Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիները նախարարին չտեսան

Ապրիլ 30,2011 00:00

\"\"«Նպաստը մեքենայատերն է ստանում, մենք էլ մնում ենք եսիր»

ՄԻ քանի օր շարունակ Լոռու մարզպետարանը պաշտոնապես ծանուցում էր, որ ապրիլի 29-ին, ժամը 11-ից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը Լոռու մարզպետարանում կկատարի քաղաքացիների ընդունելություն: Իրականում, սակայն, այլ բան եղավ:
Նախարար Արթուր Գրիգորյանի այցը եւ բնակիչների հետ խոստացված հանդիպումը մեծ ոգեւորության առիթ էր դարձել: Մարդիկ արդեն տեղավորվել էին դահլիճում ու սպասում էին, մեկ էլ պարզ դարձավ, որ անձամբ նախարարին դիմելու հնարավորություն չի լինելու, պետք է դիմել նրա տեղակալ Արայիկ Պետրոսյանին եւ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին: Հաշմանդամության հարցերով՝ առաջին հարկում, իսկ նպաստի, հիվանդության թոշակի հարցով եկած քաղաքացիներին՝ երրորդ հարկում էին սպասում:
Եկել էին 70-ն անց մարդիկ, որ չկողմնորոշվելով՝ սկսեցին բողոքել: «Տակիս ոտ չկա, մի անգամ իջա-բարձրացա, հիմա էլ ինձ ասում են նախարարին չես կարող տեսնել, էդ նույն բանն ինձ մեր սոցիալականում էլ էին ասում, ավանդս չեն տալիս, նախարարին չեն թողնում տեսնել»,- ասում է առաջին կարգի հաշմանդամ՝ 71-ամյա Վազգեն Սաղաթելյանը: Բանը հասավ նրան, որ տարեցներն սկսեցին վիճել, թե ում հարցն է կարեւոր:
Փոխնախարար Արայիկ Պետրոսյանը տեսնելով, որ չի կարողանում խաղաղեցնել բնակիչներին, փորձեց պատասխանել նրանց հուզող հարցերին, իսկ դժգոհ լոռեցիներն ուղղվեցին դեպի մարզպետի սենյակ, որտեղ մարզպետն ու նախարարը փակ խորհրդակցություն էին անցկացնում: Առավել համարձակները կարողացան հանդիպել նախարարին, սակայն մեծ մասը զրկվեց նման հնարավորությունից, քանզի նախարարը որոշեց այցելել սոցիալապես անապահով Համբարձումյանների ընտանիքին: Տարեց ամուսինները 2005թ.-ից հետո չեն տեսել միակ որդուն, նա ապրում է Հարթագյուղ համայնքում, սակայն չի հիշում իր ծնողներին, ու վերջիններս այրվում են որդու եւ թոռնիկի կարոտից: Հաշմանդամ ամուսինները զրկվել են նպաստից, որովհետեւ տղան գրանցված է իրենց բնակարանում, 71 հազար դրամ կենսաթոշակի կեսից ավելին էլ ծախսվում է դեղորայքի վրա: «Սովետի ժամանակ մեզ հաշվի էին առնում, բոլոր ծախսերը 50 տոկոսով էր, հիմա նպաստից զրկել են, միանվագի համար էլ արդեն ռիսկ չեմ անում դիմեմ: Տղայիս հարսս տարավ, տարիներով աշխատած գումարս էլ բանկում մնաց»,- ասում է Վանուշ Համբարձումյանը: Նախարարը խոստացավ այս ընտանիքը ընդգրկել միանվագ սոցիալական աջակցության ցուցակում, նույնիսկ որդու հեռախոսահամարն ուզեց, որ անձամբ խոսի նրա հետ:
Երբ նախարարը վերադարձավ մարզպետարան՝ լոռեցիները դեռ սպասում էին: «Ես եկել եմ նախարարին տեսնելու, մինչեւ չտեսնեմ, չեմ գնա: Ասում են, քո տանը պիտի ապրես, որ նպաստ ստանաս, էս ինչ կարգ է, չգիտեմ»,- ասում է տիկին Նվարդը: Չհաջողեց ու միջանցքում հավաքվածները կրկին սկսեցին բողոքել անկազմակերպ ընդունելությունից. «Ամեն ինչն էլ սհենց են անում, օրենքն էլ են սհենց անկազմակերպ գրում, դրա համար էլ ավանդը բանկում է կորչում, նպաստը մեքենայատերն է ստանում, որ իր վրա ոչ մի բան չունի գրած, մենք էլ սհենց մնում ենք եսիր (ծառա, ստրուկ-խմբ.)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել