ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
«Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Գերմանիայի Հալլե օդանավակայանի բեռնային հատվածում հայտնաբերվել է պայթուցիկ սարքով դրոն։ Նույն ժամանակահատվածում բեռնատար օդանավը բախվել է ենթադրյալ երկրորդ անհայտ թռչող օբյեկտի։ Գերմանիայի ներքին գործերի նախարարը կատարվածը որակել է որպես «վտանգի նոր մակարդակ» և հնարավոր հիբրիդային հարձակման փորձ։
Լայպցիգի Հալլեն Եվրոպայի խոշոր բեռնային օդանավակայաններից և ՆԱՏՕ-ի ռազմավարական փոխադրումների հանգույցներից է։ Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին կան ամերիկյան հետախուզական գնահատականներ, սակայն գերմանական քննությունը դեռ շարունակվում է, և որևէ պետության պատասխանատվությունը պաշտոնապես հաստատված չէ։ Հետևաբար առայժմ պետք է խոսել ոչ թե ապացուցված «ռուսական հարձակման», այլ պայթուցիկով դրոնի՝ հնարավոր հիբրիդային գործողության մասին։
Հիմա վերադառնանք մեր իրականություն։ Հայաստանի համար ինչպիսի՞ խոցելիություն բացահայտեց, կամ կարող է բացահայտել այս միջադեպը։
Կարդացեք նաև
Ժամանակակից դրոնը վաղուց այլևս միայն ռազմաճակատի սպառնալիք չէ։ Այն կարող է օգտագործվել օդանավակայանի աշխատանքը խափանելու, էներգետիկ օբյեկտ վնասելու, կապի հանգույց շարքից հանելու, վառելիքի կամ զինամթերքի պահեստում պայթյուն առաջացնելու, կարևոր օբյեկտի նկատմամբ հետախուզություն իրականացնելու կամ պարզապես պետության արձագանքման համակարգը փորձարկելու համար։
Հետևաբար, հակադրոնային պաշտպանությունը Հայաստանում պետք է ներառի ոչ միայն զինված ուժերի դիրքերը, այլև «Զվարթնոց», «Շիրակ» և մյուս օդանավակայանները, ատոմակայանը, հիդրոէլեկտրական ենթակայանները, ջրամբարներն ու հիդրոտեխնիկական կառույցները, կապի հանգույցներն ու պետական տվյալների կենտրոնները, վառելիքի և զինամթերքի պահեստները։
Ընդ որում, խնդիրը միայն դրոնը խոցող սարք ձեռք բերելը չէ։ Անհրաժեշտ է հայտնաբերման, ուղեկցման, նույնականացման, որոշման ընդունման, անվտանգ չեզոքացման, միջադեպի քննության և հետագա եզրակացությունների միասնական համակարգ։ Պետք է նախապես հստակ լինի՝ ո՞վ է հայտնաբերում, ո՞վ է գնահատում վտանգը, ո՞վ է փակում օդային տարածքը, ո՞վ է որոշում չեզոքացման եղանակը և ո՞վ է կրում վերջնական պատասխանատվությունը։
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրում ավելացրել է առանձին դրույթներ՝ անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ։
Այդ ծրագրի 102.22 կետով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սահմանի պաշտպանական միջոցառումների իրականացման կարգը։ Իսկ 102.23 կետով օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և օդային երթևեկության կառավարման մարմինները պետք է մշակեն ու Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն դրոնային ճգնաժամերի կառավարման պլաններ։
Ուրեմն, որևէ պատեհ առիթով, օրինակ՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ընդհանուր կամ հռետորական հարցերի փոխարեն կարող են հնչել բովանդակային և «չափելի» այսպիսի հարցեր․
Ո՞ր իրավական ակտով և ե՞րբ է հաստատվել հակադրոնային պաշտպանության իրականացման կարգը։
Հաստատվա՞ծ են «Զվարթնոց», «Շիրակ» և մյուս օդանավակայանների՝ դրոնային միջադեպերի ճգնաժամային կառավարման պլանները։
Ե՞րբ է անցկացվել վերջին միջգերատեսչական վարժանքը, ի՞նչ թերություններ են բացահայտվել և ո՞ր ժամկետում պետք է դրանք վերացվեն։
Խաղաղ պայմաններում պետական ո՞ր մարմինն է իրավասու որոշել վտանգավոր դրոնի չեզոքացման եղանակը։
Գոյություն ունի՞ ցածր բարձրությունների միասնական օդային պատկեր, որը համադրում է քաղաքացիական ավիացիայի, հակաօդային պաշտպանության, իրավապահ մարմինների և պաշտպանվող օբյեկտների տվյալները։
Համակարգը կարո՞ղ է հայտնաբերել ոչ միայն սովորական ռադիոկապով, այլև բջջային կապով կառավարվող կամ նախապես ծրագրավորված ինքնավար դրոնները։
Եթե մանրամասները գաղտնի են, կառավարությունը պատրա՞ստ է ԱԺ իրավասու հանձնաժողովում փակ լսումների ընթացքում ներկայացնել ոչ թե տեղակայման գաղտնի տվյալները, այլ համակարգերի առկայությունը, փորձարկված լինելը և պատրաստվածության գնահատականը։
Այս հարցերին հնարավոր չէ պատասխանել դատարկ կարգախոսներով։ Պետք է ներկայացնել իրավական ակտի համար, հաստատված պլանի ամսաթիվ, անցկացված վարժանքի արձանագրություն, պատասխանատու մարմին և կատարման ժամկետ։
Հենց այսպես՝ սեփական ընդունած որոշումների և չկատարած պարտավորությունների առաջ կանգնեցնելով՝ է պետք «նեղը գցել» իշխող ուժին։
Եթե փաստաթղթերը, պլաններն ու փորձարկված համակարգերը կան՝ թող ներկայացնեն դրանց գոյությունը։ Եթե չկան, ուրեմն հերթական անգամ գործ ունենք մի իշխանության հետ, որը անվտանգության մասին որոշումներ ընդունում է թղթի վրա, իսկ պետությունը թողնում է բախտի հույսին»։


















































