Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամենամեծ թշնամին անտարբերությունն է»

Սեպտեմբեր 20,1995 13:01

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին կազմակերպվեց Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողների արշավ՝ աղետի գոտի եւ Արցախ: Արշավի հիմնական նպատակն էր լրատվական միջոցներով իրազեկ պահել աշխարհով մեկ սփռված հայությանը այն աշխատանքներին, որոնք իրագործվում են հիմնադրամի օժանդակությամբ։ Առավոտյան ժամը 10:00-ին մեքենաները շարժվեցին դեպի աղետի գոտի: Հրավիրված էին մեծ թվով լրագրողներ տարբեր երկրներից. հայկական գաղութներից, այդ թվում «Արմինյան Ռիփորթեր», «Նոր կյանք», «Նոր օր», «Արեւ», «Սարդարապատ», «Արմինյեն Մագազին» եւ այլն: Առաջին կանգառը եղավ Գյումրիում, որտեղ հիմնադրամը հատուկ ծրագրերով շինարարություն է իրականացնում։ Լրագրողներին ցույց տվեցին արվեստի ակադեմիայի շենքը, ծանոթացրեցին այն աշխատանքներին, որոնք այստեղ կատարվել են։ Շենքը նախկինում պատկանում էր ՀԿԿ քաղկոմին եւ. երկրաշարժի պատճառով խիստ տուժել էր։ Երբ որոշվեց այն դարձնել մշակութային օջախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնամուխ եղավ նրա վերականգնմանը։ Արդյունքում ստացվեց ճարտարապետական հոյակապ մի կառույց, որը համապատասխանում է սեյսմիկ անկայուն գոտում գտնվող շենքերին ներկայացվող պահանջներին՝ 9 բալ դիմացկունությամբ։ Լրագրողներին եւ հյուրերին ներկայացվող հաջորդ շինությունը Անի թաղամասում գտնվող բնակելի շենք էր, որը շուտով ավարտին կհասցվի: Մասնակիցների խնդրանքով հնարավորություն ընձեռվեց մտնել բնակարանները, ծանոթանալ պայմաններին, եւ հավատացնում եմ, դրանք իրենց հարմարավետությամբ զարմացրեցին նաեւ Եվրոպայից, Ամերիկայից ժամանած հյուրերին։ Իսկ մինչ այդ հիմնադրամի օժանդակությամբ հանձնվել էր 31 բնակելի շենք, ընդ որում, ըստ հիմնադրամի գործադիր վարչության շինարարության բաժնի մասնագետ Արմեն Ջանունցի. հիմնադրամը այս շենքերի կառուցումը զրոյից չի սկսում, այլ ավարտին է հասցնում 60-70 տոկոսով պատրաստ շենքերը։ Դրանք այն շինություններն էին, որոնց կառուցումը կիսատ մնաց Խորհրդային Միության փլուզումից հետո:

Լրագրողների այցելած մյուս օբյեկտը Գյումրիի մանկավարժական համալսարանն է, որը, ի պատիվ շինարարների, շահագործման հանձնվեց մոտ մեկ տարում եւ այժմ այստեղ սովորում է 400-ից ավելի ուսանող։

Երկրաշարժից տուժած Գյումրիում իրագործվող վերականգնման աշխատանքներին ծանոթանալը շատ հետաքրքիր էր, սակայն այդ օրվա ամենակարեւոր իրադարձությունը կայանալու էր Վանաձորում, որտեղ Տարոն 4 թաղամասում բացվելու էր հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապարտեզը, եւ որի համար հատուկ Վանաձոր էր ժամանելու Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ն: Ժամը 15:30-ին հոծ բազմության ներկայությամբ Գարեգին Ա-ն կատարեց շենքի բացումը, որին նախորդեց նրա հայրապետական խոսքը. «Մեր ամենամեծ թշնամին անտարբերությունն է»,- ասաց Կաթողիկոսը: Վեհափառը կոչ արեց Հայաստանի եւ Սփյուռքի հայերին անտարբեր չլինել հայրենիքի հանդեպ՝ «Աստված մեզ տվեց այս հողը եւ մենք իրավունք չունենք այն չսիրելու»։ Շինարարությունը իրականացրել է «Հայաստան» հիմնադրամը Ավստրալիայի «Աղետյալների օգնության մարմին» կազմակերպության օժանդակությամբ։ «Երբ այստեղ եկա առաջին անգամ, այն ժամանակ մահ, լաց, փլուզում կար»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Հետո դիմելով հարյուրավոր ժպտադեմ երեխաների՝ նշեց, որ ինքը անչափ ուրախ է եւ աղոթում է, որ տեսնում է բոլորին այսպես ժպտադեմ: Դրան հաջորդեց աղոթքը։

«Դեռ հարյուրավոր շինություններ կան կառուցելու, եւ այսօր ուրախ ենք, քանզի այս մանկապարտեզի կառուցման փաստով տեսնում ենք, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են»,- իր խոսքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Մանուշակ Պետրոսյանը։ Մանկապարտեզը միակ շենքը չէ, որ այստեղ կառուցել են հիմնադրամի միջոցներով։ Տարոն 3 թաղամասում, հիմնադրամի օժանդակությամբ     արդեն հանձնվել է 5 բնակելի շենք: Մոտ ապագայում կավարտվեն եւս երկուսը։

Լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի մեջ կարելի է առանձնացնել մեկը, որը տրվում էր բոլոր շինությունների առնչությամբ.

– Համապատասխանո՞ւմ են արդյոք դրանք սեյսմիկ պահանջներին։

Հիմնադրամի մասնագետ- պատասխանատուների հավաստիացումներով դրանք բոլորը ունեն 9 բալանոց դիմացկունություն։ Բոլոր կառույցների շինարարությունը վստահված է այն շինարարական կազմակերպություններին, որոնք հաղթել էին մրցույթում։

Ուշ երեկոյան արշավի մասնակիցները վերադարձան Երեւան, հաջորդ օրը նրանց սպասում էր առավել դժվար եւ հետաքրքիր ուղեւորություն դեպի Արցախ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930