Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել․ ՀՀ կառավարությանը պարտավորեցրել՝ Հադրութի զորամասում մահացած զինծառայողի ընտանիքին վճարել 50,000 եվրո

Սեպտեմբեր 17,2026 12:50 Share

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Մարգարյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով քիչ առաջ հրապարակեց որոշումը։ 

ՄԻԵԴ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝  այս գործով առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների խախտում։ Որոշմամբ մասնավորապես ամրագրված է․ «Դիմողի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահվան հանգամանքների վերաբերյալ իրականացված քննությունը չի եղել բավարար և արդյունավետ։ Պետական մարմինները չեն ներկայացրել մահվան վերաբերյալ հավաստի և համոզիչ բացատրություն»։

Դիմումատուն Պերճ Մարգարյանն է, գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել 2017-ի հուլիսի 17-ին։ Այն վերաբերում է դիմումատուի որդու՝ Ա. Մարգարյանի մահվան հանգամանքներին։ Վերջինս 2013 թվականի դեկտեմբերին զորակոչվել էր ՀՀ Զինված ուժեր և նշանակվել ծառայության ԼՂՀ-ում՝ Շուշիում տեղակայված զորամասերից մեկում, 2014-ին իր զինվորական ծառայությունը շարունակել է Հադրութի զորամասում։

Մեկ տարի անց նրան հայտնաբերել են իր պահակակետին մոտ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործով քննությունը դադարեցվել է 2016 թվականի փետրվարին։ Նրա մահվան պաշտոնական պատճառաբանությունը եղել է ինքնասպանությունը, որը հիմնավորվել է, մասնավորապես, հետմահու հոգեբանական և հոգեբուժական եզրակացությամբ, որտեղ նշվել են նրա «տարօրինակ վարքագիծը» և «անձնական բարձր աստիճանի անհարմարվողականությունը»։

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ հոդվածի վրա (կյանքի իրավունքը)՝ նրա հայրը՝ Պերճ Մարգարյանը, գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ իր որդու մահվան և դրան հաջորդած քննության վերաբերյալ։ Նա, մասնավորապես, պնդում է, որ իշխանությունները չեն պարզել իր որդու մահվան հանգամանքները։

Հիմնվելով նաև ՄԻԵԿ 13-րդ հոդվածի վրա (արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը)՝ նա պնդում է, որ քննությունն արդյունավետ չի եղել, և որ Հայաստանի օրենսդրությամբ իր որդու կորստի համար փոխհատուցում պահանջելու հնարավորություն չի եղել։

Նշենք, որ դիմողը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել էր 50․000 եվրո։  ՀՀ կառավարությունը դիմողի պահանջը համարել էր չափազանցված։ Իր որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով տվյալ գործով արձանագրված խախտումները, դիմողի պահանջը բավարարել է։

ՄԻԵԴ որոշմամբ՝ ամրագրված է․ «Դատարանը վճռեց, որ պատասխանող պետությունը պարտավոր է վճռի՝ վերջնական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին վճարել 50.000 եվրո, ինչպես նաև դրա նկատմամբ կիրառելի ցանկացած հարկ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930