Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՐԱՎԻ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

Նոյեմբեր 30,2006 00:00

Ամեն ընտրությունից առաջ մեր ԱԺ-ն սկսում է ջերմ զգացումներ տածել դպրոցների եւ շենքերի տանիքների հանդեպ եւ կառավարությունից գումարներ պահանջել դրանց նորոգման համար:

Նախ՝ մի քիչ թվեր

Երեկ արտահերթ նիստում խորհրդարանը 77 «կողմ», 3 «դեմ» եւ 6 «ձեռնպահ» ձայներով հաստատեց 2007-ի պետբյուջեն: «Դեմ» եւ «ձեռնպահ» էին մասնավորապես «Արդարության» նիստին ներկա պատգամավորները, իսկ ՕԵԿ-ն ու «Ազգային միաբանությունը» չմասնակցեցին քվեարկությանը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ կառավարությունն ԱԺ-ից ստացել էր 441 առաջարկություն: Եվ միայն ավելացումների հստակ գումարներ նախատեսող առաջարկների ընդհանուր արժեքը շուրջ 25,9 մլրդ դրամ էր: Քննարկման արդյունքում կառավարությունը ընդունելի է համարել 110 առաջարկություն, եւս 70 առաջարկությունների վերաբերյալ տվել է համապատասխան պարզաբանումներ: Մերժվել է 261 առաջարկություն: Մեր այս հրապարակումը հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ ստացված առաջարկներից ծաղկաքաղ է:

Ասա՝ ով է նախագահդ

Այն հանգամանքը, թե հանրապետության հատկապես ո՛ր բնակավայրն է ներկայացնում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը՝ վճռորոշ է դարձել բյուջեի վերաբերյալ նրա առաջարկների համար: Այսպես, պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի (ի դեպ՝ նաեւ ՀՅԴ-ի) ներկայացրած առաջարկների մի մասը վերաբերում է Արարատի մարզին ու Ավշար համայնքին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը Ավշարի գինու գործարանի սեփականատերերից է: Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի՝ Կամոյի շրջանի Սարուխան գյուղում ծնված նախագահ Հրանուշ Հակոբյանի առաջարկների մի զգալի մասն էլ վերաբերում է Գեղարքունիքին:

Շահեցին դպրոցները

Կառավարությունը հրաժարվել է 2007-ին 20%-ով ավելացնել ոստիկանության համակարգի ծառայողների պաշտոնական դրույքաչափերը՝ «նկատի ունենալով, որ անհրաժեշտություն կառաջանա բարձրացնել հանրապետության մնացած ուժային կառույցների պաշտոնական դրույքաչափերը»։ Ի դեպ, կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանից ետ վերցված պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի 40%-ի բարձրացում նախատեսող օրինագծի ֆինանսավորման համար բյուջեի նախնական տարբերակում նախատեսված 710 մլն դրամը ուղղվել է դպրոցների նորոգմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին ասաց, որ նախագիծը ետ է կանչվել, քանի որ որոշ քաղաքական ուժեր շահարկում էին նախագիծը, չնայած «սրտանց ուզում էին, որ այն անցնի»: Ըստ նրա՝ այդ շահարկումների հիմնական թիրախ էին դարձել կառավարությունն ու ՀՀԿ-ն, հենց այդ պատճառով էլ գործադիրը նախագիծը ետ կանչելու որոշում ընդունեց:

ՀՀԿ-ն ուզեց՝ չտվեցին

Հանրապետականները 2007-ի բյուջեի վերաբերյալ արել են շուրջ 190 առաջարկ: Դրանց առյուծի բաժինը վերաբերում է դպրոցների եւ տանիքների նորոգմանը, զանազան գյուղերի գազիֆիկացմանը, մարզադահլիճների կառուցմանը եւ այլն: Կառավարությունն այդ առաջարկները… չի ընդունել՝ մեծ մասամբ հետեւյալ հիմնավորմամբ. «Բացակայում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը»: Նույն հիմնավորմամբ մերժվել է նաեւ ՀՀԿ առաջարկը՝ «Գոյ» փորձարարական թատրոնի վերանորոգման վերաբերյալ:

Շա՜տ զարմանալի է. ՀՀԿ-ն նոր չէ խորհրդարանում, կառավարության հետ, մեղմ ասած, աշխատելու փորձ ունի, սակայն տեղյա՞կ չէ, որ բյուջեից գումար «պոկելու» համար նման փաստաթղթեր են պետք: Թե՞ այս առաջարկներն արել են ընդամենը ընտրողների առջեւ արդարանալու համար: Հանրապետականները հաջողել են նաեւ առաջարկներ ներկայացնել հենց այն ջրատարների կառուցման եւ ճանապարհների նորոգման վերաբերյալ, որոնք ընդգրկված են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում:

ՀՅԴ-ն ավելի լայն է մտածում

ՀՅԴ խմբակցության 50 առաջարկներից շուրջ 20-ը ընդգրկվել են բյուջեի նախագծում: Նպատակահարմար չի համարվել ընդունել առաջարկը՝ «ԱրմենՏելի» կանոնադրական կապիտալում ՀՀ կառավարության բաժնեմասի ավելացման նպատակով ձեռք բերել ընկերության վաճառվող բաժնետոմսերի 39 տոկոսը»։ ՀՅԴ-ն բյուջեի մասին օրենքում նաեւ առաջարկել է ավելացնել նոր կետ. «Օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունից բացի՝ աշխատանքներ կտարվեն հայկական կապիտալի նպատակաուղղված արտահանման ուղղությամբ։ Կխրախուսվեն ներդրումները հարեւան Վրաստանում, հատկապես այդ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքում»։ Կառավարությունը մերժել է՝ «Տնտեսության զարգացման ներկա փուլում կապիտալի նպատակաուղղված արտահանման քաղաքականություն իրականացնելը նպատակահարմար չէ»: Փոխարենն ընդունվել է Բաթումում ՀՀ հյուպատոսություն բացելու ՀՅԴ առաջարկը:

Բա ավանդների՞ հարցը

Կոալիցիայի նախկին անդամ ՕԵԿ-ը 20 առաջարկ է ներկայացրել, որոնց ճակատագիրը դժվար չէ կռահել: Դրանցից այս մեկը, կարծում եմ, առավել կհետաքրքրի լայն հանրությանը: «Հաշվի առնելով հազարավոր քաղաքացիների խնդրանքը՝ առաջարկում ենք ավանդների փոխհատուցման համար նախատեսված գումարը կրկնապատկել՝ դարձնելով 2 մլրդ դրամ»։ Իսկ կառավարությունը մերժել է այդ խնդրանքը՝ «ելնելով 2007թ. պետբյուջեի կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից եւ ծախսերի առաջնահերթությունից»։

Հ. Գ. Կառավարությունը սեփական նախաձեռնությամբ նախատեսել է 1,69 մլրդ դրամի չափով նոր ծախսեր՝ լրացուցիչ հատկացումներ ուղղելով ԼՂՀ-ին տրվող վարկին, ԱԺ ընտրություններին եւ մի շարք այլ ոլորտների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել