Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ. (Տեսանյութ)

Հունվար 10,2014 18:38

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Եղվարդ) կայացավ դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստը:

Նիստի սկզբում դատախազը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ, քանի որ կարող է ընթացքում նախաքննության գաղտնիք հանդիսացող առարկաներից խոսք գնալ:

Ապա դատավոր Յու. Բաղդասարյանը դիմեց կողմերին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք որեւէ կողմը չի ուզում հանդես գալ դատավորին ինքնաբացարկ հայտնելու առաջարկով, եւ կարդաց բոլոր այն իրավական հիմքերը, որոնց դեպքում կարող են նման միջնորդությամբ հանդես գալ:

Պարզվեց, որ բողոքաբերը՝ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, նման ցանկություն ուներ: Դատավորն առաջարկեց գրավոր ներկայացնել միջնորդությունը, առաջարկը չընդունվեց դեռ չհնչած: Փաստաբանը ասաց, որ չի էլ ուզում լսել դատավորի առաջարկը, եւ ընդհանրապես, դատավորի իրավասությունների մեջ չի մտնում որեւէ առաջարկ անելը, եւ եթե ինքը դատավորին չի առաջարկում որոշում ընդունել այս կամ այն կերպ, դատավորն էլ թող իրեն նման առաջարկով հանդես չգա. «Դուք վիրավորում եք իմ անձը: Նախորդ անգամ ես Ձեզ առաջարկեցի օրինական որոշում ընդունել, Դուք չընդունեցիք իմ առաջարկը, ես էլ Ձեր առաջարկները չեմ ընդունում»:

Այս ընդվզումից հետո դատավորը համակերպված հարցրեց՝ «հիմա ի՞նչ, բանավո՞ր եք ներկայացնում», փաստաբանը հաստատեց, որ բանավոր է ներկայացնելու միջնորդությունը, եւ սկսեց կարդալ այն բոլոր օրենսդրական հիմքերը, որոնցով դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, կարդաց Սահմանադրության, միջազգային կոնվենցիաների, վարքականոնների տարբեր հոդվածներ, որոնց մեջ հիմնական շեշտը դրվում էր դատավորի անկողմնակալության վրա, եւ ի վերջո հայտարարեց, որ դատավոր Յու. Բաղդասարյանը կողմնակալ վերաբերմունք ունի, ինչը դրսեւորվել է նախորդ որոշումից: Որպես ապացույց, փաստաբան Բաղդասարյանը ներկայացրեց  ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի՝ 25.12.2013 թ. եւ դատավոր Յու.Բաղդասարյանի՝ 30.12.2013թ. ընդունած որոշումները, որոնք տառը տառին համընկնում էին: Ըստ փաստաբանի Բաղդասարյանի՝ համընկնում էին անգամ «պրոբելները», կետադրական եւ մտքի սխալները, ուղղագրական անճշտությունները: Նա վստահեցնում էր, որ դատավորն անձամբ կամ միջնորդավորված կերպով քննիչից ստացել է որոշումը, եւ միայն տառաձեւն է դարձրել «իտալիկ»՝ շեղելով ուղիղ տառերը, ու ներկայացրել որպես սեփական որոշում:

«Պաշտպանական կողմը կարծում է, որ այս փաստը բավարար  ապացույց է դատավորի կողմնակալության վերաբերյալ, եւ այս հիմքով մենք ներկայացնում ենք միջնորդություն՝ ինքնաբացարկի մասին»,-հայտարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը եւ հորդորեց դատավորին՝ «ընդունեք, որ քոփի-փասթ եք արել, ընդունեք, որ անկողմնակալ չեք»:

Նորանշանակ քննիչը (Դավիթ Մարտիրոսյանը արձակուրդ է գնացել) ասաց, որ պաշտպանական կողմի ներկայացրածը ենթադրություններ են, «տառասխալը եւ պրոբելները հիմք չեն, որ որոշումը «քոփի-փեսթ» է արվել»: Փոխվել էր նաեւ դատախազը՝ նախորդ դատախազը աշխատանքից ազատվել էր, եւ գործը ստանձնել էր Կոտայքի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, ով նույնպես ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք չի տեսնում:

