Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարատային կկուներ

Սեպտեմբեր 23,1995 15:44
mirzaxanyan

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում՝ նորից սրվել են ներքին հակասությունները։ ՀՌԱԿ-ի 5-րդ արտահերթ համագումարից մեկ օր առաջ խմբագրություն էին եկել ՀՌԱԿ-ի վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հակառակորդներ Մելս (ՍԱՄՎԵԼ) Սահակյանը, Գագիկ Օհանյանը եւ կոմպոզիտոր Վռամ Գրիգորյանը։ Նրանք խնդրեցին տպագրել «Հենրիխ Հովհաննիսյան» ստորագրությամբ մի նյութ (դա մեզ համար անհայտ հեղինակ է, որը ոչ մի առնչություն չունի մեր կողմից շատ հարգված թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ):

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, «Առավոտը» հնարավորություն է

տալիս արտահայտվել նաեւ հակառակ կողմին՝ Ռուբեն Միրզախանյանին։ Ընթերցողի դատին ենք թողնում հոդվածում տեղ գտած՝ մեղադրանքների լրջությունն ու բարեկրթությունը (այս հարցում մենք մեծ կասկածներ ունենք): ՀՌԱԿ վարչության պատասխանը կտպագրվի հաջորդ համարում։

«Առավոտ»

Երբ փլուզվեցին Խորհրդային կայսրությունն ու կոմունիստական կուսակցությունը, նրանք իրենց հետեւում թողեցին նաեւ բավական մեծ քանակությամբ կուսակցական գործիչների։ Նրանց մի մասը վերստեղծեց իր կուսակցությունը եւ շարունակեց գործել նոր պայմաններում։ Մյուս մասը ընդհանրապես հրաժարվեց քաղաքական գործունեությունից եւ գնաց աշխատելու իր հիմնական մասնագիտությամբ։ Գտնվեցին նաեւ անհատներ, որոնք իրենց հայացքներին համեմատ մտան այս կամ այն կուսակցության շարքերը եւ շարունակում են քաղաքական կյանքին մասնակցել։ Բայց կար նաեւ ապարատայինների մի այլ խումբ, որը «գաղափարական ճակատում» իր տաքուկ տեղերը կորցնելով, չէր պատկերացնում իր կյանքը առանց կուսակցության, կարեւոր չէ թե որ, գաղափարախոսությունն էլ կարեւոր չէ, միայն թե տաքուկ տեղեր ունենա։ Եվ պարզվեց, որ «կա այդպիսի կուսակցություն», որտեղ Հանրապետական վարչության մեծամասնությունը եւ կուսակցական հիմնական կառույցների ղեկավարությունը կարող են իրենք վերցնել, իսկ մյուսներին, ոչ յուրայիններին, ապարատային արմունկներով դուրս մղել։ Ընթերցողներից շատերը երեւի արդեն գուշակեցին, որ խոսքը Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության մասին է, որի ղեկավարության մեջ սկսված բախումը վերջերս գրավել է մամուլի եւ հանրության ուշադրությունը։ Կոնֆլիկտի պատճառների մասին ենթադրություններ անելու հարկ չկա։ Բավական է ծանոթանալ դրա մասնակիցներին։ Մի խմբում հիմնականում նախկինում բարձրաստիճան կուսապարատայիններ են կամ նրանց սպասարկուները։ Առաջինը՝ Ռուբեն Միրզախանյանն է։ Հանրապետության հազարավոր մանկավարժներ երեւի հիշում են Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության իրենց երկարամյա դասախոս Կարլեն Միրզախանյանին։ Նրա որդին է Ռուբենը, որը շարունակելով ընտանեկան գաղափարական ավանդույթները, նույն ինստիտուտում դարձավ ԽՄԿԿ պատմության եւ գիտական կոմունիզմի դասախոս եւ թեկնածուական թեզ պաշտպանեց «Արհմիությունները կոմունիզմի դպրոց են» լենինյան նշանաբանով։ Այնուհետեւ «ժառանգեց» մշակույթի ֆակուլտետի դեկանությունը՝ միշտ ընտրվել ինստիտուտային կուսակցական կոմիտեներում՝ որպես օրինակելի կոմունիստ։ Այդ ժամանակ արդեն սկսել էր ձեւավորվել Հայաստանի ոամկավար-ազատական կուսակցությունը, եւ սփյուռքում գործող ՌԱԿ-ը հայրենիքում վերընձյուղվելու եւ իր ավանդույթները սերմանելու մղումով Երեւան գործուղեց հետագայում «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանին։ Նրանց երկուսի համագործակցությունը ճակատագրական եղավ ՀՌԱԿ-ի համար։ Ավելորդ է ասել, որ Հ.Ավետիքյանը ՌԱԿ-ի «աչքը եւ ականջը» պետք է լիներ նորաստեղծ ՀՌԱԿ-ում։ Բայց աչքը՝ կույր եւ ականջն էլ խուլ դուրս եկան, քանի որ նրան բազմիցս ասվել է, որ նա հովանավորում է մի մարդու, որն իր կենսագրությամբ, բնավորությամբ եւ գործունեությամբ ոչ մի ընդհանուր բան չունի ռամկավարության հետ։ Ինչո՞ւ Ռ.Միրզախանյանը երբեւիցե չի մասնակցել այնպիսի ընտրությունների, որոնցում պահանջվում է հրապարակել ընտրվողի կենսագրությունը։ Դա համեստության դրսեւորո՞ւմ է, թե կենսագրությունն է շատ պերճախոս։ Պարոն Հ. Ավետիքյանը կհամարձակվի՞ արդյոք իր խմբագրած թերթում հրապարակել Ռ. Միրզախանյանի համառոտ կենսագրությունը (առանց «խմբագրելու») եւ դրանից հետո իրեն ռամկավար ներկայացնելու։ Պատահական չէ, որ Ռ.Միրզախանյանի մուտքը Հայաստանի ռամկավարների շարքերը նշանավորվեց հետագայում էլ պարբերաբար կրկնվող ռամկավարների մի ստվար խմբի «ելքով», որոնք ընդվզեցին կոմունիստական ֆունկցիոներների ներխուժումից։ Սակայն Հ. Ավետիքյանի մտահոգությունը միայն այն էր, որ ավելորդ հարցեր տվողները հանկարծ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունում մեծամասնություն չկազմեն, քանի որ ինքը արտասահմանյան օգնության բաշխումների եւ ֆինանսական գործարքների մթին բավիղներում խարխափելով, արդեն վաղուց էր հայտնվել Ռուբեն Միրզախանյանի անհատակ գրպանում։

