«Եկանք այն եզրակացության, որ ԹՐԻՓՓ-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական, ոչ թե տնտեսական նախագիծ է։ Մենք նաև հաշվեցինք, թե ինչ գումար կարող է ՀՀ-ն վաստակել, եթե ընդհանուր ապաշրջափակում տեղի ունենա Հարավային Կովկասում։ Եթե իրագործվի միայն ԹՐԻՓՓ-ը, ՀՀ-ի շահը կլինի տարեկան 23 միլիոն դոլար, որը մեծ թիվ չէ, եթե ընդհանուր ապաշրջափակում տեղի ունենա, մինչև 388 միլիոն դոլար կլինի տարեկան կտրվածքով։ Եթե համեմատում ենք Ադրբեջանի հետ, ապա եթե միայն ԹՐԻՓՓ-ը գործի, այդ դեպքում Ադրբեջանի շահը կլինի տարեկան 230 միլիոն դոլար, ընդհանուր ապաշրջափակման դեպքում տարեկան 329 միլիոն դոլար։ Տարբերությունը մեծ չէ»,- ԱՊՐԻ Արմենիայի նախաձեռնությամբ անցկացված «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով իրենց հետազոտությունների և պատրաստած զեկույցի արդյունքները՝ ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակման և միայն ԹՐԻՓՓ-ի իրականացման դեպքում ստացած օգուտների տարբերությունը մեծ չէ, իսկ մեզ համար էականորեն տարբերվում է․ «Միայն ԹՐԻՓՓ-ը բավարար չէ Հարավային Կովկասի համար, և Հայաստանին կարևոր է ստանալ ելքեր դեպի Միջերկրական և Պարսից ծով։ Եթե խոսում ենք դիվերսիֆիկացիայի քաղաքականության մասին, այդ դեպքում անհրաժեշտ է բացել այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեռ այսօր օրակարգում չկա։ Նախաստորագրված պայմանագրում https://www.aravot.am/2025/08/11/1504496/ կա փոխադարձ առավելությունների մասին բառակապակցությունը, որը նշանակում է՝ եթե ԹՐԻՓՓ-ը տեղի է ունենում, այլ ճանապարհներն էլ պետք է բացվեն։ Այս ուղղությամբ լուրջ քայլեր, քաղաքական որոշումներ չենք տեսնում։ Եթե բոլոր կողմերը շահագրգռված են խաղաղությամբ, որ ապաշրջափակում տեղի ունենա, ինչո՞ւ ենք միայն կենտրոնացել ԹՐԻՓՓ-ի շուրջ։ Կան տարածաշրջանային այլ ճանապարհներ՝ երկաթգծի ենթակառուցվածքը, որը կարող ենք հենց հիմա օգտագործել և չսպասել, որ ԹՐԻՓՓ-ը տեղի ունենա, և բոլորը կշահեն դրանից։ Սա էլ հենց բերում է մեզ այն եզրահանգման, որ ԹՐԻՓՓ-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է, ոչ թե տնտեսական»։
https://www.youtube.com/watch?v=LRp6aLlC5wc
Կարդացեք նաև
Ըստ Սերգեյ Մելքոնյանի՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված իրանական փորձագետների մտահոգությունները դեռ պահպանվում են․ «Դրանք կապված են նաև ուղղակի Հայաստան-Իրան կապի հետ, որն Իրանի համար ունի կենսական նշանակություն՝ որպես ելք դեպի Սև ծով և Եվրոպա և որպես այլընտրանք դեպի ՌԴ, որ Իրանը լիովին կախված չլինի Թուրքիայից ու Ադրբեջանից։ Մտահոգված են ԱՄՆ հնարավոր ներկայությամբ, որը եթե նույնիսկ ռազմական չլինի, կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով։ Դա նշանակում է անվտանգության ոլորտում հնարավոր սպառնալիք։ Հիմնական խնդիրը նա է, որ դեռ չկան հստակ դետալներ՝ ինչ ձևաչափով է աշխատելու ամեն ինչ, հետևաբար հիմա Մերձավոր Արևելքի պետությունների արտաքին քաղաքականությունն ուղղակի կապված է անվտանգության հետ։ Եթե խոսքն ԱՄՆ ներկայության մասին է՝ անգամ ինչ-որ ընկերության փաթեթով, ապա Իրանը դա դիտում է անվտանգային տեսանկյունից»։
Իսկ թե Ռուսաստանն ինչ դիրքորոշում ունի ԹՐԻՓՓ-ի հետ կապված, Սերգեյ Մելքոնյանն ասաց․ «ՌԴ-ից ևս չենք լսում դրական հայտարարություններ։ ՌԴ-ն կարողացավ օգտագործել ԹՐԻՓՓ-ի մոմենտումը, երբ մենք ստացանք ուղղակի երկաթգծով կապ ՌԴ-ի հետ։ Այն, ինչ ռուս փորձագետները մեզ հետ կիսվում են, մոտավորապես այն մասին է, որ Ռուսաստանը դեռ վերջնական իր մոտեցումը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ չի հայտնել»։
Այն, որ ՀՀ-ից հնչում են խաղաղության հաստատման մասին https://www.aravot.am/2025/08/28/1507181/ հայտարարություններ, բայց Ադրբեջանը շարունակում է իր նույն հռետորաբանությունը՝ մասնավորապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, https://www.aravot.am/2026/07/21/1570068/ Սերգեյ Մելքոնյանն այս առիթով խոսեց իրանական կողմի տեսակետի մասին․ «Եթե նայենք հիմնական շահը՝ թույլ չտալ Ադրբեջանին ուժով բացել Զանգեզուրի միջանցքը, 2022-2023-ին մեկ պետություն կար, որը հայտարարում էր՝ դա կարմիր գիծ է և որ պատրաստ է պահել այդ գծերը, դա Իրանն է։ Երբ մենք տեսանք, որ Իրանը կարողացավ դիմադրել երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ին և Իսրայելին, հասկանալի է, որ նրա համար խնդիր չի լինի դիմադրել նաև Ադրբեջանին։ Այստեղ բնական շահերի համընկնման մասին է խոսքը, մենք դաշնակցային պարտավորություններ Իրանի հետ չունենք ։
«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» խորագրով մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































