Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ կյանքում երազել եմ նման գործ ունենալ». Գարի Քյոսայանի «Ռեւերանսը»՝ ունկնդրին

Ապրիլ 24,2024 12:30

Ճանաչված երաժշտին ու իր ջազ քառյակին կընկերակցի վիրտուոզ ջութակահար Լուսինե Ֆիելոնը

Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգով հանդես կգան ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով, երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը, իսկ համերգի հատուկ հյուրն է  վիրտուոզ ջութակահար Լուսինե Ֆիելոնը՝ ԱՄՆ-ից: Համերգին կհնչեն ինչպես Գարի Քյոսայանի ջազային նոր ստեղծագործությունները, այնպես էլ համաշխարհային հիթեր:

«Դա մեծ տոն է մեր բոլոր արվեստագետների  եւ ինձ համար, հրաշալի է, որ ջազը տոն ունի՝ ջազ նվագողների, ջազ երգողների,  ջազի սիրահարների համար, իսկ այդ տոնը համերգով նշելը մեծ պատասխանատվություն է եւ շատ մեծ նվեր՝ նախ երաժիշտներիս, ապա՝ հանդիսատեսի համար: Ապրիլի 30-ի համերգի ծրագրում մի քանի պրեմիերաներ կլինեն: Միացյալ Նահանգներից հատուկ այդ համերգի համար ժամանելու է վիրտուոզ ջութակահար Լուսինե Ֆիելոնը, որը հայտնություն է ինձ համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գարի Քյոսայանը:

Մեր դիտարկմանը, թե ծանր իրավիճակում ջազն ինչ առաքելություն կարող է ունենալ, Գարի Քյոսայանն այսպես արձագանքեց. «Իսկական ջազը, այն ջազը, որը հոգեւոր ջազ է (որի ներկայացուցիչների կատարմամբ ես սովորել եմ ջազ նվագել, նկատի ունեմ՝ ջազի գիգանտներ Օսկար Փիթերսոնին, Էլա Ֆիցջերալդին, Դյուկ Էլինգտոնին, Ջիմմի Սմիթին եւ մյուսներին), հոգեկան հավասարակշռություն է ստեղծում: Մի զարմանալի բան եմ ուզում պատմել, երբ ԱՄՆ-ում խանութ էին մտնում, հաճախ հարմարավետ չէի զգում ինձ, հետո հասկացա՝ որն էր պատճառը… Բանն այն էր, որ այդ խանութների երաժշտությունը շատ ագրեսիվ էր, դրա համար էլ ցանկանում էի արագ դուրս գալ՝ առանց որեւէ բան ընտրելու… Բայց մի խանութում ես ինձ լավ էի զգում, հետո հասկացա, թե որն է պատճառը: Բանից պարզվեց, որ այդտեղ սփիրիչուել է հնչում, ջազային երաժշտություն, որն ուղղակի ականջ էր շոյում… Այնպես որ,  շատ կարեւոր է, որ ջազը մարդու հոգուց հնչի, որովհետեւ հենց այդ ջազն ունի կախարդական ուժ՝ հոգեւոր հավասարակշռություն ստեղծելու, իսկ հոգեւոր հավասարակշռությունը բոլորին է անհրաժեշտ: Եթե մարդը հոգեպես հավասարակշռված է, կարող է լավ մտածել, լավ ստեղծագործել, լավ զավակ, լավ հայր եւ մարդկությանն ու իր հայրենիքին պիտանի մարդ լինել: Առողջ հոգին է մարմինն առողջացնում»:

Քանի որ բոլոր համերգներին Գարի Քյոսայանը միշտ անակնկալներ է ունենում, հետաքրքրվեցինք, թե ինչ անակնկալ ունի ունկնդրին այս համերգի ժամանակ:

Պարզվեց՝ երեք պրեմիերա է լինելու: Երաժիշտը որոշ փակագծեր բացեց. «Մի շատ հետաքրքիր գործ եմ գրել, որը կոչվում է «Ռեւերանս», այն կհնչի առաջին անգամ: Ես ամբողջ կյանքում երազել եմ նման գործ ունենալ, ու փառք տիրոջը, Աստված դա ինձ նվիրեց օրերս: Լուսինեի հետ պետք է նվագենք իմ ստեղծագործություններից, բայց թարմ մեկնաբանությամբ: Իմ ստեղծագործությունները ջազ քառյակով, ջութակով չեն հնչել, այս համերգին այդպես կհնչեն, ինչը նոր գույն է, նոր տեսակ՝ ջազի մեջ:

Մի ջազային ջութակահար կար՝ Ստեֆան Գրապելլի, որը երբ նվագում էր, ասես գարունը բացվեր, ծաղիկները երգեին, ջութակահարի կատարման մեջ լավատեսական բան կար, ուրախ տոն՝ իր կատարման շնորհիվ: Նույնն էլ Լուսինեի պարագայում է: Նա եւս վիրտուոզ ջութակահար է, ապշելու երաժիշտ եւ դրական մարդ»:

Գարի Քյոսայանն ասաց, որ ինքը ջազն ասոցացնում է բարության, հոգեւոր մտածելակերպի ու երաժշտության միջոցով հաղթանակի հետ:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ առաջիկա համերգներից մեկում իր փոքրիկ դուստրն էլ հանդես գա նույն բեմում: «Դեռ վաղ է», -ասաց ճանաչված երաժիշտը: Ապա հավելեց. «Ինքը դաշնակահարուհի է եւ դասական երաժշտություն է նվագում: Չնայած մայրիկի՝ Ալլա Սահակյանի ամբողջ ծրագիրը գիտի, շատ լավ երգում է, բայց իր համար դեռ շուտ է»:

Մեր զրույցի ավարտին Գարի Քյոսայանն ընդգծեց. «Շատ կուզենայի, որ մեր ժողովուրդը գրագետ լինի եւ ճիշտ  արվեստի երկրպագի, որովհետեւ հենց հիմա տեսնում եք, թե ինչպես է երաժշտությունը եւ ընդհանրապես ամեն բան խեղաթյուրվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930