Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է»

Սեպտեմբեր 14,2016 22:03

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ժպիտով է վերաբերվում այն գնահատականներին, որ ինքը Կրեմլի կադրն է: Այդ մասին, խորհրդարանի բակում, լրագրողների հետ կարճ զրույցում ասաց վարչապետը: Նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը վերաբերվող իր գնահատականներում Կարեն Կարապետյանը բավական կոռեկտ գտնվեց. «Նախորդ վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերն է։ Ես կարծում եմ, որ ինքը բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռը իր վրա եւ այն աշխատանքը, որ ինքը կատարել է, ճիշտն ասած ես չպիտի գնահատեմ, բայց կարծում եմ մեծ բեռ է վերցրել իր վրա»:

Կարեն Կարապետյանը չի կիսում այն կարծիքները, որ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Ավելին, ասում է, որ ինքը նման գնահատական չի էլ լսել:

Այնուհետեւ, Կարեն Կարապետյանը շարունակեց նույն անհանգստությամբ եւ անկեղծությամբ, առանց դեմագոգիկ հայտարարությունների`ներկայացնել իր կարծիքը մեր տնտեսության մասին.

«Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար»: Լրագրողների տարատեսակ հարցերին ի պատասխան նորանշանակ վարչապետն ասաց, որ երկրում մենաշնորհների դեմ պայքար կլինի, կլինեն հավասար պայմաններ. «Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետեւյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող: Այլ խնդիր է՝ խոշոր խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կարգով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որեւէ կերպ չենք խլելու»: Նորանշանակ վարչապետը կարծում է, որ մինչ այժմ անհավասար պայմաններ են եղել: Իսկ թե ինչո՞ւ`ինքը պատասխանել չի կարող:

Այլ, մասնավորաբար, Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերվող, ԱԳ նախարարի`իր`վարչապետին ենթարկվելու եւ համանման հարցերին նորանշանակ վարչապետը տվեց այն պատասխանը, ինչ ավելի վաղ հնչեցրել էր ԱԺ ամբիոնից. «Մեկ ու կես օր է, ինչ վարչապետ եմ: Ծրագիր կներկայացնեմ: Ձեր հնչեցրած հարցերը մասամբ այդ ծրագրից են, եթե ես մաս-մաս սկսեմ ներկայացնել, ձեզ անհետաքրքիր է լինելու ծրագիրը: Երկրորդը` բոլոր հարցերի պատասխանն այս պահին ես ամփոփ չգիտեմ»:

Հայաստանի տնտեսության ծանր վիճակի պատասխանատուների անուններ Կարեն Կարապետյանը չի հնչեցնում: Ասում է, որ դրան հանգեցրել եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառները. «Ոչ պրոդուկտիվ է հիմա հասկանալ, թե ո՞րն է սուբյեկտիվ պատճառը, ո՞րը օբյեկտիվ: Ճիշտը հիմա մեր հիվանդության ախտորոշում անելն է՝ այդ հիվանդությունը բուժելու համար»:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, Կարեն Կարապետյանը  վերահաստատեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը լքել է անձնական պատճառներով: Հարցին, թե հնարավո՞ր է անձնական պատճառներից դրդված յոթ ամիս հետո էլ լքի վարչապետի պաշտոնը, նա պատասխանեց. «Ձեր հարցը որքանո՞վ է կոռեկտ, դուք չգիտեք, թե ես ինչ պատճառ եմ ունեցել: Կարող է անձնական հիվանդության, ընտանիքի հետ կապված է եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930