Աշխարհի տարբեր անկյուններում ապրող եւ ստեղծագործող 3 արվեստագետներ՝ Արման Թադեւոսյանը, Գագո Չթչյանը եւ Հերմինե Դեմիրոն, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացել են «Էդեն» համատեղ ցուցահանդեսով, որի համադրողն է Էմանուել Կոստեն։
Ֆրանսաբնակ արվեստագետ Արման Թադեւոսյանն ասում է, որ փորձել են ստեղծել մի տարածք՝ տեսանելիի ու անտեսանելիի, երազի ու իրականության միջեւ, ու այդ տարածքի անունը պայմանականորեն դրել են Էդեն: Ընդ որում, Գյումրու բարբառով Էդենում կա՝ «այստեղ-այնտեղ»-ի մասին իմաստը։ «Մեզնից մեկը Մեքսիկայից է, մյուսը՝ Ֆրանսիայից, երրորդը՝ երկար տարիներ Չեխիայում է ապրել եւ ստեղծագործել է… Տարիներ անց մեր միավորումն առաջին անգամ կայանում է հայրենիքում, թեեւ միասին արդեն չորրորդ ծանրակշիռ ցուցահանդեսն ենք իրականացնում, նախորդները Եվրոպայում էին՝ Ֆրանսիայում, Բելգիայում: Սակայն Հայաստանյան ցուցահանդեսը մեզ համար առանցքային է: Մեր խոսույթում հաճախ են հանդիպում «իրական Հայաստան» կամ «պատմական Հայաստան» եզրույթները, բայց մենք առաջարկում ենք մեր երազած Հայաստանը, մեր երեւակայական Հայաստանը, որն էլ այստեղ ցուցադրում ենք»,-ասում է Արման Թադեւոսյանը։
Ապա ընդգծում է՝ դրախտն իրականում այն վայրն է, որտեղ ապրում ենք. «Ուղղակի պետք է վերաբերվենք դրախտի նման, դա լինի Հայաստանը, Ֆրանսիան, թե Մեքսիկան… Ցանկացած մի անկյուն, որտեղ ապրում ենք, կարող է եւ պոտենցյալ դրախտ լինել եւ նույնիսկ դժոխքը, դա մարդուց է կախված: Այս դեպքում մենք ավելի լավատեսական ենք ներկայացնում Հայաստանը, որը կուզենանք տեսնել, որը երեւակայում ենք… Սոցիալական, քաղաքական սուր հարցերը լղոզվելով հետին պլան են մղվում, ու մեզ մոտ ավելի երեւակայական, իդեալիստական մտածողությունն է դոմինանտ դառնում, քանի որ երկար տարիներ ապրել ենք Հայաստանից դուրս, փորձել ենք տեսնել մի տարածք, որտեղ եւ իրականությունը կարող է լինել, եւ երեւակայությունը, ու այդ երկուսը ներդաշնակվել են»։
Կարդացեք նաև
Ներկայացնելով իր «Կենաց ծառը» աշխատանքը՝ Արման Թադեւոսյանն ափսոսանք է հայտնում, որ իր ձեւակերպմամբ՝ այդ երկու մարդուց՝ Ադամից ու Եվայից հետո երկրի վրա կարծես ամեն ինչ փչացել է: Ապա նկատում է, որ մարդկային գործոնը որքան լավ, այդքան էլ վատ ազդեցություն կարող է ունենալ: Միեւնույն ժամանակ հավելում է. «Ամեն դեպքում մեր գործերը վերացական ազատ ոճի մեջ են արված, պետք է ընկալվեն ավելի վերացական պլատֆորմի վրա»։
Մեքսիկայից Հայաստան ժամանած Հերմինե Դեմիրոն 27 տարի Հայաստանում չի ցուցադրվել: Նա իր հախուռն, գունեղ, զգացմունքային էդենն է բերել հայրենիք: Նրա աշխատանքներում ամփոփված են իր կարոտը, թախիծը, տխրությունը, ուրախությունը, թաքնված զգացմունքների ողջ ներկապնակը: Ասում է՝ դրսում շատ բաների են հանդիպում, որոնց մասին երբեք չի խոսվում. «Մենք մեր էդենն ենք ներկայացնում, մեր էությունը, ու ենք մարդկանց այն, ինչը զգում ենք ամեն վայրկյանին, երբ ասում ենք հայրենիք, երբ կարոտում ենք… »: Հերմինեն նշում է, որ հաճախ մարդիկ մտածում են, որ դրսում ապրող հայ արվեստագետը պետք է անպայման այլ երկրների եւ արվեստների ազդեցություններ կրի, սակայն իր պարագայում հակառակն է. «Մեքսիկայում, որտեղ շատ քիչ հայեր կան, ու ավելի քան 100 միլիոն մարդ է ապրում, արվեստն էլ շատ բարձր մակարդակի վրա է, դու պիտի բոլորից տարբերվես՝ ներկայացնելով քոնը»: Ասում է՝ այնտեղ էլ որդան կարմիրը կա՝ Grana Cochinilla-ն, որից նույն կերպ է կարմիր ներկանյութ ստացվում, ու ինքն առաջիններից էր, որ ցուցադրությամբ ու իր յուրօրինակ ձեռագրով «Արյունն է խոսում» շարքով առանձնացավ. «Ուզում էի ցույց տալ, որ որտեղ էլ մարդ արարածը լինի, մեկ է՝ իր ձայնը տարբերվում է մյուսներից։ Միայն կարոտը ու մեր ԴՆԹ-ն փոխում են ամեն զգայարանները»։
