի ախտանշան ունեցող անձին պետք է հնարավորինս արագ շտապ օգնություն հասնի, նույնիսկ եթե նրան մինչ բուժօգնությունը էպինեֆրին է ներարկվել։
Շտապօգնության ժամանմանը սպասելիս մարդը պետք է պառկի մեջքի վրա՝ ոտքերը բարձրացրած։ Դա կարող է օգնել նվազեցնել թուլությունն ու գլխապտույտը՝ ապահովելով արյան հոսքը դեպի սիրտ։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է ու չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ





















































