Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական կրթություն ստացող ուսանողները մինչև իրենց ուսումնառության ավարտը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից ամսական լրացուցիչ 50 հազարական դրամ կրթաթոշակ կստանան

Հունվար 31,2018 15:58

Հունվարի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակներ են հանձնվել ռազմական կրթություն ստացող ուսանողների։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ այս ծրագիրն իրականացվում է 12 տարի անընդմեջ և նպատակ ունի խրախուսելու ռազմական կրթություն ստացող ուսանողներին։ «Կրթաթոշակի արժանացած ուսանողները մինչև իրենց ուսումնառության ավարտը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից ամսական լրացուցիչ 50 հազարական դրամ կրթաթոշակ կստանան։ Մենք այս ծրագիրը նախաձեռնել ենք գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք դրսևորող ուսանողների համար, քանի որ կարծում ենք՝ այդ ուսանողները պետք է անպայման խրախուսվեն։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ռազմական կրթությունը դառնա գրավիչ։ Ռազմական մասնագիտությունը պատվաբեր է, և մենք էլ պետք է խրախուսենք այս դժվարին ուղին բռնած երիտասարդներին»,- ասաց Կարեն Ավագյանը։

Նշենք, որ Գարեգին Նժդեհի անվանական կրթաթոշակ է ստացել Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Մանուկ Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակի է արժանացել Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Արտաշես Աշոտի Գյոզալյանը, Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակակիր է դարձել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Արայիկ Թամրազյանը, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ է հատկացվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 12-րդ դասարանի սան Դավիթ Անդրեասյանին։

Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակակիր Արայիկ Թամրազյանը Արցախից՝ Մարտունու շրջանից է, սովորում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, հրետանավոր է։ Արայիկը նշում է, որ կրթաթոշակն իրեն պարտավորեցնում է, այսուհետև մտածելու է էլ ավելի լավ սովորելու մասին։ «Եթե համալսարանն ինձ առաջադրել է կրթաթոշակի, նշանակում է, որ վստահում են, և ես ամեն ինչ անելու եմ այդ վստահությունը արդարացնելու համար»,- ասում է Արայիկը և ավելացնում, որ ուսումն ավարտելուց հետո որոշել է ծառայությունը շարունակել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ) տեղակայված սահմանապահ զորամասում։

Նշենք, որ կրթաթոշակների հավաստագրերը ուսանողներին հանձնել են Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031