Այդ խմբի մյուս անդամների եւ նրանց նախկին աշխատավայրերի թվարկումը մեկնաբանությունների կարիք չի զգում։ Համլետ Կարապետյան (ՀԿԿ Կենտկոմի գործերի կառավարչություն), Հարություն Կարապետյան (ՀԿԿ Կենտկոմի գաղափարական բաժին), Համլետ Դալլաքյան (կուսշրջկոմի նախկին քարտուղար), Ալեքսանդր Թադեւոսյան (ՀԿԿ Կենտկոմի գաղափարական բաժին, այժմ ՀՌԱԿ Կարգապահական ատյանի նախագահ), Ստեփան Ստեփանյան (Կոմերիտական շինջոկատների շտաբի պետ, այժմ ՀՌԱԿ Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ), Շամիրամ Աղաբեկյան (Գոլոս Արմենիի» նախկինում ՀԿԿ Կենտկոմի օրգան «Կոմունիստ» թերթի խմբագրի տեղակալ): Այնտեղ ուրիշներն էլ կան, բայց երեւի ընթերցողի համար վերը թվարկածն ավելի քան բավարար է։ Եվ ահա բոցաշունչ ռամկավարների այդ խումբը, իր աննկուն առաջնորդի գլխավորությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ իր ձեռքում է կենտրոնացրել ողջ կուսակցությունը, եւ ցանկացած այլախոհություն, քննադատություն կամ դժգոհություն ճնշում է կոմունիստական հետեւողականությամբ՝ ընդհուպ մինչեւ կուսակցությունից հեռացնելը։ Բնության մեջ նման սովորություն ունեն կկուները, որոնք գրավում են ուրիշների բները։ Բայց նրանք գոնե ռամկավար ազատականության դասեր չեն տալիս այլոց, եւ եթե բնի իսկական տիրոջը հաջողվում է նրանց վռնդել, մամուլում աղմուկ չեն բարձրացնում։ Ապարատային կկուները երկար զբաղեցրին ուրիշի բույնը։ Սփյուռքի ռամկավարներն էլ Հ. Ավետիքյանի ջանքերով, ջուր եւ ոչ միայն ջուր լցրեցին այդ ջրաղացին։ Ցավոք, նրանք չնկատեցին, որ մայր հայրենիքում փողփողացող ռամկավարական կապույտ դրոշը արդեն ներսից կարմրել եւ դեռ դարչնագույն երանգ էլ է ստացել: Բայց դա առանձին հոդվածի նյութ է։

