Անհերքելի է, որ ցանկացած երկրաբնակ՝ անկախ սեռից, ազգությունից, դավանանքից, մոլորակի՝ մեր ընդհանուր տան վերաբերյալ ճշգրիտ գիտական որոշակի տեղեկատվության պետք է տիրապետի։ Դա հատկապես կարևորվում է, քանզի մեր ժամանակներում քիչ չեն հաճախ չճշտված, սենսացիոն բնույթի տեղեկույթ տարածողները․․․
Այսպես, թեև հաճախ ասվում է՝ Երկիրը գնդաձև է, դա լիովին ճիշտ չէ։ Մեր մոլորակը բևեռներում սեղմված է և սեփական առանցքի շուրջ պտտվելուց առաջացած կենտրոնախույս ուժի ազդեցությամբ հասարակածում մի փոքր ուռուցիկ է։ Այդ պատճառով Երկրի հասարակածային շառավիղը մոտ 21 կիլոմետրով ավելի մեծ է, քան բևեռայինը։ Ընդհանրապես երկրաչափության մեջ այդ ձևն անվանում են էլիպսոիդ կամ սֆերոիդ՝ գնդոլորտ։
Երկիրն ունի անհարթ մակերևույթ ու նրա ձևն ավելի է բարդանում լեռների և օվկիանոսային իջվածքների պատճառով։ Երկիր մոլորակի տարբեր կետերում զանգվածի անհամաչափ բաշխման պատճառով ձգողականության ուժը տարբեր է։
Եթե ընդհանրացրած ձևով ներկայացնենք՝ Երկիրը կատարյալ գունդ չէ, այլ բևեռներում սեղմված և անհարթ մակերևույթով յուրահատուկ մարմին է, որին հաճախ անվանում են գեոիդ։ Այդ բառը հունարենից թարգմանաբար կնշանակի երկրանման (երկրատեսակ)։ Կարելի է սահմանել, որ գեոիդը Երկրի այն վիրտուալ, ֆիզիկական մոդելն է, որը ցույց է տալիս մեր մոլորակի իրական ձևը՝ հաշվի առնելով ձգողականության ուժի ազդեցությունը։
Կարդացեք նաև
Իսկ ինչպես կարելի է պատկերացնել գեոիդը։ Նախ ենթադրենք մոլորակի ամբողջ մակերևույթը պատված է ջրով (իրականում նրա մոտ 71 տոկոսն է պատված ջրով)։ Եթե ցամաքները չլինեին, ապա Համաշխարհային օվկիանոսը հանգիստ վիճակում կտարածվեր ամբողջ մոլորակով (չկան քամիներ և մակընթացություն ու հոսանքներ)։
Քանի որ մոլորակի ընդերքում հանածոները, ապարները հավասարաչափ չեն բաշխված, ուստի տարբեր վայրերում ձգողականության ուժը տարբեր կլինի և ավելի խիտ ու ծանր ընդերքով տիրույթներում ջուրը ավելի ուժեղ կձգվի դեպի կենտրոն՝ առաջացնելով յուրատիպ «փոսեր»։ Ավելի թույլ ձգողականության տեղամասերում ընդհակառակը կառաջանա «ուռուցիկություններ»։ Հիմա մտովին շարունակենք այդ ջրային մակերևույթը ցամաքի «տակով» և թույլ տանք, որ օվկիանոսի ջուրը հոսի դրանցով։ Առաջացած ընդհանուր մակերևույթը կլինի գեոիդը․․․
Ի դեպ, գեոիդի մակերևույթի ցանկացած կետում ծանրության ուժը (ուղղալարը) միշտ ուղղահայաց է այդ մակերեսին։ Երբ որ ասում են այս կամ այն քաղաքը, բնակավայրը ծովի մակարդակից բարձր է՝ օրինակ, Շուշին բարձր է մոտ 1500 մետր, Ջերմուկը՝ 2080 մետր, ապա դա հաշվարկվում է գեոիդի մակերևույթից։ Նաև ասենք, որ գեոիդի ճշգրիտ մոդելն է օգտագործվում ինչպես տիեզերական թռիչքների, քարտեզագրության, այնպես էլ GPS նավիգացիայի դեպքում։
Կան Երկիր մոլորակը բնութագրող այնպիսի թվեր ու հաստատուններ, որոնք մարդը պետք է իմանա։ Այսպես՝ Երկրի միջին շառավիղը՝ 6371 կմ է, իսկ նրա հասարակածային տրամագիծը՝ 12756 կմ է։
Մեր մոլորակի մակերևույթի ընդհանուր մակերեսը մոտ 510 միլիոն քառակուսի կիլոմետր է, որից 361 միլիոն քառկմ-ն ջուրն է զբաղեցնում, իսկ 149 միլիոն քառկմ-ն՝ ցամաքի մակերեսն է։
Երկրի ծավալը 1 տրիլիոն խորանարդ կիլոմետր է, զանգվածը՝ 5,97․1024 կգ։
Ամենաբարձր ցամաքային կետը՝ Էվերեստ լեռ՝ 8848 մետր։
Ամենախոր օվկիանոսային կետը՝ Մարիանյան իջվածք՝ 11034 մետր։
