Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսգրաֆիա․ երբ երեխան ոչ թե «անփույթ» է կամ «ծույլ», այլ պարզապես գրելը նրա համար դժվար է

Սեպտեմբեր 14,2026 09:30 Share

Դասերը սկսվեցին, դասերի հետ էլ՝ այն բոլոր ուրախություններն ու դժվարությունները, որոնք ամենից լավ ծանոթ են հատկապես նոր-նոր դպրոց գնացող աշակերտներին ու նրանց ծնողներին։ Գրելու, կարդալու հետ կապված դժվարությունները տարբեր երեխաներ տարբեր ժամանակահատվածում հաղթահարում են, սակայն որոշ դեպքերում գրել կամ կարդալ սովորելը կարող է շատ բարդ լինել երեխայի համար, եթե երեխան ունի նեյրոկենսաբանական այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են դիսլեքսիան ու դիսգրաֆիան։

Դիսլեքսիայի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ 

Ի՞նչ է դիսգրաֆիան

Դիսգրաֆիան նյարդաբանական վիճակ է, որի դեպքում մարդը դժվարանում է իր մտքերը գրավոր արտահայտել՝ անգամ եթե ստացել կամ ստանում է իր տարիքին և մտավոր կարողություններին համապատասխան կրթություն։

Դիսգրաֆիան համարվում է ուսուցման առանձնահատկություն և կարող է տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ ունենալ։

Իրականում գրելը շատ բարդ գործընթաց է, որը միաժամանակ ուղեղի և մի շարք հմտությունների համատեղ աշխատանք է պահանջում՝ ներգրավվելով

  • մանր մոտորիկան,
  • տարածական ընկալումը,
  • աշխատանքային հիշողությունը (մտքում տեղեկությունը պահելու և մշակելու կարողությունը),
  • տառերը, թվերն ու նշանները ձևավորելու, պահպանելու և վերարտադրելու կարողությունը,
  • լեզվի մշակումը,
  • մտքի ձևակերպումը,
  • կազմակերպչական հմտությունները։

Հենց այս պատճառով էլ դիսգրաֆիան երբեմն դժվար է ախտորոշել․ այն կարող է ներառել գրելու հետ կապված տարբեր խնդիրների լայն շրջանակ։

Դիսգրաֆիան սովորաբար ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան սկսում է սովորել գրել։ Այս դեպքում խոսում են զարգացման դիսգրաֆիայի մասին։ Սակայն խնդիրը կարող է առաջանալ նաև հանկարծակի՝ գլխի կամ ուղեղի վնասվածքից հետո․ դա կոչվում է ձեռքբերովի դիսգրաֆիա։

Դիսգրաֆիան դասվում է «ուսուցման յուրահատուկ խանգարումների» շարքին, ավելի կոնկրետ՝ գրավոր խոսքի ուսուցման յուրահատուկ խանգարումների խմբին։

Արդյո՞ք դիսգրաֆիան նույն դիսլեքսիան է

Դիսգրաֆիան և դիսլեքսիան երկու տարբեր նյարդաբանական վիճակներ են, թեև դրանք հաճախ շփոթում են։ Սակայն որոշ դեպքերում մեկ մարդու մոտ դրանք կարող են հանդիպել միաժամանակ։

Դիսլեքսիան հիմնականում դժվարացնում է կարդալու գործընթացը։ Դիսլեքսիա ունեցող մարդը կարող է ավելի դանդաղ կարդալ, դժվարությամբ ճանաչել բառերը կամ կապել տառերը միմյանց հետ։

Դիսգրաֆիայի դեպքում հիմնական դժվարությունը կապված է գրելու հետ․ ընդ որում դա կարող է արտահայտվել ինչպես բառերը ֆիզիկապես գրելու դժվարություններով, այնպես էլ մտքերը գրավոր ձևով շարադրելու և արտահայտելու բարդություններով։

Դիսգրաֆիան աուտիզմի դրսևորո՞ւմ է

Դիսգրաֆիան աուտիստիկ սպեկտրի խանգարման ձև չէ։ Այն, սակայն, բավական հաճախ կարող է հանդիպել աուտիզմ կամ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ ունեցող ունեցող մարդկանց շրջանում։ Միևնույն ժամանակ մարդը կարող է ունենալ դիսգրաֆիա՝ չունենալով հիշյալ խանգարումները։

Աուտիզմի սպեկտրի խանգարումը նեյրոզարգացման վիճակ է, որը կարող է դրսևորվել սոցիալական հաղորդակցության և փոխազդեցության դժվարություններով, սահմանափակ կամ կրկնվող վարքային և հետաքրքրությունների ձևերով, ինչպես նաև զգայական առանձնահատկություններով։

Ո՞ւմ մոտ կարող է հանդիպել դիսգրաֆիան

Դիսգրաֆիան կարող է հանդիպել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղաների շրջանում։ Դիսգրաֆիա ունենալու հավանականությունը կարող է բարձր լինել նաև այն դեպքում, երբ ընտանիքի այլ անդամներ նույնպես ունեն այս առանձնահատկությունը։

Տարածվա՞ծ է արդյոք դիսգրաֆիան

Հետազոտողների գնահատմամբ՝ դիսգրաֆիա կարող է ունենալ մարդկանց մոտ 5-20 տոկոսը։ Այս միջակայքը բավականին լայն է, քանի որ խնդիրը հաճախ կարող է մնալ չախտորոշված կամ սխալ ախտորոշվել։

