Ermenihaber. Թուրքիայի Թուզլուջա քաղաքի քաղաքապետ Ահմեթ Սաիթ Սադրեթթին Թյուրքանը հանդիպել է Իգդիրից եկած մի խումբ լրագրողների հետ։ Լրագրողներն այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Հալքըշլա թուրքական գյուղ։ Քաղաքապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։
«Մենք այժմ գտնվում ենք Հայաստանի հետ զրոյական կետում։ Քարասու գետի մյուս կողմում հայկական տարածք է, իսկ այս կողմում՝ մեր հին գյուղ Հալըքըշլանը»։
Ընդգծելով, որ տարածաշրջանի ժողովուրդները միշտ կողմ են եղել խաղաղությանը, Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի ամուր համագործակցությունը օգուտ կբերի երկու կողմերին էլ:
«Մենք՝ որպես թուրք ժողովուրդ և տարածաշրջանի ժողովուրդ, մշտապես ցանկանում ենք խաղաղություն, եղբայրություն և անդորր։ Հավատում ենք, որ այս նոր դարաշրջանում Թուրքիայի հետ միասին ապրող բոլոր ժողովուրդներն ու պետությունները կհաղթեն»,- նշել է նա:
Կարդացեք նաև
Թյուրքանը հայտնել է, որ դրական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձներն ու որոշումները՝ նշելով, որ այդ քայլերը չափազանց կարևոր են տարածաշրջանում խաղաղ միջավայր ստեղծելու համար: Գնահատելով Արարատ լեռը որոշ պետական խորհրդանիշներից հեռացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ Թյուրքանը նշել է.
«Այս զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում: Ես Փաշինյանի միջնաժամկետ և երկարաժամկետ մոտեցումը համարում եմ հեռատես և շնորհավորում եմ նրան»:
Նշելով, որ Թուրքիայի կողմից կատարվել է մոտ 6 մլրդ դոլարի ներդրում, Թյուրքանն ասել է, որ եթե սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն, այդ ներդրումները նաև տնտեսական օգուտներ կբերեն Հայաստանի ժողովրդին։
«Սահմանի այս կողմում մեծ ներդրումներ են կատարվում: Ինչո՞ւ չպետք է մյուս կողմի մարդիկ նույնպես օգտվեն այս հնարավորություններից: Խաղաղությունն ու համագործակցությունը կապահովեն տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր զարգացումը»,-նշել է նա:
Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան սահմանի անվտանգային միջոցառումներին, Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը ուշադիր հսկում են սահմանը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր:
«Կեցցե՛ եղբայրությունը, կեցցե՛ գեղեցկությունը, կեցցե՛ տարածաշրջանի ժողովուրդների զարգացումը, առաջընթացը և խաղաղությունը: Ես հավատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ընդգծել է նա:


















































