Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուղեցույցների համաձայն՝ կաթվածից հետո վերականգնողական բուժումը պետք է սկսվի 48 ժամվա ընթացքում

Սեպտեմբեր 07,2026 09:30 Share

Կաթված վերապրած մարդկանց` հնարավորինս շուտ ապաքինման համար վերականգնողական բուժումը պետք է մեկնարկի անմիջապես, խորհուրդ են տալիս Ամերիկյան Կաթվածի ասոցիացիայի նոր ուղեցույցները։

Ուղեցույցների համաձայն՝ վերականգնողական բուժումը պետք է սկսել հիվանդանոցում, հենց որ հիվանդի վիճակը կայունանա, և հնարավորության դեպքում՝ կաթվածից հետո առաջին 48 ժամվա ընթացքում։ Ուղեցույցները հրապարակվել են օգոստոսի 27-ին Stroke ամսագրում։

Նոր ուղեցույցները նաև ընդգծում են, որ կաթվածից հետո վերականգնողական բուժումը պետք է անհատականացվի՝ հաշվի առնելով մարդու ախտանշաններն ու հոգեկան առողջությունը։

«Կաթվածից հետո վերականգնումը բարդ գործընթաց է։ Կաթվածը կարող է ազդել այն բազմաթիվ հմտությունների վրա, որոնցից մարդիկ օգտվում են առօրյա կյանքում։ Նույնիսկ ամենասովորական գործողությունները պահանջում են ֆիզիկական, ճանաչողական և հաղորդակցական մի շարք կարողությունների համատեղ աշխատանք»,- մամուլի հաղորդագրության մեջ նշել է ուղեցույցների գլխավոր հեղինակ, Յուտայի համալսարանի դոցենտ Լորի Գեյջ Ռիչարդսը։

«Վերականգնողական բուժման ուղեցույցների մշակումը նույնպես բարդ է, քանի որ յուրաքանչյուր կաթված առանձնահատուկ է։ Յուրաքանչյուր մարդ բախվում է տարբեր խնդիրների։ Վերականգնման ընթացքը բոլորի համար նույնը չէ, ուստի բուժումը պետք է անհատականացվի՝ համապատասխանեցվելով յուրաքանչյուր մարդու կարիքներին»,- ասել է Ռիչարդսը։

Նոր ուղեցույցները նաև խորհուրդ են տալիս ստուգել հիվանդների հոգեկան առողջությունը՝ դեպրեսիայի, անհանգստության և այլ հոգեբանական խնդիրների առկայությունը պարզելու համար, քանի որ դրանք կարող են խոչընդոտել վերականգնմանը։

Հիվանդներին անհրաժեշտ է նաև աջակցություն՝ առօրյա կյանք վերադառնալու համար։ Դա ներառում է աշխատանքի վերադառնալը, փոքր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, քնի և ցավի հետ կապված խնդիրների լուծումը, ինչպես նաև սեռական ֆունկցիայի փոփոխություններին հարմարվելը, նշել են հետազոտողները։

Ուղեցույցներում նաև նշվում է, որ կաթվածից հետո վերականգնողական բուժումը պետք է հաշվի առնի հիվանդներին խնամող մարդկանց կարիքները՝ նրանց ներգրավելով վերականգնման պլանավորման, կրթական ծրագրերի և աջակցության գործընթացներում։

Փորձագետներն ընդգծում են, որ կաթվածից հետո արդյունավետ վերականգնման համար առանցքային նշանակություն ունի տարբեր մասնագետներից կազմված, համակարգված բուժական թիմի աշխատանքը։ Այդ թիմում կարող են ընդգրկվել նյարդաբաններ, վերականգնողական բուժքույրեր, թերապևտներ, խոսքի և լեզվի մասնագետներ, սոցիալական աշխատողներ ու հոգեբաններ։

Ուղեցույցների համաձայն՝ վերականգնումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ, և վերջնական բուժման ավարտի ժամկետները միշտ չէ, որ հնարավոր է հստակ սահմանել։ Բացի այդ, մեկ մարդու վերականգնման ընթացքը կարող է ամբողջովին տարբեր լինել մյուսի ընթացքից։

«Կաթվածից հետո վերականգնումը միայն ֆիզիկական ուժը վերականգնելու և կորցրած կարողությունները վերադարձնելու մասին չէ»,- ասել է Ռիչարդսը։ «Դա շարունակական գործընթաց է, որը ներառում է առողջական լուրջ իրադարձությունից հետո առաջացած հուզական փոփոխություններին հարմարվելը, նոր դժվարություններին դիմակայելն ու նպատակամիտված առաջ շարժվելը»։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Ամերիկյան Կաթվածի ասոցիացիա, մամուլի հաղորդագրություն, 2026 թ. օգոստոսի 27

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել