Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միջին մասնագիտական կրթություն ունեցողներին թույլատրում են երգ-երաժշտության, տեխնոլոգիայի ուսուցիչ լինել ու դասղեկ՝ տարրականում

Հունիս 06,2018 14:42

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միջին մասնագիտական կրթություն ունեցողներին թույլատրել, որ դպրոցներում դասավանդեն տեխնոլոգիա, երգեցողություն, լինեն տարրական դասարանների դասղեկ:

Օրենքով սահմանվում է, որ մանկավարժական համապատասխան դիպլոմավորված մարդիկ միայն կարող են դասավանդել դպրոցում՝ բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտածները: Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանի որ խնդիր ունենք դպրոցներում մասնագետների հետ կապված, աշխատավարձը ցածր է, մասնագետներ չեն ներգրավվում, ուզում են թույլ տալ, որ երգ-երաժշտության, տեխնոլոգիա դասավանդողները, դասվարները կարողանան աշխատել դպրոցում՝ առանց այդ դիպլոմի:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ օրենքի նախագծում նախկին կառավարության հիմնավորումն է մնացել, որ այն մարդիկ, որոնք ունեն երկար տարիների ստաժ, երեխաների հետ աշխատելու փորձ, նրանց պետք է մինչեւ 2023 թվականը թույլատրել աշխատել դպրոցում:

Նախարարն ասաց, որ խնդիրը հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցներին է վերաբերում: Հանձնաժողովի նախագահը հարցրեց՝ ֆիզիկա նրանք, օրինակ, կարո՞ղ են դասավանդել, նախարարը պատասխանեց, որ ոչ, միայն նշված առարկաները. «Մենք նախկինում ունեցել ենք Բակունցի ուսումնարանն ավարտածներ մասնագետների մեծ հոսք դեպի դպրոցներ, որոնք իրականում լավ մասնագետներ են եւ այդ խնդիրն է առաջացել, նրանք անհրաժեշտ դիպլոմը չունեն, բայց եթե նրանց հանեն, այլ մասնագետ չունենք:

Հանձնաժողովի անդամները խոսեցին այն մասին, որ մեր ժողովուրդը սիրում է բարձրագույն կրթության դիպլոմ, դեռ այդ «օժիտ տանելու» միտքը կա:

Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ այլեւս դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ նոր աշխատողներ չեն ընդունում, դա օրենքի պահանջ է, միայն թույլատրում են աշխատել արդեն աշխատող, ստաժ ունեցողներին: Մինչեւ 2023 թվականը նրանք արդեն թոշակի կանցնեն: Հիմա պետք է մտածեն, որ համապատասխան կադրեր ունենան: Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ 5 տարին բավարար է՝ այդ առարկաների մասնագետ պատրաստելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930