Իսկ ովքե՞ր են կազմում մյուս խումբը։ Նրանց կարելի է բնորոշել մեկ բառով՝ մտավորականները։ Հիմնականում դասախոսներ եւ գիտաշխատողներ են նրանք, որոնցից երկուսը պրոֆեսորներ են։ Ապարատայինները պարբերաբար «զտումներ» անելով աչալրջորեն հետեւում էին, որ հանրապետական վարչությունում հակառակ կողմը մեծամասնություն չկազմի։ Բայց այնուամենայնիվ դա մի օր պատահեց։ Օգոստոսի վերջին, երբ ապարատային կկուների մեծ մասը, իր վաղեմի սովորության համաձայն, չվել էր արտասահմանյան տարբեր երկրներ, հավաքվեցին բնի իսկական տերերը եւ պահպանելով ՀՌԱԿ կանոնադրության բոլոր պահանջները, վերջապես ատենապետի պաշտոնից ազատեցին Ռ.Միրզախանյանին։ Կայծակի արագությամբ հավաքված ապարատայինները փորձեցին զրպարտություններով եւ փաստաթղթերը կեղծելով, կանոնադրությունը գլխիվայր շրջելով եւ ոտնահարելով, չեղյալ համարել եղածը։ Տեսնելով, որ դա չի հաջողվում եւ գնացքը արդեն գնացել է, այժմ էլ փորձում են դիմել վերջին միջոցին՝ արտահերթ պատգամավորական ժողով հրավիրելուն։ Նման ժողովներ գումարելու անցյալից եկած մեծ փորձ ունեն նրանք, մանավանդ որ իրենց ձեռքում պահելով կուսակցության փաստաթղթերը, այժմ դրանցով մանիպուլյացիաներ են անում։ Նրանք լավ են տիրապետում պատգամավորների պակասը կողմնակի մարդկանցով «համալրելուն» եւ յուրայիններին պատգամավոր նշանակելուն, թղթից կուսակցական կառույցներ սարքելուն, եւ այդ չեղած կառույցներից պատգամավորներ հրավիրելուն, եւ իրենց կազմակերպչական եւ գաղափարական կոմպոտը որպես ռամկավարություն ներկայացնելուն։ Իսկ թե այդ ընթացքում կոտնահարվի կուսակցության կանոնադրությունը եւ տարրական ճշմարտությունը, ապա դրանք արդեն մանրուքներ են։ Կարեւորը առանց որեւէ լուրջ հաշվետվության ցանկացած օրինախախտում, բարոյական, նյութական եւ գաղափարական խեղվածք՝ կուսակցության բարձրագույն մարմնով քողարկելն է։ Անցած պատգամավորական ժողովներում այդ սցենարը գործել է, սակայն այժմ շատացել է այն ռամկավարների թիվը, ովքեր ցանկանում են կարգ ու կանոն հաստատել իրենց կուսակցության մեջ եւ թույլ չեն տա, որ քաղաքական բախտախնդիրները այս անգամ էլ խուսափեն պատասխանատվությունից եւ նորից իրենց անսխալական ներկայացնեն, ինչպես ժամանակին ա՛յն կուսակցության ներսում էին իրենց պահում, որի հարազատ զավակները մնացին մինչեւ վերջ։ Կկարողանա՞ն արդյոք իսկական ռամկավարները դիմագրավել նրանց։ Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ռամկավարները իրենց մեջ ուժ կգտնեն ազատվելու նոր տերերի ծառայող հին բախտախնդիրներից, որոնք տեր ու տնօրեն են դարձել հարյուրամյա կուսակցության ներսում։

Հենրիխ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930