Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենավատ հետեւանքը լճացումն է լինելու

Նոյեմբեր 16,2017 10:04

Հայտնի հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը, իմ կարծիքով, շատ լավ վերլուծություն էր գրել տարկետման իրավունքի թեմայով: Նա ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր» խումբը, որը, ոմանց կարծիքով, իբր «շահադիտական նպատակներով» պետք է դեմ լինի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին: Սակայն իրավիճակն այլ է՝ սկզբունքորեն կողմ լինելով այդ ծրագրերին՝ հեղինակը բարձրաձայնում է ավելի խորքային հարցեր, հրավիրում է ավելի լուրջ քննարկումների, քան այն մակերեսային լեզվակռիվն է, որը սովորաբար տեսնում ենք Ֆեյսբուքում: Հոդվածի բովանդակությունը չեմ վերաշարադրի, կարող եք կարդալ:

Փոխարենն անդրադառնամ վերջին թեզին եւ փորձեմ այն շարունակել: «Ամենավտանգավոր տենդենցն այն է, որ պետական համակարգը, քաղաքական վերնախավը այս ամենից հետեւություն կանի, որ գործ չանելը ավելի ճիշտ է, ավելի անվտանգ է, քան անելը։ Սա կբերի համընդհանուր ստագնացիայի։ Մենք հոգեբանորեն կդառնանք ոչ համարժեք մեր առաջ կանգնած մարտահրավերներին»,- գրում է Էլինար Վարդանյանը:

Իրականում հայտնի է, որ իշխանության ցանկացած նախաձեռնություն՝ լինի դա կուտակային կենսաթոշակ, 13 տարեկան աղջիկների պատվաստում, ընտանեկան բռնությունը  կանխարգելող օրենք, արագաչափերի տեղադրում եւ այլն, հասարակության կողմից a priori ընկալվում է որպես չարիք: Եվ մենք գիտենք դրա պատճառները:

Առաջինը՝ իշխանությունների նկատմամբ վստահության չափազանց ցածր աստիճանն է, որն իր հերթին ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:

Երկրորդը՝ ընդդիմության քարոզիչները շատ ավելի կրեատիվ են, քան իշխանություններինը՝ վերջիններիս ուղեղը փոքր-ինչ ճարպակալած է:

Երրորդ՝ իշխանությունը, եթե անգամ ուզում է անցկացնել սկզբունքորեն ճիշտ եւ օգտակար նախագիծ (որպիսին էր, օրինակ, իմ կարծիքով, կուտակային կենսաթոշակի մասին նախագիծը), այն մինչեւ վերջ, բոլոր մանրամասներով չի մշակում, հաշվի չի առնում հնարավոր սողանցքները եւ բնակչության մեծ մասի մենթալիտետը:

Բարեփոխումներ անցկացնելը, որպես կանոն, կապված չէ իշխանավորների անձնական, նյութական շահերի հետ: Օրինակ՝ եթե երիտասարդները շարունակեն բանակից ազատվել մագիստրատուրաների եւ ասպիրանտուրաների միջոցով, դրանից ոչ մի իշխանավորի բիզնես կամ կաշառք ստանալու հնարավորություն չի պակասի: Հետեւաբար պաշտպանության նախարարն իսկապես ցանկանում է, որ գիտությամբ իբր զբաղվելը բանակից ազատվելու «մահանա» չդառնա: Բայց ցանկացած, անգամ ճիշտ գաղափար անպայման հանդիպելու է հասարակական դիմադրությանը եւ հարակից, նաեւ անձնական թեմաների ներմուծմանը՝ «բա դու ծառայե՞լ ես», «բա քո տղան ծառայե՞լ է», «բա ինչո՞ւ հարուստների երեխաները չեն ծառայում» եւ այլն: Եվ Վիգեն Սարգսյանը, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ կմտածեն՝ «ավելի լավ չի՞ լինի, եթե ոչ մի բան չփոխվի, ինչո՞ւ եմ անցավ գլուխս ցավի տակ դնում»:  Դա ուղիղ ճանապարհ է դեպի լճացում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ուր է այդ գիտությունը… հարցը տալիս են հիմնականում այն մարդիկ, ովքեր ունեն հումանիտար կրթություն կամ իրենց շփման հիմնական շրջանակը այդ մարդիկ են։ Ես ոչինչ չունեմ այդ մարդկանց դեմ, բայց ուզում եմ ասել, որ բնական գիտությունների ուղղությամբ կատարվել եվ այժմ էլ կատարվում են լուրջ հետազոտություններ եվ ստացվում են կարեվոր արդյունքներ։ Այս սարսափելի ցածր ֆինանսավորման պայմաններում Ես նույնիսկ կասեի, որ այսօր բնական գիտությունները այն քիչ ուղղություններից են Հայաստանի համար, որտեղ մենք իրոք արդյունավետ ենք, հատկապես Երիտասարդ գիտնականները։ Դրա համար մինչեւ ասելը ուր է այդ գիտությունը, կխնդրեի շփվել եվ ծանոթանալ ավելի կոնկրետ թե ինչ աշխատանքներ են արել եվ անում երիտասարդ գիտնականները։ Օրինակ, ԵԳԱԾ շրջանակներում ինչքան աշխատանքներ են դրամական խրախուսում ստանում։

  2. Կարեն says:

    Լիովին համամիտ եմ Ավետիք Առաքելյանի կարծիքին: Այսոր վերացնելով բնական գիտությունները, վաղը չենք ունենա մասնագետներ ոչ մի բնագավառում: Ուսուցիչներին, ինժեներներին, բժիշկներին, գրագետ սպաներին Թուրքյաից էք հրավիրելու?: Հայագիտությամբ երկիր եք պահելու?: Այս օրենքը ոչ թե լճացման, այլ երկրի քայքայմանն է բերելու: Ցավոք, ի տարբերություն եչիտասարդների, մեծապատիվ իշխանավորները չհասկացան:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/11/16/920283/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930