Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողական մոտեցում է». Սաքունցը՝ թաղային հեղինակություններին ոստիկանության բաժանմունքներ տանելու մասին

Մարտ 17,2016 13:16

Շուրջ 120 քաղաքացիներ մարտի 15-ին ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել: Հայտնի է դարձել, որ նրանք թաղային հեղինակություններ են: Եղել են նաեւ խուզարկվողներ, որոնց մոտ հայտնաբերվել է թմրանյութ եւ սառը զենք: Ոստիկանությունը այդ տեղեկությունը չի հերքել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման զանգվածային գործողությունը շատ տարօրինակ է. «Առաջին մոտեցմամբ նման զանգվածային գործողությունը որեւէ հիմնավորում չունի: Միաժամանակ այդքան մարդիկ չէին կարող կազմակերպված հանցագործություն կատարել: Իսկ եթե կար կազմակերպված հանցագործություն կատարելու վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն, ապա կարելի է ողջունել, որ ոստիկանությունը շատ արդյունավետ աշխատում է: Բայց նման մոտեցում չենք տեսնում ընտրությունների ժամանակ, երբ զանգվածային կազմակերպված խախտումներ են կատարվում եւ նման ջանասիրաբար, եռանդուն եւ կազմակերպված մոտեցում ընտրական խախտումներ կատարող անձանց նկատմամբ կանխելու, բերման ենթարկելու մենք չենք նկատում: Սա առաջին կարեւոր տարբերությունն է:

Երկրորդ՝ երբ Շաքրո Մոլոդոյն է գալիս, ոստիկանությունը բացարձակ անգործության է մատնվում, եթե այն հիմքերը, որով այդ 120 քրեական հեղինակություններին բերման ենթարկելու համար կան, ապա այդ հիմքերը առավել քան Շաքրո Մոլոդոյի նման օրենքով գողին բերման ենթարկելու համար: Բազմիցս պարզվում է, որ քրեական հեղինակությունների երկու կատեգորիա կա՝ մեկը օրենքով պաշտպանված հեղինակությունները, մյուսները՝ օրենքով չպաշտպանված: Այսինքն՝ սա ընտրողական մոտեցում է, որը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, ոստիկանությունը մի դեպքում կաշկանդված է, երբ որ քաղաքական գործընթացին է վերաբերվում, մյուս դեպքում, երբ արտոնյալ վիճակում գտնվող քրեական հեղինակությանն է վերաբերվում»:

Արթուր Սաքունցը համարում է, որ ոստիկանությունը ապօրինի է գործել, որովհետեւ անկախ անձի սոցիալական կարգավիճակից նրա նկատմամբ իրավական գործողությունները պետք է լինեն իրավականորեն հիմնավորված. «120 անձի համար միաժամանակ հիմնավորում գտնելը շատ արտառոց է: Այն դեպքում, երբ մեկի դեպքում իրավական հիմնավորում չես տեսնում: Մյուս դեպքում՝ եթե այդտեղ ես տեսնում իրավական հիմնավորումը, ապա առավել իրավական հիմնավորված կարող է լինել ընտրությունների ժամանակ, երբ որ խախտումների մասին զանգվածային ահազանգներ են կատարվում, եւ այդտեղ տեսնում ենք անգործություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031