Դատավորը մինչեւ հունվարի 13-ը, ժամը 10.50 ընդմիջում հայտարարեց՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար:

Դատական նիստից հետո «Aravot.am»-ը Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ելք է ակնկալում իրենց միջնորդության համար: Հարցազրույցը դիտեք տեսանյութում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sevan says:

    Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
    Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունը շուտով կմտնի ավարտական փուլ և առաջիկայում գործի նյութերը կներկայացվեն կողմերին ծանոթանալու համար: Մինչ այդ` տուժող կողմը վստահ է, թե «նախաքննությամբ Վարդան Պետրոսյանի մեղքն ապացուցված է և դատաքննությունն էլ դա կապացուցի»:

    Նախաքննության ընթացքում տուժող կողմի համար անհասկանալի է մնացել՝ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը այդպես էլ ցուցմունք չտվեց, «թեպետ նրա առողջական վիճակը ներում էր ցուցմունք տալու համար»: Այս գործով տուժողների իրավահաջորդների և մյուս տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պատահական չի համարում Վարդան Պետրոսյանի՝ ցուցմունք չտալու տակտիկան:

    «Այսօր որևէ խոչընդոտ չեմ տեսնում Վարդան Պետրոսյանի ցուցմունք տալու համար: Սակայն պաշտպանական կողմը այլ տակտիկա է ընտրել՝ նրանք կծանոթանան ողջ նյութերին և միայն այդ ժամանակ Պետրոսյանը կփորձի իր համար բարենպաստ ցուցմունք տալ արդեն դատարանում, քանի որ իրեն արդեն հայտնի կլինի գործում առկա բազմաթիվ հանգամանքներ: Եթե հիմա ցուցմունք տա, ապա Վարդան Պետրոսյանը կարող է տվյալներ հայտնել, որոնք կհակասեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներին: Այսինքն պաշտպանական կողմի տակտիկան է սա, որ ճիշտ ցուցմունք տա, անթերի, որը հետագայում դատարանում կմատուցվի որպես իրականություն: Եթե մինչև գործի նյութերը տրամադրելը Վարդան Պետրոսյանը ցուցմունք չտվեց, գործի նյութերը ստանալուց հետո կորոշեն՝ ինչպես ցուցմունք տալ, որ ճիշտ պաշտպանվեն: Ես գտնում եմ, որ այդ ցուցմունքները արժանահավատ չեն կարող լինել: Անարդար տակտիկա է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:

    Փաստաբանը վստահ է՝ ուշ, թե շուտ Վարդան Պետրոսյանը ընդունելու է իր մեղքը. «եթե հիմա չընդունեց, ապա դատաքննության ժամանակ կընդունի»:

    «Տուժող կողմի վիշտը թեթևացնելու առումով ավելի ճիշտ կլիներ հիմա ընդուներ մեղքը և ոչ թե դատաքննության փուլում՝ ապացույցների ճնշման ներքո: Սրա մեջ կա բարոյական կողմ»,- ասաց նա:

    Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված անօրինականություններին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում էր պաշտպանական կողմը, ապա, Ռուբեն Բալոյանի խոսքով` ապօրինություններ չեն եղել:

    «Այս թեման պետք չէ մեկ այլ հարթություն տեղափոխել, քաղաքականացնել, ի վերջո Վարդան Պետրոսյանը կատարել է հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսվում՝ 4-10 տարի ազատազրկում: Նման բնույթի հանցագործություն կատարած անձանց գրեթե 99 տոկոսը գտնվում է կալանքի տակ: Չեմ ուզում որևէ առավելություն տրվի այդ անձանցից որևէ մեկին, կապ չունի՝ նա հանրության կողմից սիրվա՞ծ է, թե՞ ոչ», -նշեց Ռուբեն Բալոյանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031