Լրահոս
Օրվա լրահոսը

Կին պատգամավորը` կին պատգամավորների մասին

Մարտ 29,2015 16:51

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

-Տիկին Զոհրաբյան, վերջերս «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով խորհրդարաններում կանանց ներկայացվածության մասին, ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը ասել էր, որ Հայաստանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը անբնականորեն քիչ է: Որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ եւ խորհրդարանի կին պատգամավոր, համաձա՞յն եք այդ տեսակետին:

-Գիտեք, ես մշտապես այն տեսակետին եմ եղել, որ ցանկացած անբնական պրոցես չի կարող արդյունավետ լինել: Իհարկե, երբ հետեւում ենք  մեր խորհրդարանում ներկայացված  14 կին պատգամավորների գործունեությանը, ապա ակնհայտ է, որ  մեր ԱԺ-ի գրեթե բոլոր կին պատգամավորները ամենաակտիվ պատգամավորներից են, եւ նրանցից յուրաքանչյուրն իր համար խնդիրների, հարցերի, մտահոգությունների մի շրջանակ է ձեւավորել, որի շուրջ բավականին արդյունավետ աշխատում է խորհրդարանում:  Կին պատգամավորներից  ոմանք բավականին ակտիվ եւ արդյունավետ աշխատում են կրթական ոլորտի խնդիրները բարձրացնելու եւ օպտիմալ  լուծումներ առաջարկելու դաշտում, մեկ այլ խումբ` սոցիալ-տնտեսական հիմնահարցերի բարձրացման ու դրանք օրենսդրորեն կարգավորելու դաշտում է ակտիվ,  մեր կին պատգամավորներից  ոմանք բավականին ակտիվ են  միջազգային  կառույցներում` բարձրացնելով  ներքին ու արտաքին հիմնահարցեր: Ուստի, ես չեմ կարծում, որ, այսպես կոչված, պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը, ինչը  մշտապես առաջարկում են ԵԽԽՎ մեր գործընկերները` արհեստականորեն մեծացնել  կանանց ներկայացվածությանը  քանակը, կարող է արդյունավետ լինել: Այլ հարց է, որ այո, հատկապես հանրային սեկտորում այսօր կան իրապես պատրաստված, քաղաքականապես խիստ գրագետ կանայք, ովքեր շատ ճիշտ կլիներ, որ լինեին խորհրդարանում:

-ԲՀԿ խմբակցությունում ընդամենը երկու կին պատգամավոր կա: Դա արդյո՞ք արտահայտում է ԲՀԿ կանանց ողջ ներուժը:

-Բնականաբար`ոչ: Մեր կուսակցության մեջ բազմաթիվ կին գործիչներ կան, ովքեր հրաշալի կարող են աշխատել օրենսդիր մարմնում, սակայն միշտ չէ, որ հատկապես  կանանց մասով, որոշումները արդար են կայացվում, եւ ոչ միայն քաղաքականության մեջ: Սակայն, ես հույս ունեմ, որ հաջորդ խորհրդարանում, գոնե մեր կուսակցությունից, կանանց ներկայացվածությունը ավելին կլինի: Ճիշտ, գրագետ սերնդափոխությունը ցանկացած նորմալ կուսակցության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի:

 -Տիկին Զոհրաբյան, իհարկե, դժվար ու երեւի թե նաեւ անշնորհակալ գործ է սեփական գործընկերներին գնահատական տալը, սակայն այսօր ԱԺ-ում, ըստ Ձեզ, կին պատգամավորներից  ովքե՞ր իրապես ունեն լուրջ ներուժ:

-Ես բնականաբար, չեմ խոսի Հերմինե Նաղդալյանի մասին, որը քաղաքական գործիչ է` այդ բառի հստակ իմաստով: Կրկնում եմ, խորհրդարանի  բոլոր կանայք էլ, յուրաքանչյուրն իր հնարավորությունների եւ ունակությունների, իրենց հուզող հարցերի շրջանակում աշխատում է լինել ակտիվ եւ դա հաջողվում է: Սակայն, եթե լինեմ բացարձակապես  անկեղծ, ապա ես ապագայի համար լուրջ ներուժ եմ  տեսնում Արփինե Հովհաննիսյանի մոտ եւ  դա չնկատելն ու դրա մասին չխոսելը  ազնիվ չէր լինի իմ կողմից, մեծապես հարգելով իմ բոլոր կին գործընկերներին:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031