Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը տուգանվեց 150 հազար դրամով

Սեպտեմբեր 06,2017 17:48

ՀՀ վարչական դատարանը քիչ առաջ որոշեց Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանին տուգանել 150.000 դրամով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը պահանջում էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր էր ներկայացրել:

Նշենք, որ հայցը վերաբերում է 2017-ի մարտի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին կազմակերպված հավաքներին, որոնք ըստ Շահեն Հարությունյանի ներկայացուցիչ Տաթևիկ Հարությունյանի` չեն կարող համարվել իրազեկում պահանջող, քանի որ իրենց բնույթով ընդգրկում են շտապ հավաքի շրջանակը, իսկ դրա ընթացքում բարձրացված հիմնական պահանջներից մեկը, այն է՝ Հաց բերողին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը, չէր կարող հասնել իրազեկում ներկայացնող 7- օրյա ժամկետում, քանի որ Հաց բերողը հուղարկավորվել է մարտի 22-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Տաթևիկ Սիրադեղյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշեց մեկ արարքի համար Շահեն Հարությունյանին ենթարկել պատասխանատվության`150 հազար դրամ տուգանքի չափով, իսկ Երևանի քաղաքապետարանի մնացած երեք հայցերը մերժվեցին:

Մեր այն հարցին` փաստ է այն, որ Շահեն Հարությունյանը կտուգանվի 150 հազար դրամի չափով, արդյոք նման որոշում ակնկալո՞ւմ էիք, Տաթևիկ Սիրադեղյանը պատասխանեց. «Ինձ համար անակնկալ չէր, քանի որ Շահեն Հարությունյանի գործը քաղաքական բնույթ էր կրում: Հայաստանում մենք չունենք անկախ դատական համակարգ: Ինձ համար առավել անակնկալ կլիներ, որ դատարանը Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության չենթարկեր: Փաստորեն, սրանով հաստատվեց, որ մենք չունենք մյուս իշխանության թևերից տարանջատված անկախ, օբյեկտիվ և անկողմնակալ դատական իշխանություն»:

Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացմամբ` Շահեն Հարությունյանը պատասխանատվության է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 180 պրիմ 1 հոդվածի 1-ին մասով, որը պատասխանատվություն է առաջացնում հավաքի կազմակերպիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք իրականացնելու համար: Այս առիթով Շահեն Հարությունյանի ներկայացուցիչը պարզաբանեց. «Դատարանը գտել է, որ Շահեն Հարությունյանը տվյալ հավաքի դեպքում պարտավոր էր իրազեկել համայնքի ղեկավարին, մինչդեռ մենք գտնում ենք, որ հավաքն ինքնաբուխ է եղել, որի դեպքում իրազեկում ներկայացնելու պարտականություն Շահեն Հարությունյանի վրա որպես հավաքի կազմակերպիչ դրված չէ օրենքով»:

Հարցին` արդյոք դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ են, Տաթևիկ Սիրադեղյանը պատասխանեց`միանշանակ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930