Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկության սենյակում անձը զանգահարել է համայնքի ընտրողներից մեկին և վրդովվել, որ նա դեռևս չի մասնակցել քվեարկությանը, հորդորել է «դիմումը գրել» չներկայանալու դեպքում․ «Անկախ դիտորդ»

Սեպտեմբեր 27,2026 20:20 Share

Այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են իրականացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո համայնքներում, Արմավիրի մարզի՝ Ֆերիկ և Կոտայքի մարզի՝ Արզնի համայնքներում։

Լերմոնտովո, Արզնի և Ֆերիկ համայնքներում գործում է մեծամասնական ընտրակարգը․ քվեարկությունը իրականացվում է անհատ թեկնածուների օգտին։ Այս համայնքներում ավագանու անդամի ընտրություններ են։ Լերմոնտովո համայնքում ընտրում են նաև համայնքի ղեկավարին։ Այս ընտրություններին մասնակցում է միայն գործող համայնքապետը։
Մեծամասնական ընտրակարգով քվեարկությունը կատարվում է մեկ թվեաթերթիկի համապատասխան վանդակում գրիչով նշում կատարելով։

Թումանյան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է միայն Քաղաքացիական պայմանագիրը։ Ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքի ղեկավարը:

Մեկ թեկնածուի թվեարկության դեպքում կիրառվում է կողմ և դեմ քվեարկությունը, համապատասխանաբար ընտրվելու համար կուսակցությունը կամ համայնքի ղեկավարի թեկնածուն պետք է ստանա քվեարկությանը մասնակցածների քվեների կեսից ավելին՝ առանց ընտրողների մասնակցության նվազագույն շեմի պահանջի։

Լերմոնտովո համայնքում ավագանու 5 մանդատներին հավակնում են 5 թեկնածուներ, ինչը երաշխավորում է նրանց ընտրվելը նույնիսկ 1 քվե ստանալու պարագայում։ Նույնն է իրավիճակը նաև Ֆերիկ համայնքում՝ ավագանու անդամների ընտրություններին։
Արզնի համայնքի ավագանու 7 մանդատների համար մրցում են 17 թեկնածուներ, որոնցից միայն մեկն է կին։

Անկախ դիտորդ դաշինքը դիտարկել է այս համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախապատրաստական նիստը և քվեարկության սկիզբը․ ստորև ներկայացված են արձանագրված խնդիրները․

Արզնի համայնքում օգտագործվող թիվ 28 Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողովի կողմից հաստատված քվեաթերթիկը վտանգում է ընտրողի քվեարկության գաղտնիությունը՝ ծրարի կտրվածքից երևում են վերջին երկու թեկնածուների տողերը, համապատասխանաբար նաև նշում կատարելու հատվածը։ Թեպետ ընտրողի կողմից այս վտանգը կարող է չեզոքացվել՝ հակառակ կողմով քվեաթերթիկը դնելու կամ ծալելու միջոցով, քվեարկության գաղտնիության ապահովումը ընտրողի գործառույթը չէ, և ԸԸՀ-ի կողմից նման նմուշի քվեաթերթիկի հաստատումը առերևույթ պաշտոնեական անփութություն է։

Թումանյան համայնքի վարչական կենտրոն Թումանյան քաղաքի 24/1 տեղամասում արձանագրվել են երկու, համեմատությամբ առավել կոպիտ խախտում՝

ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը անհատական կնիքով չէր կնքում ընտրողներից ստացվող կտրոնների վրա,

վերադասությամբ պայմանավորված ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով քվեարկության սենյակում անձը զանգահարել է համայնքի ընտրողներից մեկին և վրդովվել, որ նա դեռևս չի մասնակցել քվեարկությանը, հորդորել է «դիմումը գրել» չներկայանալու դեպքում։

Հաշվի առնելով համայնքում միայն կողմ և դեմ քվեարկությունը, այդ խոսքերը միանշանակորեն հանդիսանում են քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Սա առնվազն քարոզչություն իրականացնելու խախտում է կամ ընտրողին հարկադրելու, աշխատանքային իրավունքները խախտելու փորձ։

Նույն տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի կանխել ընտրողի կողմից ոչ միտումնավոր իրականացվող բաց քվեարկությունը։

Հանձնաժողովի նիստը, բացառությամբ 1-ի, սկվել է 7։00-ին, նիստերը իրավազոր էին։ Դիտարկված 10 հանձնաժողովներից մեկի նախագահը, դիտորդի գնահատմամբ, չի տիրապետել իր գործառույթներին։

1 տեղամասում փոփոխվել են վիճակահանության արդյունքները՝ ազատ հերթափոխի վերաբաշխման նպատակով։ Թումանյան համայնքի 1 տեղամասում քվեարկության խցիկում չէին տեղադրվել 3-5 չօգտագործված քվեաթերթիկները։ Հարկ է նշել, որ ընտրողների կողմից քվեարկության կարգը չհասկանալու պատճառով քվեարկության 1 ժամվա ընթացքում արձանագրվել է բաց քվեարկության 2 փորձ։ Ոչ միշտ է հանձնաժողովը տեղադրել և՛ Քաղաքացիական պայմանագրի, և՛ «դեմ» քվեաթերթիկները։

Թումանյան քաղաքում արձանագրվել է ընտրողներին երթուղային տաքսիով տեղամաս բերելու դեպք։ Համայնքապետարանի աշխատակիցներից մեկի պարզաբանմամբ՝ Վանաձոր-Թումանյան երթուղային տաքսին ընտրողներին տեղափոխել է տեղամաս ընտրողների խնդրանքով, քանի որ թաղամասերից մեկը 4 կմ հեռու է ընտրատեղամասից։ Համայնքի ղեկավարից փորձեցինք ճշտել, արդյոք տեղափոխումը կազմակերպվել է համայնքի կողմից, թե ոչ, ինչին ի պատասխան համայնքի ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ դեպքից։

Այս դեպքով անհրաժեշտ ենք համարում նշել, որ ընտրությունների ընթացքում տեղամասային կենտրոնները պետք է տեղակայված լինեն այնպես, որ ապահովվի դրանց մատչելիությունը ընտրողների համար։

ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930