Նուբարաշենի աղբավայր տեղափոխված աղբը տեսակավորված չէ, հետևաբար աղբում առկա ապակիների պատճառով՝ արևի ճառագայթների ներքո առաջանում է ծխեցում, ինչը որոշ դեպքերում վերածվում է հրդեհի։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից, սակայն ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տեղեկատվության համաձայն Նուբարաշենի աղբավայրում 2015թ.-ից մինչեւ 2017թ. ներառյալ գրանցվել է ընդամենը 1 հրդեհի դեպք, իսկ 2018թ.-ից մինչև 2026թ. առաջին կիսամյակը՝ 303 դեպք:
«Նուբարաշենի աղբավայրում 2015թ. բռնկվել է 1 հրդեհ, 2016` 0, 2017թ` 0, 2018թ.՝ 5, 2019թ.՝ 22, 2020թ.՝ 47, 2021թ.՝ 17, 2022թ.՝ 5, 2023թ.՝ 24, 2024թ.՝ 78, 2025թ.՝ 97, իսկ 2026թ. առաջին կիսամյակում՝ 8»,-տեղեկացրել են ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից:
ՆԳ նախարարության հակասող տվյալները
Կարդացեք նաև
Ի դեպ՝ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար վարչությունից էլ պատասխանելով նույն հարցին, թե 2015թ. մինչև 2026թ. առաջին կիսամյակը քանի անգամ է հրդեհ բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, տրամադրել են վերոնշյալ տեղեկատվությանը հակասող պատասխան. «Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում առկա աղբավայրում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվել է 2024թ. հունվար ամսից մինչև 2026թ. հունիս ամիսը. 2024թ.՝ 85 հրդեհ, 2025թ.՝ 113 հրդեհ, 2026թ. հունիսը ներառյալ՝ 6 հրդեհ:»,-գրված է գրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի ամիսների լռությունը
Նախքան ՆԳՆ դիմելը փորձել էինք Նուբարաշենի աղբավայրի հետ կապված հարցերի պատասխաններն ստանալ Երևանի քաղաքապետարանից: Սակայն մոտ երկու ամիս հարցերը մնացել էին անպատասխան: Այնուհետև գրությամբ պատասխանեցին, որ աղբավայրում բռնկված հրդեհների վերաբերյալ աշխատակազմի բնապահպանության վարչությունում տեղեկատվություն առկա չէ, քանի որ նախկինում աղբավայրը շահագործվել է մասնավոր ընկերության կողմից, իսկ հրդեհներն արձանագրվել են նախկին ԱԻՆ-ի կողմից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հրդեհները կանխելու համար, արձագանքել են, որ տարածքի սպասարկումը վերապահված է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՀՈԱԿ-ին և տրամադրել ՀՈԱԿ-ից ստացված տեղեկատվությունը. «Աղբավայրում թափոնների թաղման միջին և առավելագույն խորությունը կազմում է երկու մետր, թափված աղբը ծածկվում է 50-60 սմ հողային շերտով։ Գործում է 24-ժամյա ինտերնետային կապով հսկողություն ամբողջ աղբավայրի տարածքում։ Տեղադրվել են թվով 45 հենասյուներ երկկողմանի լուսատուներով, ինչպես նաև տեղադրվել է թվով երկու ուղեփակոց, որն ապահովում է մեքենաների մուտքն ու ելքը և հսկվում տեսախցիկներով։ Աղբավայրում 24-ժամյա հսկողությամբ իրականացվող աշխատանքները կարգավորվում են 11 հսկիչների և 4 օպերատորների միջոցով»,-պատասխանել են քաղաքապետարանից ու հավելել, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել աղբավերամշակման գործարան, որը կչեզոքացնի հրդեհների առաջացումը։
ՄԻՊ-ի կողմից փաստերի խեղաթյուրումը
Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցումը ավելի քան մեկ ամիս անպատասխան մնալուց հետո դիմում-բողոք ուղարկեցի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ):
Մայիսի 6-ին քաղաքապետարան ուղարկված հարցման խնդրով հունիսի 17-ին ՄԻՊ-ին խնդրեցի արձագանքել ու պարտավորեցնել քաղաքապետարանին տրամադրել պատասխան: Քաղաքապետարանը հարցերի պատասխանն ուղարկեց հուլիսի 2-ին: Դրանից հետո ՄԻՊ աշխատակազմից երկու անգամ զանգեցին ինձ ու խնդրեցին դիմում գրել՝ բողոքն անհետևանք թողնելու համար, ինչը ես չարեցի:
Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության իրավախորհրդատու Հռիփսիմե Անթառանյանը, հուլիսի 17-ին, ի պատասխան իմ բողոքի, տրամադրեց տեղեկանք, որում, խեղաթյուրելով փաստերը, ներառեց կեղծ տեղեկություն՝ գրելով, թե ես իբր խնդրել եմ անհետևանք թողնել 2026թ. հունիսի 17-ին Պաշտպանին ուղղված իմ բողոքը. «Սույն թվականի հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Ն. Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ օրեր առաջ ստացել է Երևանի քաղաքապետարանի հասցեագրած դիմումի պատասխանը, հետևաբար խնդրել է իր 2026թ. հունիսի 17-ին Պաշտպանին ներկայացրած դիմումը թողնել անհետևանք»:
Մինչդեռ հենց ՄԻՊ աշխատակից Հռիփսիմե Անթառանյանն է երկու անգամ զանգահարել ինձ, ճշտել քաղաքապետարանից պատասխանն ուշացումով ստանալու փաստը և համառորեն պնդել, որ դիմում գրեմ՝ իբր ուզում եմ անհետևանք թողնել ՄԻՊ-ին ուղղված իմ բողոքը, ինչը, կրկին նշեմ, չեմ արել: ՄԻՊ ներկայացուցչի վերջին զանգը եղել է հուլիսի 15-ին. առկա է հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նա ասում է. «Քանի որ այսօր վերջին օրն է Ձեր գործի, դրա համար եմ ուզում մի հատ էլ հիշացնեմ, որ գոնե էսօր ուղարկեք: Ընդամենը մի տող պետք է գրեք. գրում եք ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ «խնդրում եմ անհետևանք թողնել Ձեզ նախորդիվ ներկայացված դիմումս»: Կարաք նույնսիկ գրիչով թղթի վրա գրեք, ստորագրեք, մեր մեյլին ուղարկեք, մեր մեյլը կարող եմ «sms»-ով ուղարկել»:
Այս գործելաոճը հարցեր է առաջացնում կառույցի անաչառության վերաբերյալ: Հայաստանում ՄԻՊ-ի գործունեությունը միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը, թե՞ պետական կառույցների ու պաշտոնյաների իրավախախտումների վրա աչք փակելուն:
Ընդգծեմ, որ ՄԻՊ պաշտոնական կայքում հստակ սահմանված է. «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը»: Ավելին՝ շեշտված է, որ Պաշտպանը նպաստում է նաև խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:
ՇՄՆ-ն տեղեկություն չունի աղբավայրի հրդեհների էկոլոգիական հետևանքների մասին
Անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդրին, ընդգծենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ հետաքրքրվել էինք, թե որո՞նք են 2018թ մինչեւ 2026թ հունիս ամիսը ներառյալ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհների էկոլոգիական հետևանքները, նշված տարիներին Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշների ի՞նչ աճ է գրանցվել, ո՞ր տարիներին է արձանագրվել նորմայից բարձր աղտոտվածություն և որո՞նք են եղել հրդեհների պատճառները։ Սակայն այս հարցերի վերաբերյալ նախարարությունից տվել են հակիրճ պատասխան. «Մթնոլորտային օդի որակի պետական մոնիթորինգի դիտացանցում ներառված դիտակայանները նախատեսված են բնակավայրերի մթնոլորտային օդի ընդհանուր վիճակի գնահատման համար և հնարավորություն չեն տալիս գնահատել մասնակի արտանետման աղբյուրների (այդ թվում՝ Նուբարաշենի աղբավայրի) ազդեցությունը։ Դիտակայանների կողմից գրանցվող տվյալները ձևավորվում են տվյալ տարածքում առկա տարբեր աղտոտման աղբյուրների համակցված ազդեցության արդյունքում»։
Չնայած այս պատասխանին՝ նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, օրինակ, Նուբարաշենի աղբավայրի վերջին խոշոր հրդեհի օրերին, որը բռնկվել էր 2025թ. հոկտեմբերի 9-ին, հաղորդագրություններով տեղեկացնում էր օդի որակի փոփոխությունների մասին. «Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ»,-գրել էին հաղորդագրության մեջ:
Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը նույնպես այդ օրերին քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնում էր օդի աղտոտվածության ցուցանիշների մասին, հոկտեմբերի 11-ի ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր. «Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում: Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է»,-գրել էր նա ու հավելել, որ շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


















































