Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարողները դժգոհ են, կառավարվողները՝ եւս

Սեպտեմբեր 09,1995 14:38

Պետական կառույցի նոր սկզբունքների տեսական հաստատումն ավարտին է մոտենում, իսկ դրա գործնական վավերացումն ի կատար կածի սեպտեմբերի 11-ին մեկնարկող Ազգային ժողովը։ Փոփոխությունների հիմքում աչքի զարնող առաջին միտումը կրճատումն է, որը վերաբերում է ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանության համակարգերին՝ խորհրդարանական 6 մշտական հանձնաժողովներ, 27 նախարարություններ, 8 մարզեր, գերզարգացած աստիճանակարգությունները՝ նախագահ-փոխնախագահ-տեղակալներ-քարտուղարներ, պետնախարար-փոխնախարար… Սահմանադրությամբ պարզեցվում են։

Թվում է՝ հաղթում է գործնական նպատակահարմարությունը, ուռճացած կառույցները ինքնատրոհման հակումներ ունեն՝ տարբեր մեծության եւ աստիճանի հրամանատարների բազմացմամբ։ Իսկ որքան շատ են հրամանատարները, այնքան մեծ է անհամաձայնեցված գործողությունների վտանգը, իրավիճակի ընդհանուր գնահատման եւ վերահսկման հնարավորությունները նվազում են։ Կառավարումն իրոք բարդ գիտություն է, իսկ հմուտ ու բանիմաց կառավարումն՝ արվեստ։

Զուր չէ, որ Բ. Ելցինի աջակցությամբ Կառավարման ակադեմիա էր հիմնադրվել եւ թեժ ընտրարշավի նախօրեին, ելույթ ունենալով տեսաբանների նիստում, նախագահը փաստեց ՌԴ պետկառավարման մասնագիտական ցածր աստիճանը, իրական գործընթացների արհեստավարժ վերլուծության պակասը, գործողությունների փոխհակասումը։

Հայաստանում իրադրությունը առավել բարվոք համարել դժվար է, թեեւ մեզ մոտ նույնպես կառավարման տեսական դարբնոցը հիմնադրվում է, վկան ՀՀ Կառավարման դպրոցը՝ «TACIS» ծրագրի շրջանակում գործող։ Կառավարման տարբեր ասպարեզների մասնագետներ են պատրաստվելու, սակայն տեսությունից մինչեւ գործնական կյանք տարածությունը բավական մեծ է։ Իշխանության համակարգը հակված է վերածվելու դինոզավրի, ծայրանդամներում տեղի ունեցող երեւույթները ուշացումով են հասնում կենտրոն, այսինքն՝ արագ հակազդման տարբերակը գրեթե բացառված է, իսկ կենտրոնի ինքնաբավ որոշումներն էլ չեն համապատասխանում տեղային յուրահատկություններին։ Այստեղից էլ՝ լայն ինքնագործունեությունը, համայնքային շահերի եւ դրանց կրող խմբակցությունների հաստատումը։ Պետական քարոզչությունը ապահովող անդյուրաշարժ մեքենան այս հակասությունները առավել ակնհայտ է դարձնում։ Իսկ բարձր պաշտոնյաները, սխալները շտկելու փոխարեն, ավելի ամուր են փակվում՝ նվազագույնի հասցնելով հաղորդակցման դաշտը: Ստեղծվում է կայսրին առավել մերձ կանգնած անձերի «անձեռնմխելի» շրջանակ։ Իհարկե, օրենսդիր եւ գործադիր, դատական մարմինների միջեւ մրցակցություն միշտ էլ ընթանալու է, զուտ կառավարության ներսում էլ տարբեր օղակներ փորձելու են առաջնության դափնիները նվաճել, սակայն, եթե «գաղտնի նետերը» վերածվում են պարբերական իրարամերժ գործողությունների, ապա հասարակական կյանքը ապակայունանում է, ծնվում է անվստահության եւ անձնական անպաշտպանության մթնոլորտ։

Գործողությունների եւ որոշումների հակասականությունը այժմ հատկապես զգալի է Հայէներգոյի, հացամթերումների ու հացարտադրության եւ կրթության ոլորտներում, իսկ վերջիններս հասարակության առողջ կենսագործունեության սուրբ երրորդությունն են։ Նյութեղեն հաց, ջերմություն եւ հոգեղեն լույս, այս երեքից կարեւոր ոչինչ չկա։ Վարչապետի իսկ խոստովանությամբ, տվյալ ասպարեզում ոչ միայն ստորերկրյա, այլեւ վերջրյա խութեր կան՝ Սահմանադրությամբ հաստատված լիազորությունների շրջանակում ընդունված որոշումները սահմանափակող։ Թղթատարության, պաշտոնական գրագրության հեղեղն աճում է, իսկ անհատ քաղաքացին մոլորվում է դրանց մեջ։ Անգամ պետական կարեւորության տեսանկյունից վճռաբեկ նշանակություն չունեցող որեւէ քայլ ձեռնարկելիս քաղաքացուն անհրաժեշտ են բազում տեղեկանքներ, քաղվածքներ, բնութագրեր, դիմումներ՝ ուղղված այլազան ատյաններին։ Այսպես՝ ասպիրանտուրա ընդունվելու կամ հայցորդ դառնալու համար ապագա գիտաշխատողից պահանջվում է անհրաժեշտ փաստաթղթերի մի ծանրակշիռ փաթեթ, նույնը վերաբերում է նաեւ գիտական աստիճան ստացողին, անգամ տեղական ԲԱՀ-ի ստեղծումը մասամբ թեթեւացրեց այս բեռը։ Իսկ յուրաքանչյուր տեղեկանքի, քաղվածքի, բնութագրի ստացում-վավերացումը ճնշող հանդիպումների շարան է բազմաթիվ պաշտոնյա-չինովնիկների հետ, որին, իբրեւ կանոն, նախորդում են երկարատեւ սպասումները դռների առջեւ, հերթերում։

Հաշմանդամության կարգ ձեւակերպելու եւ դրանից բխող արտոնություններից օգտվելու համար պետք է ունենալ երկաթյա նյարդեր, ծով համբերություն եւ աննկուն բարեկամ-ազգակիցներ, այլապես ամենալուրջ հիվանդությունների առկայության դեպքում անգամ անվանապես կարելի է մնալ առողջների շարքերում։ Նախկինում քաղաքացիների շահերի պաշտպանության եւ բողոքների վերջնակետ կար՝ Մոսկվան։ Այսօր, բնականաբար, այն չկա, փոխարինող ատյաններն էլ հեղհեղուկ են։ Քաղաքացիական հայցերով դատարան դիմելը եւս հաջողության երաշխիքներ չի ընձեռում, քննության ընթացքն այնքան ծանրաշարժ է, որ գանգատարկուի համար դրական ելքի դեպքում անգամ հաղթանակը պյուռոսյան է. անհրաժեշտ ժամանակը անվերադարձ կորչում է. ում է պետք ուշացումով հրամցված մանանեխը։ Բայց ամեն ինչ այս մանրուքներից է սկսվում, արդյունքում՝ կառավարողները դժգոհ են, կառավարվողները՝ եւս։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930