Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին. SIPRI

Ապրիլ 25,2024 14:24

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայություն. 2023 թվականին ողջ աշխարհի երկրների կողմից ռազմական նպատակներին ուղղված ծախսերը կազմել են 2․44 տրիլիոն դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Այս մասին ասված է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի օրերս հրապարակած զեկույցում։

Զեկույցը պնդում է՝ ռազմական ծախսերն ավելացել են իններորդ տարին անընդմեջ։ Ընդ որում, 2009 թվականից ի վեր առաջին անգամ ռազմուժին ուղղված գումարները ավելացել են կազմակերպության առանձնացրած բոլոր հինգ աշխարհագրական շրջաններում․ ամենից շատը ծախսերն աճել են Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու Ասիայում:

2023 թվականին ռազմական ուղղությանը հատկացված գումարների մեծության առումով առաջին հինգ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ուկրաինան, Ֆրանսիան և Ճապոնիան։

Ռուսաստան

SIPRI-ի գնահատականների համաձայն, 2023 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 109 միլիարդ դոլար՝ 24%-ով ավելի 2022 թվականի համեմատ, իսկ 2014 թվականի համեմատ, երբ Ռուսաստանը բռնազավթեց Ղրիմը, աճը կազմել է 57%։

Մեկ այլ թիվ՝ 2023 թվականին Ռուսաստանի ռազմական բյուջեն երկրի ՀՆԱ-ի 5.9%-ն է եղել։ Համեմատության համար նշենք, որ մեկ տասնամյակ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 4.1%: Զեկույցում ասված է, որ 2023 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են ընդհանուր պետական ծախսերի 16%-ը։

Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

SIPRI-ի կայքէջում առկա տվյալների շտեմարանի համաձայն, 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 1 միլիարդ 329.5 միլիոն դոլար, կամ 67.1%-ով ավելի 2022 թվականի համեմատ։

Ադրբեջանինը՝ 3 միլիարդ 561.6 միլիոն դոլար, կամ 19%-ով ավելի 2022 թվականի համեմատ։

Վրաստանը 2023 թվականին ռազմական ուղղությամբ հատկացրել է 504.6 միլիոն դոլար, և 2022 թվականի համեմատ աճը կազմել է ավելի քան 40%:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930