Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ

Մայիս 31,2006 00:00

Այս
մասին է վկայում նաեւ 1991-1999-ին նրա մտերիմներից մեկը՝ վաստակավոր նկարիչ
Զուլում Գրիգորյանը Վերջին օրերին «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի առաջնորդների
միջեւ բանավեճ ծավալվեց հեռուստաբանավեճի ընթացքում Արտաշես Գեղամյանի պատմածի կապակցությամբ,
ըստ որի՝ 1998-ի մարտի 16-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Կարեն Դեմիրճյանը
դեռ վերջնականապես չէր որոշել՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: «Իր հետ
եկել ենք պայմանավորվածության՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցի ծայրաստիճան
բարդ լինելը՝ երկուստեք, ինքը համոզվել է, որ ճիշտ կլինի, որ, այո՛, ինքը դառնա վարչապետ,
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը վստահվի Ռոբերտ Քոչարյանին, եւ ինքն այդ հարցն
առաջ տանի»,- ասել էր պրն Գեղամյանը: Հիշեցնենք, որ 1996-ի նախագահական ընտրություններից
առաջ՝ սեպտեմբերի 21-ին «ՀՀ»-ում հրապարակվեց Կարեն Դեմիրճյանի համանման մոտեցումը.
«Ղարաբաղի հարցում, եթե ուզում ենք, որ այն մեր ժողովրդին ցանկալի լուծում ստանա,
պետք է ազգովին կանգնել, այդ հարցը լուծողներին, մասնավորապես հանրապետության նախագահին
խրախուսել, հնարավորություն տալ: Եթե մարդը պատասխանատվություն է վերցնում այդ հարցին
նվիրել իր ամբողջ եռանդը, կարողությունները, էությունը, դա պետք է ողջունել: Մտածել
է պետք. օգուտ կտա՞ արդյոք այդպիսի բախտորոշ պահին փոխել դերակատարներին: Եթե կուզեք՝
մնացած բոլոր հարցերը սոսկ Ղարաբաղի հարցի ենթականերն են: Ես գտնում եմ, որ հարցի
լուծման այս պատասխանատու պահը մեր ժողովուրդը իրավունք չունի կորցնելու: Ի վերջո,
այդ հարցի լուծմանը ձեռնամուխ է եղել ոչ պատահական մի մարդ, այլ հենց այդ ալիքի վրա
իշխանության եկած հանրապետության նախագահը: Սա ամբողջ ազգի խնդիրն է, եւ ամբողջ ազգը
պետք է թիկունք կանգնի նրան, ով ուզում է լուծել Ղարաբաղի հարցը»: Սակայն
1996-ին սա Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էր ասված: Իսկ ի՞նչ մոտեցումներ ուներ Կարեն
Դեմիրճյանը 1998-ին: Պատմում է նրա ընկերը՝ նկարիչ Զուլում Գրիգորյանը, որի արվեստանոցում
շատ ժամեր էր անցկացրել Կարեն Դեմիրճյանը: Եվ մեր զրույցը նկարիչը համեմում էր Դեմիրճյանի
մասին բավական հետաքրքիր հիշողություններով եւ դիտարկումներով: Զուլում Գրիգորյանը
պնդեց, որ 1998-ին թեկնածությունն առաջադրելու հարցում Կարեն Դեմիրճյանը մինչեւ վերջին
օրն էլ, «մինչեւ գիշերվա 11-ը դեռեւս որոշում չէր կայացրել: Եվ ես լուռ նեղացել էի
իրենից, որ չէր առաջադրվել: Լո՛ւրջ՝ վիրավորված էի, որ այդքան խնդրում էինք, թեկնածությունը
չէր դնում»: Զուլում Գրիգորյանը նաեւ առանց անուններ բացահայտելու՝ մի ուշագրավ
հանգամանք էլ մատնանշեց. «Մինչ այդ գնացել էի նրա մոտ, ցանկանում էինք իմանալ, թե
առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Երկու անգամ եմ գնացել: Ինձ նաեւ խնդրել էին իմանալ, թե
առաջադրվելո՞ւ է, եւ գնացել էինք գործարան: Ինքը կտրականապես հրաժարվել է միշտ: Ասում
էր, վարպետ ջան, դժվար է, չեմ կարող, չեմ ուզում»: Հետաքրքրվեցինք, թե այդ անձնավորությունը,
