Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի խումբը զարգացող երկրների համար ներգրավել է աննախադեպ ծավալի մասնավոր կապիտալ՝ խթանելով աշխատատեղերի ստեղծումը

Սեպտեմբեր 17,2026 17:55 Share

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 սեպտեմբերի, 2026 թ. — 2026 ֆինանսական տարում Համաշխարհային բանկի խումբը (ՀԲԽ) մոբիլիզացրել է իր պատմության ընթացքում մասնավոր կապիտալի ամենամեծ ծավալը և տրամադրել երաշխիքների ռեկորդային ծավալ՝ իրականացնելով այն նպատակը, որի կարևորությունը բանկի բաժնետերերն ու գործընկերները տարիներ շարունակ ընդգծել են․ զարգացող տնտեսություններում Համաշխարհային բանկի խմբի սեփական ֆինանսավորման և փորձագիտական գիտելիքի հետ մեկտեղ գործի դնել ավելի մեծ ծավալի մասնավոր կապիտալ։

Վերջին չորս տարիների ընթացքում Համաշխարհային բանկի խմբի կողմից մոբիլիզացված մասնավոր կապիտալի ծավալն ավելացել է ավելի քան երեք անգամ՝ 2022 ֆինանսական տարվա 35 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 112 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ 2026 ֆինանսական տարում։ Խմբի սեփական ֆինանսավորման հետ միասին զարգացող տնտեսություններում տրամադրված և մոբիլիզացված ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2026 ֆինանսական տարում զգալիորեն գերազանցել է 200 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Այս աճն ունի ամուր հիմքեր։ Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում մոբիլիզացված մասնավոր կապիտալի ծավալը 2022 ֆինանսական տարվա 14 միլիարդ ԱՄՆ դոլարից 2026 ֆինանսական տարում հասել է 37 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ գրեթե եռապատկվելով։ Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում այն 12 միլիարդից աճել է մինչև 50 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ավելանալով ավելի քան չորս անգամ։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ մասնավոր կապիտալի ներգրավման պայմաններն առավել բարդ են, մոբիլիզացված մասնավոր կապիտալի ծավալը պահպանվել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի մակարդակում։ Աֆրիկայում այդ ցուցանիշը մոտ 9 միլիարդից հասել է 22 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ ավելանալով գրեթե 150 տոկոսով։

Այս արդյունքներն արտացոլում են վերջին երեք տարիներին Համաշխարհային բանկի խմբում իրականացված փոփոխությունները, որոնք նպատակ ունեն մասնավոր հատվածի հետ աշխատել առավել արդյունավետ՝ դառնալով ավելի արագ և պարզ գործող կառույց, ավելի սերտորեն համադրելով հաստատության պետական և մասնավոր հատվածների ուղղությամբ աշխատանքը և ընդլայնելով ներդրողներին հասանելի գործիքակազմը։ Յուրաքանչյուր երկրում մենք համախմբել ենք Համաշխարհային բանկի խմբի աշխատանքը՝ պետական և մասնավոր հատվածների հետ համագործակցության համար ստեղծելով շփման միասնական կետ, և սկսել ենք յուրաքանչյուր երկրի կարիքների ու զարգացման առաջնահերթությունների վրա հիմնված համապարփակ ռազմավարությունների մշակումը։

«Մասնավոր հատվածի ներդրումների լաբորատորիան» միացել և լրացրել է այս ջանքերը՝ օգնելով բացահայտել զարգացող տնտեսություններում ներդրումները խոչընդոտող գործնական սահմանափակումները և մշակել դրանց հաղթահարման գործողությունների ծրագիր։ Համաշխարհային բանկի խումբն այս օրակարգն առաջ է մղել ամբողջ հաստատության մակարդակով՝ բարելավելով գործարար և կարգավորող միջավայրը, ընդլայնելով երաշխիքներն ու տեղական արժույթով ֆինանսավորումը, լուծումներ առաջարկելով արտարժույթի հետ կապված մարտահրավերներին, ավելացնելով բաժնեմասնակցային ֆինանսավորման գործիքները և մշակելով նոր մոտեցումներ՝ ինստիտուցիոնալ ներդրողներին ավելի լայնածավալ մասնակցության հնարավորություն ընձեռելու համար։

Խումբը տրամադրել է ավելի քան 25 միլիարդ ԱՄՆ դոլարի երաշխիքներ՝ 2030 թվականի համար սահմանված տարեկան 20 միլիարդ ԱՄՆ դոլարի նպատակը գերազանցելով նախատեսված ժամկետից չորս տարի շուտ։ Այս աճի հիմնական շարժիչ ուժը Համաշխարհային բանկի խմբի «Երաշխիքների հարթակն է»։ 2024 թվականին ստեղծված այս հարթակը բանկի գործընկերներին և ներդրողներին ապահովում է ՀՄԽ տարբեր կառույցների երաշխիքային պրոդուկտներից օգտվելու միասնական և պարզեցված հնարավորություն։