Ինչ վերաբերում է «Էդեն» համատեղ ցուցահանդեսին, այն որակում է իրենց զգայական ձայները ներկայացնելու հետաքրքիր էքսպերիմենտ, երբ երբեք ցույց չեն տվել միմյանց միմյանցից տարբերվող աշխատանքները, սակայն դրանք հրաշալի ներդաշնակվել են համատեղ ցուցահանդեսում: Հայաստանում մի բանի համար է ափսոսում, որ նկարիչները նկարիչների ցուցահանդեսներին այցելելիս մի տեսակ չեն արտահայտվում. «Հարցն այն է, որ երբ ինչ-որ բան ես անում, շատ հաճելի է, երբ քո շրջապատը գալիս է, արտահայտում է իր ուրախությունը, գրկում են քեզ, ասում են՝ այսինչ բանը լավն է, այս բանը դուր չեկավ: Դրսում տպավորությունների գրքում գրելու համար հերթ է գոյանում… Ի տարբերություն ավագ սերնդի նկարիչների, երիտասարդներն ավելի հետաքրքրասեր են»: Հերմինե Դեմիրոն ընդունելի չի համարում արհեստական բանականության կիրառումը արվեստում, ասում է՝ դա անապատ է տանում. «Արվեստի գաղտնիքը արվեստագետի կապն է ինքն իր հետ, ես ցանկություն չունեմ ինչ-որ ռոբոտի հետ իմ զգացմունքները կիսելու»։
Գագո Չթչյանի խոսքով, ցուցահանդեսի առանձնահատկությունը երջանկության ձգտումն է, դրախտը, էդենը: Ասում է՝ նկարներն արվել են հենց ցուցահանդեսի խորագրով, ցուցահանդեսի համար, ստեղծվել են երջանկությամբ, սիրով: Ինքը նկարել է մատներով, իր խոսքով՝ սիրելով, շոշափելով կտավը, ցանկանալով փոխանցել գեղեցիկը եւ իր պատկերացրած էդենը։
«Երեքս իրարից շատ տարբեր ենք ու իրար շատ նման ենք, սակայն մեր նկարները շատ համահունչ են նայվում այս ցուցահանդեսում, մեր բնավորությունները տարբեր են, ամեն մեկիս ոճը, ձեւը, գույնը, տրամադրությունը, ամենքս մեր ձեւով արտահայտել ենք մեր դրախտը… Ինձ համար կարեւորը պարզությունն է, ազատ լինելը, ստախոսության մերժումը: Պետք է արտահայտվես, ինչ ուզում ես ու չմտածես, թե քեզ ոնց կհասկանան: Կարեւորը լինես ազնիվ, առանց հետին մտքերի: Անձամբ ինձ համար իմ էդենը իմ մեջ է, իմ ընկերների մեջ է, իմ ընտանիքի մեջ է, ծնողներիս մեջ է, որ հիմա էդենում են, յուրաքանչյուրիս մեջ է»,-ընդգծում է արվեստագետը։
Հավելենք, որ սեպտեմբերի 26-ից «Կոմիտաս» միջազգային փառատոնի շրջանակում եւս կայացել է «Էդեն» ժամանակավոր ցուցադրության բացումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այս համատեղ ցուցահանդեսը ստեղծում է հանդիպման եւ երկխոսության տարածք՝ ժամանակակից արվեստի եւ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգության միջեւ։ Արվեստագետների աշխատանքներում վերաիմաստավորվում են հայկական որմնանկարչության, մանրանկարչության եւ սրբապատկերային արվեստի ավանդույթները՝ ստանալով ժամանակակից արտահայտություններ։ Ցուցահանդեսի գաղափարական առանցքը Կոմիտասի «ազատվել ավելորդ պաճուճանքից» սկզբունքն է՝ արվեստը մաքրագործելու եւ դրա էությանը վերադառնալու ձգտումը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































