Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգնում են Գեղամյանի թիկունքին. «Նա այնքա՜ն խորը հայրենասեր է, պետք չի ավելորդ բաներ խոսել այդ լուրջ անհատի մասին»

Մայիս 05,2014 19:45

Մի քանի օր առաջ 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց Սեւանա լճից ջրառի քանակն ավելացնելու մասին աղմուկ հանած նախագիծը:

Այդ նախագծի դեմ իրենց բողոքն էին հայտնել բնապահպանական կազմակերպությունները:

Նախագծին «կողմ» քվեարկողներից է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Սա այն դեպքում, երբ օրինագծին դեմ էր արտահայտվել «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը:

Վերջինս, լինելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ «ԷկոԼուր» մամուլի ակումբում ասել էր, որ այդ նոր նախագծով խախտվում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10, 11, 13, 15, 16, 28 հոդվածները. « Ես կոչ եմ անում մեր հասարակությանը ձայն բարձրացնել եւ անպայման պայքարել, որպեսզի այն նոր բերվող աղետը՝ այս երկու ծրագրերը, Ազգային Ժողովում չանցնեն»:

Ուստի այսօր Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ չհաջողվեց Ձեզ համոզել Ձեր կուսակցության նախագահին՝ պարոն Գեղամյանին, որ երկրի շահերին հակասող օրենքին կողմ չքվեարկի՝ Գագիկ Թադեւոսյանը միանգամից կանգնեց Արտաշես Գեղամյանի թիկունքին՝ ասելով, թե Գեղամյանից հայրենասեր, հայրենապաշտ մարդ չկա. «Արտաշես Գեղամյանը կարողացել է իմ խնդրանքով կոմպրոմիսային առաջարկություններ անցկացնել ԱԺ-ում, 5 տարին սարքել է 1 տարի եւ ամրագրել օրենքով դրական հաշվեկշռի դրույթը: Այնպես որ, եթե ընդհանրապես հայրենասիրության մասին խոսենք, ուրեմն Արտաշես Գեղամյանի հայրենասիրությանը դեռ շատ-շատերը պիտի նախանձեն, որովհետեւ նա այնքա՜ն խորը հայրենասեր է, այնքա՜ն հետաքրքիր անհատ է, որ պետք չի ավելորդ բաներ խոսել այդ լուրջ անհատի մասին»:

Գագիկ Թադեւոսյանն ասաց, որ Արտաշես Գեղամյանի եւ իշխանության հետ եկել են կոմպրոմիսի. «Ոչինչ, մի տարով կարելի է լրացուցիչ 70 մլն խմ ջուր տալ, բայց հետո բարձրացնել Սեւանը 6 մետրով, որ հետագայում դա մեր ազգի ստրատեգիական պաշարը լինի: «Ես միշտ ասել եմ, որ պետք է պահել «Սեւանի մասին» օրենքի հոգին ու տառը: Այդ օրենքն ընդունվել է, եւ մասնագետները համարում են, որ հետսովետական ամենահաջողված օրենքներից մեկն է: Մենք այդ օրենքը գրել ենք՝ ուղղակի ամեն ինչ հաշվի առնելով, եւ ես միշտ ասել եմ, որ այդ օրենքի տառը պիտի պահպանվի: Օրենքի 11-րդ հոդվածի բ կետում գրված է՝ «Բացառվում է Սեւանա լճի ջրի մակարդակի բացասական հաշվեկշիռը: Եթե պետք է Սեւանից ջուր, դա անփույթ աշխատանքի արդյունք է, ոռոգման համակարգի ջրերի հսկայական կորուստի արդյունք է: 80 տոկոս անհասկանալի կորուստ կա: Պետք է, չէ՞, որ մեր երկրի ղեկավարությունը նրանց կանչի եւ հարցնի՝ եղբայր, էս ի՞նչ կուրորտներ են: Երկրորդը՝ բացասական հաշվեկշիռ չի կարելի թույլ տալ: Պետք չի բնապահպաներին հակադրել գյուղացի աշխատավորների հետ, իսկ մեզ համառորեն ուզում են հակադրել, իրենց մեղքը գցում են բնապահպանների վրա: Ընդերքի արտեզյան ջրերի անփույթ, վայրենի օգտագործման հետեւանքով 3 մլրդ 200 խմ ջրից 1.5 միլիարդը տվել են ձկնարդյունաբերությանը, ցամաքում են արտեզյան ջրերը, Սեւանից են բաց թողնում, որ ոռոգեն: Լավ, այդպիսի իրադրություն է ստեղծվել: Թե ում կպատժեն, թե ովքեր են լիցենզիաներ տվել եւ թույլ տվել, որ արտեզյան ջրերն այդքան հարստահարվի, դա երկրորդ հարցն է, մեղքը իրենց վիզը: Բայց եթե 8-10 հազար հա հող մնացել է առանց ջրի, պետք է Սեւանից ջուր բաց թողնվի: Ես երբեք չեմ ասել, որ չպիտի բաց թողնեն, բայց պիտի ապահովեն անպայման ջրի դրական հաշվելշիռը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ (ԵՊՀ) says:

    Հայրենասիրությունը ֆուտբոլի գնդակ չէ, որ իրար ,,պաս,, տալով քաղաքական շահարկումներ են անում նույն կուսակցությյան զուռնա- դհոլները…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031