Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի Մարտիրոսյանները շոկի մեջ են. երիտասարդները նրանց առանձնատուն նվիրեցին  (Ֆոտոշարք, Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2015 20:16

Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները երեք ամիս է՝ դռնեդուռ ընկած ու փողոցներում կանգնելով, Գյումրու պատկերով բացիկներ էին վաճառում, որպեսզի գյումրեցի անօթևան, բազմազավակ մի ընտանիքի փրկեին տնակների ճիրաններից: Բացիկները նրանք վաճառում էին խորհրդանշական գումարով՝ մեկ հատը 400 դրամով: Այսօր երիտասարդներն անակնկալ մատուցեցին Խրիմյան Հայրիկ փողոցի կիսախարխուլ, մութ հանրակացարանի մեկ սենյակում բնակվող Մարտիրոսյանների ընտանիքին՝ նրանց առանձնատուն նվիրելով: Երիտասարդները Տեր Նշանի հետ հյուրընկալվեցին Մարտիրոսյանների հանրակացարանային սենյակ՝ նրանց չորս երեխաներին իբրև թե ամանորյա նվերներ տալու պատրվակով:Gyumri Gyumri1 gyumri3 скачанные файлы (9)

Տեր Նշանը տանտիրուհուց հետաքրքրվեց, թե  ի՞ նչ երազանք ունի, որին ի պատասխան 31-ամյա Սիրան Սահակյանն ասաց՝ «Մի տուն ունենայինք, էս մի սենյակից դուրս գայինք»: Տեր Նշանը հումորով պատասխանեց. «էդ մի երազանքը շատ բարդ է», սակայն րոպեներ անց  հայտարարեց, որ դուք այսօրվանից տուն ունեք: Առավել հուզիչ տեսարանի երևի թե հնարավոր չէ ականատես լինել. տանտիրուհին լսելուն պես սկսեց բարձրաձայն արտասվել՝ չհավատալով ականջներին: Տանտերը՝ 42-ամյա Աշոտ Մարտիրոսյանը բացականչում էր՝ «Շոկի մեջ եմ, չեմ հավատում, Աստված իմ աղոթքները լսեց»:

 

Նրանք պատմեցին, որ 12 տարի ապրում են թափառական կյանքով՝ տարբեր կառույցներում, վերջին 3 տարին ապրում են հանրակացարանի մի սենյակում, ուր չկա ոչ մի կոմունալ հարմարություն. ջուրն անգամ բավական մեծ հեռավորությունից են կրում: Ու չնայած այս պայմաններին՝ փոքր սենյակում մեծ թվով թութակների ու  երկու շների են պահում: Նրանք չորս երեխաներ ունեն՝ երկու աղջիկ ու երկու տղա, սպասում են 5-րդին: Տան միակ աշխատողը հայրն է, որը հովիվ է. 6-7 ամիս  սարերում է լինում: Նա ասաց, որ իր երեխաները երբեք սոված չեն եղել, ծայրը ծայրին հասցրել է, փորձել է հնարավորինս  լավ պահել նրանց, ուղղակի իրենք անօթևանության հերթացուցակում գրանցված չէին ու երբեք հույս չեն ունեցել տուն ունենալու:  «Գոհ եմ Աստծուցս, միակ բանը, որ պակասում էր ինձ, տունն էր, մեր կյանքը շատ դժվար է եղել»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը:

 

Գյումրեցի երիտասարդները նրանց տեղափոխեցին 3 սենյականոց նոր առանձնատուն, որը գնել էին քաղաքի Արցախ թաղամասում՝ 10 հազար դոլարով: Երիտասարդները սեղաններ էին գցել, զարդարել էին տունը ու սպասում էին Մարտիրոսյանների ընտանիքին:gyumri6gyumri9 gyumri11 գյումրի gyumri8 gyumri7

Այստեղ նրանց դիմավորեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը Մարտիրոսյանների մեծ տղայի՝ 11-ամյա Իսահակի հետ  կտրեց կարմիր ժապավենը ու իր երախտագիտությունը հայտնեց «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրն իրականացրած երիտասարդներին: Բառերով հնարավոր չէ նկարագրել Սրբազանի  կեցվածքը. նա այնքան հպարտ էր, որ շրջապատված է նմանատիպ հայրենասեր երիտասարդներով:

Երիտասարդները սկսեցին քեֆ-ուրախություն. հայրենասիրական երգեր էին հնչեցնում ու պարում, երգերով հայտնում էին, որ չեն լքելու իրենց երկիրը, թուրք ասկյարների հախից են գալու:

Այնուհետ Տեր Նշանը տնօրհնեքի արարողություն կատարեց: Տանտերերը իրոք շոկի մեջ էին, չէին հավատում իրենց տեսածին: Նշենք, որ առանձնատունը ունի երեք սենյակ, ջեռուցման համակարգ, կոմունալ նորմալ պայմաններ:

«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը նշեց, որ վաճառել են 10 հազար բացիկներ այս առանձնատունը գնելու համար. հիմա էլ մտածում են այլ ակցիաներ անցկացնել ու տունը կահավորել:

Հիշեցնենք, որ այս ծրագրին մասնակցել էին ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը, Շիրակի մարզի բոլոր ոստիկանները, Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի մարզպետարանը. Արարատյան թեմը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բազմաթիվ բուհերի, դպրոցների աշխատակիցներ,  շարքային գյումրեցիներ: Ծրագիրն իրագործվում է երրորդ անգամ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Մեծագույն սիրով միացա այս, իրոք կարևոր ու Աստվածահաճո ձեռնարկին: Թող բնակարանամուտը բարի լինի, ձեռնակն էլ՝ երկարատև: Կեցցե՛ն գյումրեցի երիտասարդները

    • Սամվել Կարապետյան says:

      Պարզապես ցանկացա անսահման երախտագիտությունս և շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց, որոնց ջանք ու եռանդի և նվիրումի շնորհիվ մեր անուշ ազգից ևս մեկ ընտանիք տուն ունեցավ: Իսկապես միայն միմյանց սիրելով ու թիկունք լինելով, իրար ձեռք մեկնելով կարող ենք ոտքի կանգնել ու առաջ գնալ: Փա՛ռք Ձեր բարի սրտերին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031