Հետազոտությունները հաստատում են, որ ժամանակի ընթացքում Երկիրը դառնում է ավելի կլոր՝ պակաս սեղմված բևեռներում։ Իսկ ինչի շնորհիվ է դա տեղի ունենում։ Բանն այն է, որ մեծ արագությամբ հալվում են Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցները, որի հետևանքով բևեռային շրջաններում Երկրի կեղևը դանդաղ բարձրանում է վեր (տարվա ընթացքում մոտ 1 մմ)։
Դրան նպաստում են նաև տեկտոնական շարժումները և երկրաշարժերը։ Պարզվում է, որ տեկտոնական սալերը տարեկան մի քանի սանտիմետրով տեղաշարժվում են, որի պատճառով փոխվում է լեռների բարձրությունը։ Ուժեղ երկրաշարժերի դեպքում՝ Սումատրայի՝ 2004թ․, Ճապոնիայի՝ 2011թ․, տեղի է ունենում երկրակեղևի զանգվածի ակնթարթային վերաբաշխում, որը ևս նպաստում է դրան։ Երկրի ձևի փոփոխությունը նաև ամենօրյա ռեժիմով է տեղի ունենում։ Բանն այն է, որ Լուսնի և Արեգակի ձգողության հետևանքով փոխվում է ոչ միայն օվկիանոսի ջրի մակարդակը (մակընթացություն և տեղատվություն), այլև մոլորակի կարծր կեղևը օրական երկու անգամ, «բարձրանում և իջնում է» մոտ 30-40 սմ-ով։
Մարդու արդյունաբերական գործունեության շնորհիվ ևս փոփոխության է ենթարկվում Երկրի ձևը, ընդ որում՝ թե նրա ֆիզիկական մակերևույթը, թե գրավիտացիոն ձևը և թե պտտման առանցքը։ Սառցադաշտերի հալմամբ պայմանավորված փոփոխությունների մասին նշվեց, բայց պարզվում է, որ մարդիկ մոլորակի ընդերքից այնքան շատ խմելու և ոռոգման ջուր են հանում (մոտ 2150 գիգատոննա), որ դրա հետևանքով փոխվել է մոլորակի զանգվածի բաշխվածությունը։ Արդյունքում վերջին տասնամյակների ընթացքում մոլորակի պտտման առանցքը դեպի արևելք է շեղվել մոտ 80 սմ-ով․․․
Հախուռն կերպով տեղի է ունենում լանդշաֆտի ֆիզիկական վերաձևում։ Այժմ մարդկությունը տարեկան ավելի շատ հող, քար և ապար է տեղաշարժում, քան երկրագնդի բոլոր գետերը միասին վերցրած (հողի էրոզիայի միջոցով)։
Երկրաբանների տվյալներով՝ 2000-ականներին տարեկան տեղափոխվում էր մոտ 35-45 միլիարդ տոննա ապարներ ու հող։ Այդ թիվը այժմ կազմում է ավելի քան 316 միլիարդ տոննա։ Կարելի է ենթադրել, որ սա հիմնականում պայմանավորված է հսկայածավալ շինարարությամբ և ուրբանիզացիայի բումով։ Միայն բետոնի արտադրության համար տարեկան օգտագործվում է միլիարդավոր տոննա հումք։ Անկասկած աճում են նաև հանքարդյունաբերության ծավալները։
Գիտնականները ահազանգում են, որ մարդկային գործունեության շնորհիվ (ամբարտակներ, աղտոտում, չափից ավելի ջրառ և այլն) ուղղակիորեն փոխվել է աշխարհի գետերի ավելի քան կեսի բնական հունն ու էկոհամակարգը։
Արբանյակային դիտումներով հաստատված է, որ աշխարհի խոշոր լճերի ու ջրամբարների ավելի քան 53 տոկոսը վերջին 30 տարում զգալիորեն կրճատվել ու դատարկվել է։ Արալյան ծովի ողբերգությունը մարդածին ամենամեծ էկոլոգիական աղետներից է։ ԽՍՀՄ տարիներին գետերի ջրերը բամբակի դաշտեր ուղղելու պատճառով երբեմնի աշխարհի 4-րդ ամենամեծ լիճը կորցրեց իր ջրի ծավալի մոտ 80 տոկոսը՝ վերածվելով աղի անապատի։ Մեռյալ ծովը տարեկան ավելի քան 1 մետրով իջնում է, իսկ Չադ լիճը վերջին 50 տարում փոքրացել է 90 տոկոսով։
Աշխարհի «թոքեր» համարվող Ամազոնի անտառների ավելի քան 17 տոկոսը վերջին 50 տարում ոչնչացվել է ու դա տեղի է ունեցել հիմնականում անասնապահական ֆերմաներ ու ճանապարհներ կառուցելու պատճառով։
Երկրի վրա ապրող քաղաքակրթության հիմնախնդիրն առաջիկա տարիներին կլինի մոլորակի տարբեր ոլորտներին հասցրած «վերքերի ապաքինումը» և այն ոչ միայն ապրող, այլ գալիք սերունդների համար հարմարավետ դարձնելը։
Կամո ԱԹԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2026



















































