«Երկրաշարժի դեպքում Երևանի կենտրոնում շտապօգնությունը չի կարողանալու տեղ հասնել խտացվածության պատճառով». Սարհատ Պետրոսյան

«Երկրաշարժի դեպքում Երևանի կենտրոնում շտապօգնությունը չի կարողանալու տեղ հասնել խտացվածության պատճառով». Սարհատ Պետրոսյան

«Դասեր քաղել ենք»,- «Մեդիա կենտրոնում» «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը:

Անդրադառնալով Երևանի սեյսմակայունությանը՝ պարոն Մովսիսյանն ասաց. «Երևանը 7-8 բալի տակ կառուցված քաղաք է: Եթե 9 և ավելի բալ երկրաշարժ լինի, վտանգը կա»: Պարոն Մովսիսյանը վստահեցրեց, որ սեյսմակայունության տեսանկյունից լիովին համապատասխանում ենք միջազգային չափանիշներին, ուստի հարցերին, թե Սպիտակի երկրաշարժից դասեր քաղել ենք, միանշանակ կարելի է պատասխանել՝ դասեր քաղել ենք:

Դառնալով այն հարցին՝ որքա՞ն ներդրում է անհրաժեշտ ՀՀ-ն լիովին սեյսմակայունության չափանիշներին համապատասխանեցնելու համար, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «32-35 միլիարդ դոլարի ներդրում պետք է արվի ՀՀ շինությունները ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանն էլ տեղեկացրեց, որ Երևանը կարելի է բաժանել երեք խմբերի. «Ուժեղ գրունտներ, որոնք գտնվում են Նոր Նորքի հատվածում, երկրորդ կարգի գրունտներ, որոնք գտնվում են Երևանի կենտրոնում, երրորդ կարգի գրունտները՝ Աերացիայի տարածքում: Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ավելի մեծ ռեզոնանս առաջացնել: Ըստ հաշվարկների՝ երկրաշարժի դեպքում Երևանի շինությունների 40 տոկոսը կունենան փլուզումներ»:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը բարձրացրեց Երևանի կենտրոնի խտացումը և մտահոգություն հայտնեց. «Նոր կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, բայց խնդիր ունենք Երևանի կենտրոնի խտացման հետ: Երկրաշարժի դեպքում քաղաքի բոլոր հատվածների հասանելիության առումով լուրջ խնդիր ենք ունենալու. օրինակ՝ շտապօգնության և մնացածի հասնելու հետ կապված: Մենք խոսում ենք նորակառույցների, տարեկան երեք-չորս շենքերի ամրակայման կամ սեյսմիկ զինվածության մասին, սակայն չունենք ընդհանուր քաղաքականություն: Այսօր քաղաքում տեսնում ենք կցակառույցներ, հավելումներ, որոնք բոլորը փոխարեն օգնեն այս շենքերի անվտանգությանը, ավելի խոցելի են դարձնում շենքերը»::

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք