Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. «Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ»

Փետրվար 21,2018 14:22

«Ես համալսարանում 1989 թվականից դասավանդում եմ, ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարում, որ դա նվաստացուցիչ է»,- «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարը պատասխանում էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Պատգամավորը նախագծի որոշ հոդվածներում խտրական մոտեցում է տեսել: Մասնավորաբար, 28 հոդվածի 12-րդ կետում սահմանված է, որ կենսաթոշակային տարիքի գիտնականը չի կարող մասնակցել համալսարանում թափուր տեղերի մրցույթներին: «Բայց նշվում է, որ թողնվում է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքել: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ»,- ասաց պատգամավորը: Նաեւ հավելեց`կոռուպցիոն ռիսկեր կան, սուբյեկտիվիզմ կա. «Մի կետով ասում եք`ստեղծվում են գիտխորհուրդներ, կառավարման խորհուրդներ`հակազդելու ռեկտորի ազդեցությանը, մյուս կետով ասում եք`ռեկտորը պիտի որոշի`կենսաթոշակային տարիքի գիտնականն աշխատի՞, թե`ոչ: Հինգ տարի շարունակ էս նվաստացուցիչ արարողությունը`գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է`թույլ տա՞, թե`ոչ»: Սերգեյ Բագրատյանը կարծում, է`եթե տվյալ գիտնականը ինքնուրույնություն է դրսեւորել, ռեկտորը կարող է թույլ չտալ, եթե իր հորդորները լսել է`թույլ կտա:

Մեկ այլ հոդվածով էլ արգելք է դրվում 70 տարին լրացած անձանց ԲՈՒՀ-երում վարչական աշխատանքի համար: «Սա գիտնականի նկատմամբ ոչ միայն անհարգալից է, նաեւ մարդու իրավունքների խախտում է»,- ասաց Սերգեյ Բագրատյանը`հիշեցնելով, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառաբանությամբ աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծարելու իրավունքը, այն համարելով խտրական վերաբերմունք:

«Երիտասարդ սերնդի խնդիր ա, ոչ թե ավագի: 5-7 տարի հետո մենք գիտնական չունենք, որ ամբիոնները ղեկավարեն»,- ասաց նախարարը`հավելելով, որ պատրաստ են այս հարցերը երկար քննարկել եւ հօգուտ գիտության որոշումների հանգել: «Երեւանի թատրոնի կինոյի ինստիտուտում 8 ամբիոնի վարիչ կա, 5-ի տարիքն էլ 60- ից վեր է: Բոլոր երկրներում, ԽՍՀՄ ժամանակ էլ 40-50 տարեկանների տիրույթը 60 տոկոսի մեջ էր: Այսօր այն չի հասնում տասը տոկոսի: Ես, ասենք ավարտել եմ, թեկնածուական դիսերտացիան պաշտպանել եմ, իմ ղեկավարին շատ սիրում եմ եւ ամբիոնում հայտարարվում է մեկ տեղ: Ես էլ շատ տաղանդավոր երիտասարդ եմ: Այդ տեղի վրա հինգ տարով դնում է իմ ղեկավարը: Ես կամ չպիտի դնեմ, կամ եթե դնեմ էլ, այնպես է, որ չեմ անցնի: Կամ`նույն անձնավորությունը չորս տեղ ամբիոնի վարիչ է, ինստիտուտի տնօրեն է, լաբորատորիայի վարիչ է: Բայց մնացած երեք տեղն այլ մարդիկ կարող էին վերցնել: Ու երբ այդ մարդիկ տեղ չունեն, ոչ աշխատավարձն է բարոք, ոչ է այլ հնարավորություն ունեն`թողնում երկրից դուրս են գալիս»,- հարցին հակառակ կողմից փորձեց մոտենալ Լեւոն Մկրտչյանը:

Սերգեյ Բագրատյանը հարց էր հնչեցրել նաեւ ԲՈՒՀ-երում պետության կարգավորիչ դերի մասին:

«Եթե մանկավարժականը կադաստրի գործ մասնագիտություն է դնում, ուսանողից վարձ է վերցնում եւ անորակ կրթություն է տալիս, իր առաքելությունից շեղվում է: Իր առաքելությունը մանկավարժական կրթություն տալն է: Երբ մասնագիտություններով հավատարմագրում անենք, այս հարցերը կկարգավորվեն»,- պատասխանեց Լեւոն Մկրտչյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը չհամաձայնեց նախարարի դիտարկումների հետ: Ասում է`երիտասարդ, տաղանդավոր գիտնականների արտահոսքն ավելի շատ պայմանավորված է իրենց կենսամակարդակի ապահովմամբ, քան հասակով գիտնականների`իրենց «դեմը փակելով»: «Եթե այդ նույն գիտնականին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա 200 հազար դրամով երբեւէ չի մնալու այստեղ աշխատելու»,- ասաց նա:

«Մեր երիտասարդ զգալի հատվածի համար բարոյական բավարարվածությունը շատ կարեւոր է: Չեմ կարծում, որ նրանք ավելի պակաս հայրենասեր են: Եկեք տանք այդ հնարավորությունը»,- իր դիրքորոշմանը մնաց Լեւոն Մկրտչյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728