Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գոյամարտի յոթնամյա ուղին

Օգոստոս 03,1995 16:18

Յոթ տարի առաջ, 1988-ի հուլիսին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի նստաշրջանի որոշմամբ դրվեց ներկայիս անկախ Ղարաբաղի Հանրապետության անկյունաքարը: Անսալով լայն զանգվածների կամքին՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ ժողովրդի ընտրյալները արտահայտվեցին Ադրբեջանի կազմից ինքնավար մարզի դուրս գալու օգտին: Այդ պատմական որոշմամբ արցախցիները, ըստ էության, թոթափեցին 70-ամյա ստրկության լուծը եւ որպես օրացույցի հասարակ թերթիկ պատմության գզրոցը նետեցին 1921-ի հուլիսի 5-ի Կավբյուրոյի որոշումը: Արցախը հռչակվեց անկախ, ինքնիշխան հանրապետություն՝ երաշխիքներ ստանալով վերականգնելու իր պատմական, իրավական, ազգային ու մշակութային ինքնությունը:

Ճակատագրական այդ օրից շատ ջրեր են հոսել. կոտորած ու բռնագաղթ, երկարամյա պատերազմական գործողություններ, շրջափակում, Արցախի հիմնախնդրի միջազգայնացում… Իսկ արդյունքում՝ մեկ տարուց ավելի հարաբերական զինադադարն ու խաղաղությունը ժամանակային այս հատվածում հանրապետության քաղաքական- տնտեսական եւ պաշտպանական կառույցներում, սոցիալական ոլորտում եւ մարդկանց հոգեբանության մեջ որակական փոփոխություններ են կատարվել, նոր մեխանիզմներ ու լծակներ են մշակվել՝ տակտիկական եւ թե ստրատեգիական առումներով։ Ձեւավորվել են նոր խորհրդարանը (նախագահ՝ Կարեն Բաբուրյան) կառավարությունը (վարչապետ՝ Լեոնարդ Պետրոսյան), ստեղծվել է ղեկավարման նախագահական ինստիտուտ (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան), պաշտպանության նախարար է նշանակվել Սամվել Բաբայանը:

Այս կառույցներով Ղարաբաղի Հանրապետությունը փաստորեն, մտել է պետական շինարարության նոր փուլ, որը նշանակում է իշխանության եւ կառավարման մարմինների կառուցվածքի ու գործունեության կատարելագործում, տնտեսական բարեփոխումների համալիր լծակների ստեղծում։

Այսօր հիմնախնդիրներից ամենագլխավորը թերեւս Ղարաբաղի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության ապահովումն է, հնարավոր բոլոր երաշխիքների հզորացումը, պրոֆեսիոնալ բանակի մարտունակության բարձրացումը, գումարած կարգապահություն, անհողդողդ ոգի եւ տեխնիկական հագեցվածություն։ Ինչ խոսք, որ այս ֆոնի վրա առաջնային պլան է մղվում մարդկային գործոնը, իսկ դա ենթադրում է, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել զինվորական եւ սպայական կազմի, հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրը:

Երկրորդ հիմնախնդիրը, որով պայմանավորված է նաեւ առաջինը, զարգացած տնտեսահամակարգի ստեղծումն է, առանց որի անհնար է մնացյալ հարցերի օպերատիվ եւ ցանկալի լուծման ապահովումը:

Այստեղ է ահա, որ առաջ է գալիս նախկին տնտեսական կապերի վերակառուցման, վերաիմաստավորման խնդիրը, հաշվի առնելով այլ տարածաշրջանների միկրո եւ մակրո էկոնոմիկաներում կատարվող տեղաշարժերը ընդունելով օրենսդրական համապատասխան որոշումներ եւ ակտեր, հաշվի առնելով Արցախի Հանրապետության առանձնահատկությունները:

Հիմնախնդրի երկրորդ մասը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը իմ կարծիքով, պարտադրում է ողջամտության եւ զգոնության դրսեւորում, անսայթաք առաջխաղացում եւ փոխզիջումներով պայմանավորված երկխոսություն Ադրբեջանի հետ:

Խնդրի առերեւույթ չերեւացող կարեւոր եզրերից մեկն էլ նախագահական ինստիտուտի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միաբանությունն ու միակամությունն է, քաղաքական ճգնաժամի բացառումը:

Առանց այս երաշխիքների հազիվ թե կայուն խաղաղության ու հաղթանակի մասին խոսք լինի եւ իրականացվի տնտեսական այն բարեփոխումների ծրագիրը, որը թելադրված է ժամանակի պահանջով։ Դրա համար կարեւոր է, որ յուրաքանչյուր պետական կառուցվածքի գործունեության ոլորտը սահմանազատվի օրենքով եւ պետական կառույցը գործի իր լիազորությունների ու իրավասությունների սահմաններում։

Բայց քանի որ Ղարաբաղի Հանրապետությունն առայժմ չունի իր հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հետեւապես առժամանակ պետք է ղեկավարվի Սահմանադրական օրենքով, ուր ամրագրված են անկախության ուղին բռնած ցանկացած երկրին բնորոշ բոլոր հիմնարար սկզբունքները: Արդեն ստեղծված եւ գործում է Սահմանադրական հանձնաժողովը, որը առաջիկայում ձեռնամուխ կլինի Հիմնական օրենքի մշակման աշխատանքներին եւ պատրաստ լինելու դեպքում այն կդրվի համաժողովրդական քննարկման:

Ընդհանրացնելով յոթնամյա ուղի անցած Արցախի Հանրապետության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի ընդհանուր պատկերը, միաժամանակ փորձեցինք ուրվագծել այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա եւ իր կայացումը հաստատի Արցախի անկախ Հանրապետությունը

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031