որն իրեն խնդրել էր իմանալ, թե արդյոք Կարեն Դեմիրճյանն առաջադրելո՞ւ է թեկնածությունը՝
կապ ունե՞ր իշխանության հետ: Նկարիչը պատասխանի փոխարեն պատմեց. «Դեմիրճյանի մահից
հետո տարիներ անց՝ մոտավորապես 2002-ին, շատ պատահաբար երկու ընկերներ եկան ինձ մոտ:
Նրանցից մեկը չիմանալով, որ ես այդ գործի մեջ դեր եմ ունեցել, պատմեց, որ երբ նախկին
ղեկավարներն իմացել էին, որ Սերոբիչը չի առաջադրվելու՝ տխրել են, ուզեցել են, որ
նա առաջադրվի»: Զուլում Գրիգորյանի համոզմունքն է, թե որեւէ գործարք չի եղել իշխանության
հետ, սակայն՝ «Վազգենն էլ էր ուզում, որ Դեմիրճյանն առաջադրվի: Հեչ պատահական չէր,
որ 1999-ին նա ուզեց միանալ Կարեն Սերոբիչի հետ»: Ի դեպ, նշեց, որ «Միասնություն»
դաշինքի ստեղծման որոշումը եւս Դեմիրճյանը կայացրեց նույնչափ դժվարությամբ. «Բոլորը
դեմ էին: Ես էի կողմ, որ միանան»: Հիշեցնենք, որ Հայաստանի սոցիալիստական
կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը համագումարում Կարեն Դեմիրճյանի թեկնածությունն
առաջադրեց փետրվարի 17-ին: Եվ այդ համագումարում էլ հայտնի դարձավ, որ պրն Դեմիրճյանը
դեռ չի տվել իր համաձայնությունը: Մինչդեռ, ասենք, «Ազգային միաբանությունն» իր փետրվարի
10-ի արտահերթ համագումարում արդեն իսկ որոշել էր նախագահի թեկնածու առաջադրել Արտաշես
Գեղամյանին: «Ամենաշատը ես եմ ասել Կարեն Սերոբիչին, որ իր թեկնածությունն
առաջադրի, բայց ինձ չի լսել,- ասաց Զուլում Գրիգորյանը:- Բայց ի վերջո պարզվեց, որ
իմ կարիքը կար: Իմ արվեստանոցում էի, եկան, հրավիրեցին, թե ասել է՝ գնացեք, Վարպետին
բերեք: Շատ հետաքրքիր խոսակցություն եղավ: Փետրվարն էր: Զբոսնում էինք Թամանյանի
արձանի հետեւի մասում»: Նկարիչը թվարկեց մի քանի մարդկանց անուններ, որոնք իրենց
հետ էին: Սակայն զրույցը Կարեն Դեմիրճյանի ցանկությամբ տեղի էր ունեցել նրանցից առանձին.
«Երկար ման եկանք՝ գրեթե 1,5 ժամ: Հարցրի՝ ես ինձնից ի՞նչ եմ ներկայացնում որ՝ ո՛չ
քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ իմ կարիքն ունեք, որ ինձ եք հարցնում: Պատասխանեց, թե
ես քո ինտուիցիային եմ հավատում: Ասացի, դե ուրեմն՝ պիտի առաջադրվեք»: Եվ որպես ապացույց,
թե ինչու պիտի առաջադրվի, հիշեցրել էր դեպքերը, երբ իրենց զբոսանքների ընթացքում
պատահաբար նրան տեսած մարդիկ էին անգամ հարցրել. «Ընկեր Դեմիրճյան, ինչո՞ւ եք ժողովրդին
թողել անտեր, ինչո՞ւ չեք կանգնում էս երկրի գլուխ», «Ե՞րբ եք էս խեղված ժողովրդի
առաջնորդը դառնալու»: Նկարիչը պատմեց, որ այդ գիշերային զբոսանքից հետո գնացել
են իրենց ընկերներից մեկի տուն. «Արդեն գիշերվա ժամը 2-ն էր, երբ հարցրեց, թե ո՞ւմ
կառաջարկեք նախընտրական շտաբի պետ: Ներկաներն ասացին՝ Արմեն Խաչատրյանը թող լինի»:
Որոշվել էր նաեւ, թե Ռուբեն Միրոյանի պարտականություններն ինչ պիտի լինեն: «Այդ
օրը վերջնականապես որոշվեց: Հաջորդ օրը առավոտյան 11-ին արդեն վերջանում էր հայտերը
ներկայացնելու ժամկետը,- ասաց Զուլում Գրիգորյանը:- Սա ոչ ոք չի կարող ժխտել: Եթե
ինչ-որ մեկը ժխտի՝ ես ուղղակի ավելի կհիասթափվեմ իմ կյանքից, թե այս ինչ այլասերված
ժողովրդի մեջ եմ ապրում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել