Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական ՀԿ-ները մեղադրում են հայերին, թե երեխաներին սպանել են՝ օրգաններն օգտագործել․ լռությունը մեր դեմ է օգտագործվում»․ Աննա Մելիքյան

Սեպտեմբեր 14,2026 15:50 Share

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Աննա Մելիքյան

-Այսօր ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է Հայաստանի գործողությունները՝ ուղղված Կոնվենցիայի կատարմանն ու բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների ապահովմանը։ Ի՞նչ է սա ենթադրում։

-Հայաստանը վավերացրել է «Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան։ ՄԱԿ-ի ցանկացած կոնվենցիայի շրջանակներում պետությունները պարբերաբար մի քանի տարին մեկ զեկուցում են, թե ինչպես են կատարում իրենց պարտավորությունները։ Սեպտեմբերին Հայաստանի զեկուցման հերթն է եկել։ Սովորաբար կոնկրետ հարցեր են տրվում այդ կոնվենցիայի շրջանակներում, թե պետությունն այս կամ այն պարտավորությունն ինչպես է կատարում։ Հայաստանի մասով հիմնական հարցերը, որոնք կոմիտեն տվել է և որոնց շուրջ Հայաստանը պետք է զեկույց ներկայացնի, օրենքի ընդունման հետ են կապված՝ քրեականացման ու արդյունավետ քննության իրականացման՝ ի՞նչ է անում, ո՞նց է անում։ Այդ թվում՝ ոչ միայն պատերազմի համատեքստում տեղի ունեցած դեպքերի մասին է խոսքը, այլ նաև սովորական պայմաններում էլ, օրինակ, եթե անձին ձերբակալել են, բայց տվյալները չեն գրանցել, մարդու մասին ժամեր կամ օրեր շարունակ տեղեկություն չկա։

ՄԱԿ-ում ընթացակարգն այնպիսին է, որ ի լրումն պետության զեկույցի՝ ՀԿ-ները նույնպես կարող են այլընտրանքային զեկույցներ ներկայացնել, այսինքն՝ իրավիճակի մասին իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնել։ Ու դա բաց է աշխարհի բոլոր ՀԿ-ների համար, և այս դեպքում ադրբեջանցիները նույնպես, այսպես ասած, օգտվել են իրենց իրավունքից, և երկու կազմակերպություն զեկույցներ են ներկայացրել։ Իրենց հիմնական շեշտադրումը երկու զեկույցում էլ այն մասին է, որ հատկապես առաջին պատերազմի ժամանակ «հայերի կողմից մեծ թվով անձանց նկատմամբ հանցագործություններ են կատարվել, այդ թվում՝ նաև բռնի անհետացած անձանց նկատմամբ»։

Իրենք շուրջ 4000 անհայտ կորած ունեն, բայց ամեն անհայտ կորած չէ, որ բռնի անհետացման զոհ է, ուղղակի իրենք այդպես են նկարագրում։ Ու հիմնականում շեշտը դնում են երեխաների ու կանանց վրա։ Իրենք չեն ասում՝ այսքան մարդ է կորել, ու իրենց մասին մենք լուր չունենք, այլ ասում են, որ կորել են, որովհետեւ «հայերը երեխաներին սպանել են՝ օրգաններն օգտագործել, կանանց պահել են ճամբարներում, սեռական բռնության են ենթարկել» և այլն։

Այսինքն՝ նման մեղադրանքներ են ներկայացնում հայերին։ Ու ասում են՝ քանի որ Հայաստանի իշխանությունները քննություն չեն արել ու չեն հերքել դա, ուրեմն, փաստ է։

-Խոսքը Արցախյան առաջին պատերազմի մասի՞ն է։

-Այո, հիմնականում խոսքը գնում է առաջին պատերազմի մասին։

Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները պատշաճ արձագանք չեն տալիս Ադրբեջանի հանցագործություններին ու պատասխանատվության հարց չեն բարձրացնում, նրա՞նք են փորձում հայերին մեղադրել։

-Այս դեպքում լռությունը քո դեմ է օգտագործվում։ Քանի դեռ պաշտոնապես չես հերքում կամ քննություն չես իրականացնում, արդյունքում ստացվում է, որ իրենք կարող են շարունակել պնդել, որ այդ փաստը կարող է իրականություն լինել։ Եվ հիմա օգտագործում են այդ հնարավորությունը։

Ադրբեջանի կողմից գերեվարված եւ բռնի անհետացած հայ զինծառայողների մասին ի՞նչ տեղեկություններ ու փաստեր կան։ Եվ ինչպե՞ս պետք է այդ փաստերն օգտագործել։

-Այստեղ կարևոր է այն, որ Ադրբեջանն այդ կոնվենցիան չի վավերացրել։ Այսինքն՝ մի կողմից անընդհատ այդ հարցը բարձրացնում է, ասում է՝ խնդիր է, բայց որպեսզի ինքը պատասխանատվության չենթարկվի ու պարտավորություն չվերցնի, չի վավերացրել այդ կոնվենցիան։ Երկրորդ, այո, մենք առաջին պատերազմից էլ ունենք մեծ թվով անհայտ կորած անձանց մասին տեղեկություններ, բայց 44-օրյա պատերազմից ավելի հստակ է դա, որովհետև տեսանյութեր ունենք։ Այսինք՝ հստակ ապացույցներ ունենք, որ մի քանի տասնյակ հայեր ողջ են եղել, երբ որ հայտնվել են Ադրբեջանի զինծառայողների իշխանության ներքո։ Ու հենց այդ տեսանյութերը ադրբեջանցիներն են նկարահանել։ Իսկ դրանից հետո Ադրբեջանը ոչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, ոչ էլ ՄԱԿ-ի մեխանիզմներով տեղեկություններ չի հայտնել։

Երբ ընտանիքները փորձել են տեղեկություններ պարզել, Ադրբեջանն անընդհատ պնդել է, թե այդ անձանց վերաբերյալ որևէ ինֆորմացիա չունի, այսինքն՝ իր իշխանության ներքո չեն գտնվում և փաստորեն ոչինչ չի պատրաստվում անել, որպեսզի նրանց ճակատագիրը պարզի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրի։ Սա իրականում լրջագույն խնդիրն է, դրա համար ընտանիքները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, որպեսզի Հայաստանն ավելի ակտիվորեն ջանքեր գործադրի Ադրբեջանից նման տեղեկություններ ստանալու և անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու վերաբերյալ։

-Իսկ կա՞ Ադրբեջանին պարտավորեցնելու միջազգային մեխանիզմ, որպեսզի այդ տեղեկատվությունը տրամադրի։

-Սկզբում պետությունը, հետո ընտանիքներն առանձին գանգատներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն՝ բացի կոնվենցիոն ընդհանուր պարտավորություններից, նաև առանձին բողոքներ կան։ Բայց Ադրբեջանն ընդամենը ասում է՝ «ես չունեմ տեղեկություն, և վերջ»։ Այսինքն՝ եթե ես չունեմ տեղեկություն, որտեղի՞ց տամ այդ տեղեկությունը, և դրանով փակում է թեման։ Մենք պարբերաբար, դարձյալ ՄԱԿ-ի շրջանակներում, որոշ անձանց վերաբերյալ հայտեր ենք ներկայացրել, որ անհայտ կորած են, բռնի անհետացման զոհ են։ ՄԱԿ-ի այդ աշխատանքային խմբերն Ադրբեջանից 3-4 ամիսը մեկ պարբերաբար հարցնում են, ամեն անգամ նույնաբովանդակ պատասխան են ստանում, որ՝ տեղեկություն չունեմ, չգիտեմ, ու վերջ։ Եթե պետությունը չի տալիս ինֆորմացիա, որևէ մեկը չունի հասանելիություն այդ պետության տարածք, ոչ էլ կարող է գնալ ու գտնել անձանց, դրանց ավելի արդյունավետ լծակ այս պահին չկա։

Բայց «Խաղաղության պայմանագիրը» նախատեսում է մի դրույթ, որով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են հանձնաժողով ստեղծել կամ այլ մեխանիզմ, որի շրջանակներում երկու կողմն էլ կաշխատեն այն ուղղությամբ, որպեսզի պատերազմի համատեքստում անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզեն։ Մի կողմից սա նախատեսել են, մյուս կողմից, իրականում մենք պնդում ենք, որ պետք չէ սպասել այդ պայմանագրի ստորագրմանը, որ այդ հարցով զբաղվեք, որովհետև ամեն օրն այդ մարդկանց դեմ է աշխատում։ Պետք է օր առաջ այդ հարցերով զբաղվեն, չսպասեն պայմանագրի ստորագրմանը, եթե կարիք կա հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողով ստեղծեն, եթե կարիք կա առանձին աշխատել այդ ուղղությամբ, դա անեն։

-Բայց եթե անգամ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, Ադրբեջանը միտվա՞ծ է այդ ուղղությամբ աշխատանք տանելու, ի՞նչ եք նկատում։

Մենք ուղղակի կասկածում ենք, որ դա արդյունավետ կլինի, քանի որ, եթե ունի տեղեկություն, հիմա էլ պարտավոր կլիներ տալ։ Այսինքն՝ եթե մինչ օրս չի տվել, ասում է՝ չունեմ տեղեկություն, ո՞րտեղից է ստանալու այդ տեղեկությունը, եթե, իհարկե, դիտավորությամբ չի պահում դա։ Երկու դեպքում էլ խնդիր է։ Եթե դիտավորյալ թաքցնում է, շարունակաբար տառապանք է պատճառում ընտանիքներին՝ չհայտնելով, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։ Մյուս կողմից էլ, եթե հիմա չունի ինֆորմացիա, այդ հանձնաժողովի շրջանակներում էլ չի տալու որևէ բան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930