Որո՞նք են դիսգրաֆիայի նշանները

Դիսգրաֆիա ունեցող մարդը կարող է խոսել հեշտ ու սահուն, բայց գրելուց՝ դժվարանալ։ Ինչպիսի՞ բարդություններ է ունենում դիսգրաֆիա ունեցող մարդը․

  • տառերի ձևավորման և գրի ընթեռնելիության հետ կապված,
  • տառերի չափի և դրանց միջև տարածության,
  • ուղղագրության,
  • մանր մոտորիկայի համակարգման,
  • գրելու արագության,
  • քերականության,
  • գրավոր շարադրանքի կազմության հետ կապված։

Դիսգրաֆիայի հնարավոր դրսևորումներից են նաև ուղիղ գծով գրելու դժվարությունը, գրիչը ճիշտ պահելու և կառավարելու խնդիրը, տառերը հայելային ձևով գրելը, տառերի ձևը հիշելու դժվարությունը, մեծատառերի և փոքրատառերի ճիշտ կիրառման խնդիրը։

Երեխան կարող է նաև դժվարությամբ կազմել քերականորեն և կետադրական առումով ճիշտ նախադասություններ, նախադասությունից բաց թողնել բառեր, սխալ դասավորել բառերը կամ սխալ օգտագործել բայերն ու դերանունները։

Միայն այս նշաններից որևէ մեկի առկայությունը դեռ չի նշանակում, որ երեխան դիսգրաֆիա ունի։ Սակայն եթե երեխան իր տարիքին համապատասխան գրելու  հիմնականհմտությունները սովորելու ակնհայտ դժվարություններ ունի, մասնագետի գնահատումը կարող է օգնել հասկանալու խնդրի պատճառը։

Ինչո՞վ է պայմանավորված դիսգրաֆիան

Զարգացման դիսգրաֆիայի հստակ պատճառները գիտնականներին և նյարդաբաններին դեռևս ամբողջությամբ հայտնի չեն։

Գրելը բարդ գործընթաց է, որում ներգրավված են ուղեղի տարբեր հատվածներ։ Միաժամանակ նկատվում է նաև գենետիկ կապ․ դիսգրաֆիան հաճախ հանդիպում է նույն ընտանիքի մի քանի անդամների մոտ։

Ինչպե՞ս է ախտորոշվում դիսգրաֆիան

Դիսգրաֆիան ախտորոշելը կարող է բարդ լինել։ Թեև այն ներառվում է «ուսուցման յուրահատուկ խանգարում» կատեգորիայի մեջ, սակայն այն չի սահմանվում որպես առանձին խանգարում և չունի  ախտորոշման հատուկ չափանիշներ։

Գնահատման ընթացքում մասնագետները հաշվի են առնում երեխայի ուսուցման ուժեղ և թույլ կողմերը, կրթական պատմությունը, գրելու դժվարությունների չափն ու բնույթը, ինչպես նաև այն, թե որքանով են նպատակային ուսուցումն ու աջակցությունն ազդել երեխայի առաջադիմության վրա։

Ախտորոշման գործընթացում կարող է ներգրավվել մասնագետների թիմ՝ որտեղ ներառված են թերապևտը, զարգացման մանկաբույժը, լոգոպեդը, նյարդաբանն ու հոգեբանը։

Ո՞ր տարիքում է պետք հետազոտել երեխային

Ուսուցման առանձնահատկությունների դեպքում վաղ գնահատումը սովորաբար ավելի արդյունավետ է։ Դիսգրաֆիայի նշանները կարող են ի հայտ գալ արդեն մոտ 5 տարեկանում, թեև որոշ երեխաների մոտ դրանք կարող են նկատվել ավելի ուշ՝ նույնիսկ երիտասարդ հասակում։

Քանի որ դպրոցում գրելու պահանջները տարիքի հետ ավելանում են, կարևոր է հնարավորինս վաղ բացահայտել խնդիրը և համապատասխան աջակցություն ցուցաբերել երեխային։ Միևնույն ժամանակ ախտորոշման և աջակցության համար երբեք ուշ չէ։

Ինչպե՞ս է բուժվում կամ կառավարվում դիսգրաֆիան

Դիսգրաֆիայի դեպքում բուժումը անհատական է, քանի որ դրա դրսևորումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են։

Ներկայում դիսգրաֆիան բուժող դեղորայք չկա։ Փոխարենը կիրառվում են կրթական և օժանդակ միջամտություններ, որոնք օգնում են երեխային սովորել գրելու արդյունավետ նոր եղանակներ։

Առաջիկայում մանրամասն կանդրադառնանք այդ միջամտություններին՝ մասնագետի հետ զրույցի միջոցով։

Ամենևին էլ չի նշանակում, որ դիսգրաֆիա ունեցող երեխան ծույլ է կամ պակաս խելացի

Չախտորոշված դիսգրաֆիան կարող է լուրջ դժվարություններ առաջացնել երեխայի դպրոցական առաջադիմության հարցում։

Գրելը կարևոր ակադեմիական հմտություն է և կապված է ընդհանուր ուսումնական հաջողությունների հետ։ Սակայն գրելու դժվարություն ունեցող երեխաներին երբեմն սխալմամբ անվանում են «անփույթ» կամ «ծույլ»՝ չհասկանալով, որ նրանք ունեն ուսուցման հետ կապված խանգարում։ Դրա հետևանքով երեխան կարող է կորցնել ինքնավստահությունը կամ մտածել, թե բավականաչափ խելացի չէ։ Ընտանիքի և ուսուցիչների գրագետ աջակցությունը կարևոր դեր ունի այս դժվարությունները հաղթահարելու գործում։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նյութի հիմնական աղբյուր՝ Cleveland Clinic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել