«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանին մեղադրեցին, թե նա գաղտնի տեղեկություններ է հավաքել եւ փոխանցել այլ երկրի։ Սակայն, ինչպես պնդում է նրա պաշտպանական թիմը, դատարան ուղարկված մեղադրանքում արդեն խոսք չկա տեղեկություններ հավաքելու մասին։ Այս հակասությունը մի շարք հարցեր է առաջացնում. եթե պետությունը սկզբում անձին վերագրում է գաղտնի տեղեկություններ հավաքելու գործողություն, ապա հետագայում դատարան է ներկայացվում այլ բովանդակությամբ մեղադրանք, ի՞նչ է տեղի ունենում նրա անձնական կյանքի եւ անձնական տվյալների հետ։
Որքանո՞վ կարող է պետությունը մտնել մարդու անձնական դաշտ, հավաքել կամ օգտագործել նրա մասին տեղեկություններ, եւ ի՞նչ երաշխիքներ պետք է ունենա մարդը՝ իմանալու, թե ինչ տվյալներ են իր վերաբերյալ հավաքագրվել եւ ինչ նպատակով են դրանք օգտագործվել։ Հենց այս հարցն էլ մեզ տարավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռներին՝ անձնական կյանքի, անձնական տվյալների եւ գաղտնի տեղեկությունների պետական հավաքագրման վերաբերյալ։
Իսկ եթե պետությունը ձեր մասին տվյալներ ունի, բայց դուք դրա մասին չգիտեք
ՄԻԵԴ-ում կա՞ն այս տարի որոշումներ, վճիռներ՝ կապված անձնական կյանքի նկատմամբ միջամտության և անձնական տվյալների պաշտպանության հետ։ Պարզվեց՝ կան բազմաթիվ վճիռներ։ Դրանց թվում են Բուլղարիայի, Իտալիայի և Լեհաստանի դեմ գործերը, որոնցում տարբեր իրավիճակներում քննարկվել է պետական մարմինների կողմից անձնական տեղեկատվության հավաքագրման, պահպանման կամ օգտագործման հարցը։
Կարդացեք նաև
2026 թվականին ՄԻԵԴ-ը մի շարք կարևոր վճիռներ է կայացրել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքի շրջանակում, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրման, պահպանման և պետական մարմինների կողմից գաղտնի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ։
Դատարանի ուշադրության կենտրոնում են եղել անձնական տվյալների հավաքագրումը, գաղտնի պահպանումը, պետական տվյալների բազաները, գաղտնի հսկողությունը, անձնական տեղեկատվության բացահայտումը, ինչպես նաև անձնական կյանքի նկատմամբ պետական միջամտության օրինականությունն ու համաչափությունը։
- Բուլղարիայի դեմ գործով՝ «Kanev and Bulgarian Helsinki Committee v. Bulgaria»
2021 թվականին Կրասիմիր Կանևը և «Բուլղարական Հելսինկյան կոմիտեն» դիմել էին Բուլղարիայի Պետական ազգային անվտանգության գործակալությանը՝ պարզելու, թե արդյոք իրենց վերաբերյալ հետախուզական տեղեկություններ են հավաքագրվել, կիրառվել են գաղտնի հսկողության միջոցներ կամ իրենց տվյալները պահպանվում են գործակալության շտեմարաններում։ Նրանք ցանկանում էին նաև պարզել՝ արդյոք կոմիտեի անդամներից կամ աշխատակիցներից որևէ մեկը ներգրավվել է որպես տեղեկատու կամ՝ «ազդարար»։
Գործակալությունը չէր հաստատել և չէր հերքել այդ տեղեկությունների առկայությունը՝ հղում անելով, մասնավորապես, պետական գաղտնիքին և ազգային անվտանգությանը։
ՄԻԵԴ-ի համար խնդիրը միայն այն չէր, թե արդյոք Կանևի նկատմամբ իրականում իրականացվել է գաղտնի հսկողություն։ Դատարանը գնահատեց նաև այն, թե արդյոք Բուլղարիայում գոյություն ունեին բավարար իրավական երաշխիքներ, որոնք անձին կպաշտպանեին հետախուզական մարմինների կողմից տվյալների հնարավոր կամայական կամ անօրինական հավաքագրումից, պահպանությունից և մշակումից։
Դատարանը գտավ, որ այդ երաշխիքները բավարար չեն եղել, և արձանագրեց Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում։
Այսպիսով, խախտման հիմքում դրվել էր գաղտնի հետախուզական գործունեության և տվյալների մշակման ոլորտում բավարար իրավական երաշխիքների բացակայությունը։
Վճիռը կայացվել է 2026 թ. ապրիլի 28-ին, իսկ վերջնական է դարձել հուլիսի 28-ին։ 8-րդ հոդվածի խախտումն արձանագրվել է 5 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Միաժամանակ դատարանն առանձին չի քննել 10-րդ և 11-րդ հոդվածներով քաղաքական կարծիքների կամ կապերի վերաբերյալ տվյալների հավաքագրման հարցերը, 10-րդ հոդվածով տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը և 13-րդ հոդվածով արդյունավետ պաշտպանության միջոցի հարցը, քանի որ 8-րդ հոդվածի խախտումը բավարար էր գործի լուծման համար։ ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ ոչ նյութական վնասի համար խախտման փաստի արձանագրումն ինքնին բավարար արդարացի հատուցում էր, իսկ Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեին շնորհվել է 205.56 եվրո՝ ծախսերի և ծախքերի համար։
- Իտալիայի դեմ գործով՝ «Grande Oriente d’Italia v. Italy» (Մեծ պալատ, 7 հուլիսի 2026 թ., № 29550/17)
Այստեղ խոսքը մասոնական կազմակերպության տարածքի խուզարկության և բազմաթիվ թղթային ու թվային փաստաթղթերի, այդ թվում՝ անդամների անունների և անձնական տվյալների ցուցակների առգրավման մասին էր։ Գործը ևս առնչվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանության հարցերին։
- Լեհաստանի դեմ գործով՝ «Şener v. Poland» (7 մայիսի 2026 թ., № 53371/18)
Այս գործը վերաբերում է անձի տվյալները հատուկ ռեգիստրներում գրանցելուն։ Լեհաստանի իշխանությունները Ադին Շեների տվյալները ներառել էին անցանկալի օտարերկրացիների ռեգիստրում և Schengen Information System (SIS) համակարգում։
Այդ գրանցումները նրա նկատմամբ հանգեցրել էին լուրջ սահմանափակումների, այդ թվում՝ երկրից արտաքսման հետևանքների։
Դիմողը՝ Ադին Շեները Թուրքիայի քաղաքացի էր։ Գործը կապված էր նրա՝ Լեհաստանում գտնվելու և իշխանությունների կողմից նրան անցանկալի օտարերկրացիների ռեգիստրում ներառելու հետ։ ՄԻԵԴ-ը քննել է նաև այն հարցը, թե այդպիսի գրանցումը որքանով է միջամտում անձի անձնական կյանքին՝ 8-րդ հոդվածի համատեքստում։
Այս գործով կարևոր հարցերից մեկն այն էր, որ անձի նկատմամբ կիրառված լուրջ սահմանափակումները հիմնված էին գաղտնի տեղեկատվության վրա, մինչդեռ անձը բավարար հնարավորություն չուներ ծանոթանալու այդ հիմքերին և արդյունավետորեն վիճարկելու դրանք։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2026


















