«Երեք տարի առաջ մեր բաժնետերերն ու հաճախորդները հստակ ձևակերպեցին իրենց ակնկալիքըօգտագործել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսավորումն ու գիտելիքը՝ ավելի մեծ ծավալի մասնավոր կապիտալ մոբիլիզացնելու և մասնավոր հատվածի համար ավելի արդյունավետ գործընկեր դառնալու նպատակով։ Դրա համար մենք փոխեցինք մեր գործելակերպը՝ դառնալով ավելի արագ ու պարզ գործող և աշխատելով որպես Համաշխարհային բանկի միասնական խումբ»,— ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Աջայ Բանգան։ «Արդյունքում այս տարի մոբիլիզացրել ենք 112 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ավելի քան երեք անգամ գերազանցելով մեկնարկային ցուցանիշը։ Սակայն այս թիվը նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ կապիտալն ուղղվում է այնտեղ, որտեղ կարող է ստեղծել հնարավորություններ և աշխատատեղեր։ Առաջիկա աշխատանքը հենց սա է՝ շարունակել վերացնել խոչընդոտները, ընդլայնել ներդրողների շրջանակը և ավելի մեծ ծավալի կապիտալ ուղղել զարգացող տնտեսություններ»։

Աշխատատեղերի ստեղծումը Համաշխարհային բանկի խմբի առանցքային առաջնահերթությունն է։ Առաջիկա 10–15 տարիներին զարգացող տնտեսություններում աշխատունակ տարիքի կհասնի 1.2 միլիարդ երիտասարդ, մինչդեռ կանխատեսվում է, որ կստեղծվի ընդամենը շուրջ 420 միլիոն աշխատատեղ։ Այս տնտեսություններում յուրաքանչյուր տասը աշխատատեղից ինը ստեղծում է մասնավոր հատվածը։

Համաշխարհային բանկի խմբի՝ աշխատատեղերի ստեղծման ռազմավարությունը հիմնված է միմյանց փոխլրացնող երեք ուղղության վրա՝ ներդրումներ մարդկային և ֆիզիկական ենթակառուցվածքներում, բիզնեսի զարգացմանը նպաստող կարգավորող միջավայրի ձևավորում և աջակցություն մասնավոր հատվածի ընդլայնմանը։ Ռազմավարության թիրախում աշխատատեղերի ստեղծման մեծ ներուժ ունեցող հինգ ոլորտներն են, որտեղ այս հիմնարար պայմանները կարող են լայնածավալ ներդրումներ և զբաղվածություն ապահովել՝ ենթակառուցվածքներ և էներգետիկա, ագրոբիզնես, առողջապահություն, զբոսաշրջություն և ավելացված արժեք ստեղծող արտադրություն։

2026 ֆինանսական տարում ընդհանուր ֆինանսավորման՝ սեփական միջոցների և մոբիլիզացված կապիտալի 55 տոկոսն ուղղվել է աշխատատեղերի ստեղծման մեծ ներուժ ունեցող այս ոլորտներին՝ նպաստելով, որ առավել ամուր հիմքերն ու բարելավված քաղաքականությունները վերածվեն մասնավոր ներդրումների, բիզնեսի աճի և նոր աշխատատեղերի։

Այս կապիտալը չի կենտրոնանում միայն ներդրումների համար առավել մատչելի շուկաներում։ Մասնավոր ներդրումները հասնում են նաև ավելի ցածր եկամուտ ունեցող տնտեսություններ, որտեղ տարածաշրջանային և տեղական ներդրողները, լրացնելով համաշխարհային կապիտալը, ավելի ու ավելի մեծ դեր են ստանձնում բիզնեսների ֆինանսավորման և աշխատատեղերի ստեղծման գործում։

Այժմ Համաշխարհային բանկի խումբն աշխատում է արձանագրված առաջընթացը զարգացնելու ուղղությամբ՝ ընդլայնելով մասնակցության հնարավորություն ունեցող ներդրողների շրջանակը։ Ներդրումների ձևավորման և բաշխման՝ «ստեղծել և տարածել»(«originate-to-distribute» (O2D))  վարկավորման մոդելի մոտեցման միջոցով ՀԲԽ մշակում է ներդրումները փաթեթավորելու և ինստիտուցիոնալ ներդրողներին ավելի մեծ ծավալներով առաջարկելու մեխանիզմներ՝ աշխարհի երկարաժամկետ կապիտալի ավելի մեծ պաշարները կապելով զարգացող տնտեսություններում առկա հնարավորությունների հետ։

Նպատակը հստակ է՝ ավելի մեծ ծավալի կապիտալ մոբիլիզացնել ավելի բազմազան աղբյուրներից և դրա ավելի մեծ մասն ուղղել աշխատատեղերի ու տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել