Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը Արծրուն Հովհաննիսյանին դիտողություն է արել՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների աղմուկի համար

Սեպտեմբեր 13,2017 19:50

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ինչի պատճառով մամուլում մեծ աղմուկ բարձրացավ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ուղղեց ՊՆ նախարարին:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ իսկապես այդ թեմայով քննարկումները արդեն զավեշտի էին հասնում: Նա ասաց, որ մեր զինված ուժերը տարեկան հարյուրավոր միջոցառումների են մասնակցում եւ հազարավոր միջոցառումների չեն մասնակցում, ինչպես դա անում են բոլոր երկրները. «Կոնկրետ այն զորավարժությունը, որը արծարծվում էր մամուլում, ի սկզբանե հայկական կողմը այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել եւ դեռեւս մարտ ամսին պաշտոնապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու՝ ելնելով ուղիղ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալուց»:

Նախարարն ասաց, որ զորավարժություններին նախապատրաստվող կոնֆերանսներ են լինում եւ հայկական կողմը եւս մեկ հրավեր է ստացել՝ քննարկմանը մասնակցելու, թե մեզ չի՞ հետաքրքրում այդ զորավարժությունը: Մերոնք մասնակցել են եւ վերջնաժամկետից օրեր առաջ՝ օգոստոսի վերջին հայտնել են, որ չեն մասնակցելու:

Ըստ նախարարի, որեւէ արտառոց բան չի եղել, բայց թե ով է մեղավոր ստեղծված աղմուկի համար, Վիգեն Սարգսյանը սխալն իրենց կառույցի մեջ է տեսնում. «Պաշտպանության նախարարությունը առաջին իսկ պահին արագ չարձագանքեց մամուլում հայտնված լուրին: Կապում եմ դա նրա հետ, որ ես եւ տեղեկատվության վարչության պետը (Գեւորգ Ալթունյանը,- Հ. Ջ.) այդ պահին եղել ենք ճանապարհին դեպի Չինաստան, իսկ մամուլի քարտուղարը, կարծում եմ, լիարժեք այդ պահին չի պատասխանել, որի համար ես իրեն արել եմ համապատասխան դիտողություն՝ հաշվի առնելով, որ ինքն իր փորձով պետք է կարողանար լիարժեք լուսաբանել այդ հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930