Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ն ու Նազարյանի հանձնաժողովը թատրոն են խաղում»

Հուլիս 07,2015 21:21

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին մոտ 75 միլիոն դրամ տուգանք կիրառելը պարզապես թատրոն է: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որը տեւական ժամանակ է ուսումնասիրում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ հանձնաժողովին  տրամադրած փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 8-ին ՀԾԿՀ նիստում նախատեսվում է ՀԷՑ-ին  տուգանել, քանի որ ընկերությունը ցանցին նոր միացող բաժանորդներին առաջարկում է այնպիսի պայմաններ, որով խախտվում է հանձնաժողովի սահմանած կարգը:

Օրինակ, ըստ հանձնաժողովի, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի 2015 թվականի մարտի 31-ի 84Л հրամանով հաստատվել է նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ, որով սահմանվել է, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում և դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնել միայն այն դեպքում, եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի վճարի նաեւ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու նպատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենքով սա խտրական վերաբերմունք է, այսինքն,  այս դեպքում ՀԷՑ-ն առաջարկում է բաժանորդից գումարները վերցնել նախօրոք, հակասում է ընդհանուր այն խաղի կանոնների սկզբունքներին, որով իրեն լիցենզիա են տվել: Ըստ օրենքի, ՀԾԿՀ-ն, ինչպես ասաց տնտեսագետը, չպիտի նայի, որ ՀԷՑ-ը ֆինանսական խնդիրներ ունի, պիտի նայի՝ հակասում է օրենքին եւ տուգանի. «Բայց ես տեսնում եմ, որ այստեղ 2 կողմն էլ կարծես թե ուզում են ցույց տալ, որ իրենց մեջ համաձայնություն չի եղել եւ իրենք միշտ իրար հակակշռել են, բայց իրականում այդպես չէ»:

ՀԷՑ-ին տուգանելու հանձնաժողովի քայլի մասին Մանուկյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, թե՝ կամայականություն կամ  թերություն է ՀԾԿՀ-ն բացահայտել է, ինքն այնքան օբյեկտիվ է աշխատել մինչեւ հիմա, որ նման կարգի թերությունների դեպքում միշտ տուգանել է ընկերությանը, ինչն այդպես չէ. «Ասածներս հիմնավորեմ՝ օրինակ՝ երբ մենք ասում էինք, որ 2014 թվականի ՀԷՑ-ի աուդիտի հաշվետվությունը չկա հանձնաժողովի կայքում, ու հիմա կա հայերեն լեզվով, բայց դրանք թերի են: Այսինքն` հանձնաժողովը կարողանում է ազդել ՀԷՑ-ի վրա, ՀԷՑ-ն էլ լսում է,  իսկ լսելը հիմա է սկսվել, նախկինում չէր լսում: Սա, գլոբալ առումով, մեծ խաղի շարունակությունն է, որպեսզի կողմերը ցույց տան, այս դեպքում՝ ՀԷՑ-ը ցույց տա, որ 7 դրամով թանկացումից սաստիկ վրդովված է, դա չի բավարարում իր ախորժակը , իսկ ՀԾԿՀ-ն էլ ցույց տա, որ ինքը որեւէ կարգի անարդյունավետություն միշտ կանխել է, ինչն այդպես չէ»:

Պարոն Մանուկյանի խոսքերով՝ եթե դիտարկենք էլեկտրաէներգիայի նախկին 4 դրամի թանկացումն ու ներկայիս 7 դրամի թանկացումը,  ակնհայտ է, որ ՀԷՑ-ի մասով, նախկին 4 դրամն էլ, եթե անգամ ենթադրենք օբյեկտիվ է, հաստատապես 7 դրամը շատ ավելի մեծ գին է. «Այսինքն` այդ 7 դրամի մեջ 2.56-ը դրամը ենթադրենք արտադրող ընկերությունների կողմից ներկայացվող հայտն է, մնացած 4 դրամը ՀԷՑ-ին է գնում, ու որեւէ արտառոց բան չկա, որ ՀԷՑ-ը 4 դրամից ավել հավակներ: Այս իմ ասածներով հանդերձ, ես ուզում եմ հիմնավորել, որ 7 դրամն այն   առավելագույն կետն է եղել, որը կարելի է սակագնի մեջ ներառել: Ու հիմա ինչ-որ շահերի բախում կամ ՀԷՑ-ն ու ՀԾԿՀ-ն իրար հետ ընդդիմադիր են դառել, ես նման բան չեմ տեսնում: Ուղղակի փորձ է արվում հասարակությանը ներկայացնել այն «սոուսով», որ նրանք իրար հետ ինչ-որ առումով հակամարտում են, իբր տեսեք, որքան խորքային է խնդիրը:  Եթե հակամարտություն կա, ուրեմն  Նազարյանի հանձնաժողովը թող տեղադրի հայտերի մասին նախկինում իր կայացրած որոշումները,  բավարարումը: Եթե հակամարտություն կա, նույն ՀԷԿ-երը, որոնք իրենց 23 միլիարդը չեն ստացել, ի դեպ օրենքի խախտում է, ու իրենք դատական հայցով պիտի դատարան մտնեին: Այսինքն` այս ամենը, այն թատրոնի շարունակություն է,  որը մենք տեսել ենք միշտ»:

Մեր այն դիտարկմանը, որ էլեկտրաէներգիայի 7 դրամի թանկացման որոշումից հետո, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին շատ քննադատեցին, Նազարյանն էլ փորձում էր հավաստիացնել, որ ինքը հայրենասեր անձ է, գուցե այս 75 միլիոնի տուգանքով նա փորձում է իր վարկանիշը բարձրացնել, տնտեսագետն ասաց՝ «Այո, այդպես էլ կա:  Ինքը հստակորեն ուզում է  ցույց տալ, որ սպառողի համար անցանկալի, անբարենպաստ պայմաններն իր կողմից կանխվում են: Հիմա այո, կանխվեց, բայց նախկին դեպքերի մասին նույն վստահությամբ չենք կարող ասել, ինչի վկայությունն է նախկին հայտերի բավարարումը: ՀԷՑ-ն էլ փորձում է ցույց տալ, որ իրեն ինչ-որ գումարներ չեն տվել, ինքն ուզում է լուծումներ գտնել, առաջարկություն է անում, հանձնաժողովն էլ այնքան դաժան է իր նկատմամբ, որ իրեն մերժում է: Ըստ էության, հանձնաժողովը փորձում է հասարակության շրջանում հեղինակությունը վերականգնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031