Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխման ձգտումը

Հոկտեմբեր 19,1995 10:39

Դաշնակցության գաղափարական եւ կազմակերպական կառույցի խնդիրը վաղուց արդեն ներկուսակցական սահմաններից դուրս է եկել եւ դարձել ընդհանուր հասարակական քննարկումների նյութ։ Պատահական չէ, որ ՀՅԴ-ն պատմական թանգարանում մեծ շուքով տեղավորվելու տրամադրություններին զուգընթաց պարբերաբար ստեղծվում են «Դաշնակցություն» անվամբ միավորումներ եւ ամենաթարմ նախաձեռնումը՝ Դաշնակցության վերականգնման կամ արվեստաբանական եզրույթով ասած՝ վերածնունդ-ռենեսանսի շարժում, որի ջատագովմանը ականատես դարձանք մի քանի հեռուստաերեկո շարունակ։ 105-ամյա անցյալը հանգիստ չի տալիս. Փոքր Մհերի բանահյուսական կերպարի նման այն ծանրացել է եւ չի կարողանում քայլել հայրենի եզերքներով. հո՞ղն է խիստ փուխր դարձել՝ չկարողանալով տանել նրա ծանրությունը, թե՞ ինքն է անդյուրաշարժ, նախասիրության հարց է։ Սակայն Ագռավաքարում փակվելու տրամադրությունները որոշակի են։ Այսպես՝ «Լրագրում» եւ «Գոլոսում» տպագրված հարցազրույցներում դաշնակցության ակնառու դեմքերը՝ Հ.Տասնապետյան, Ռ.Հովհաննիսյան, ՀՅԴ գալուստը Հայաստան համարում են

ինչ-որ առումով վաղաժամկետ, պետք էր հապաղել, վերլուծել իրավիճակը, հոգեբանությունը՝ տեղի եւ ժամանակի, իսկ երբ ցորենի հատիկները կդառնային ընկույզի չափ, Մհերը դուրս կելներ՝ հուրախություն բոլորի… հույժ հայեցողական եւ միամիտ տեսակետ։

Այսօր ավելորդ հիմնավորումների կարոտ չեն այլեւս դաշնակցական ավանդության եւ իրականության անհամապատասխանությունը, քաղաքական կյանքից ինքնամեկուսացումը, դոգմատիզմը, նոր կացությունը հին դեղատոմսերով կարգավորելու համառությունը։ Սակայն կառույցի ապագան բնավ չի որոշվում դրսի կարծիքներով՝ լինեն սրտացավ, թե ոչնչացնող։ Վճռորոշը շարքերի տրամադրություններն են, բայց քանի որ ՀՅԴ-ն գաղտնապահությամբ հռչակված կառույց է, ուստի ներքին շարժը կարելի է պատկերացնել միայն Սփյուռքի դաշնակցական մամուլի հրապարակումներով եւ մոտալուտ Ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքից ծնվող եզրակացություններով։ Ընդհանուր ժողովի հետաձգումը, հարկավ, պատահական չէր. դրա հիմքում ե՛ւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից ակնկալվող արտոնումն էր՝ ԸԺ-ն Հայաստանում գումարելու, ե՛ւ շարքերում միասնական դիրքորոշման, փոխհամաձայնությունների ձեռքբերումը՝ երկու Բյուրոների ստեղծում (այս խնդիրը, անշուշտ, «զիջում» է ՀՀ նախագահին, սակայն մի՞թե հայրենիքի օրենքներին համապատասխանեցվելը կենսական անհրաժեշտություն չէ), այնուհետեւ կանոնագրի կատարելագործում եւ այլն։

Այն, որ ՀՅԴ-ն արտաքնապես միակամ, միաձույլ, բայց ներքուստ առանձին գաղափարական հոսանքների բաժանվող կառույց է, ակնհայտ է դառնում Դաշնակցության պաշտոնաթերթ «Դրոշակի» եւ մամուլի մյուս օրգանների ընթերցումից՝ «Կամք», «Հորիզոն», «Ազատ օր»: Այս տեսանկյունից հատկապես բնորոշ հրապարակում է «Դրոշակի» օգոստոս 10-23-ի համարում տեղ գտած «Համապարփակ արդիականացման դեռեւս բաց ճանապարհը»՝ Գեւորգ Խուդինյան։ «Դաշնակցական բեմ» խորագրի ներքո հաճախ հանդես եկող հեղինակի այս հոդվածը խմբագրական մի յուրօրինակ բացատրագրով է սկսվում, սկզբունքային եւ հիմնական հարցադրումներ կատարող սույն

հոդվածը ընթերցողի ուշադրությանն է հանձվնել՝ «առանց որ բաժնենք հոն տեղ գտած շարք մը տեսակէտներ»։ Ընդհանուր ժողովի նախօրեին վերապահումով ներկայացվող հոդվածում ուղղափառներին ոչ շատ հաճո անկեղծությամբ վերլուծված է Դաշնակցության նահանջի ծագումնաբանությունը՝ նոր մարտավարության դիտանկյունից։ ՀՅԴ-ի առջեւ ծառացած հիմնական վտանգը ոչ թե ահագնացող ճնշումներն են՝ «Դրո»-ի դատավարությունը՝ ահաբեկչական խոշոր թեքումով, կրկնական կասեցումը, այլ «ավանդույթի եւ իրականության հակաթեզից ծնված գաղափարական ու քաղաքական սկզբունքների բախումը», որի հետեւանքով կուսակցությունն ավելի շուտ ընկալվում է որպես պատմական հիշողություն, քան ժամանակակից քաղաքականության կրող։ Ավանդական ազգայնականությունը, որի ջահակիրն ի սկզբանե Դաշնակցությունն էր, անտեղի հակադրվել է նոր անկախական մտածելակերպին, իսկ կեղծ հեղափոխականությունը եւ ձախապաշտությունը ձեւախեղում են հայ ազգայնականության համախմբող եւ ազգակենտրոն գործառույթը։

Տեղաբնակ հոդվածագիրը վկայում է, որ Դաշնակցության քաղաքական գործելակերպը «տեղքայլ ու անհաջողությունների շղթա» եղավ, որն անաչառ գնահատականի չարժանացավ, արդյունքում քաղաքականությունը իրական կյանքից կտրելու, վարքագծում առկա կեղծ գաղտնապահությունը ուժեղացնելու միջոցով Դաշնակցության որոշ ղեկավարներ խուսափեցին պատասխանատվությունից։ Այսինքն՝ կուսակցության հիմնովին արդիականացման ձգտումը բախվում է խուլ դիմադրության՝ շղարշված տարբեր գնահատականներով մինչեւ կիսաբոլշեւիկյան սադրիչ կոչեր։ Անշուշտ, արդիականացման գործընթացը չի կարող միաժամանակյա, միանվագ գործողություն լինել, Ընդհանուր ժողովն էլ կախարդական փայտիկ չէ, որ կդարմանի ամեն ինչ, «հին» ու «նոր» ազգայնականությունների փոխհաշտեցումը տեւական ժամանակ է պահանջում եւ ամուր նյարդեր։ Սակայն «հետագա հապաղումը կործանարար» է դրույթի ձեւակերպումը այս հոդվածը շահեկանորեն զատում է ասպարեզում եղած այլ նյութերից։ ՀՅԴ-ն կկայանա, եթե «հեռավոր անցյալին» եւ «իդեալական ապագային» երկրորդական նշանակություն տա՝ կանգնելով Անկախ Հայաստանի եւ վերափոխված աշխարհի քաղաքական թելադրանքների հիմքի վրա:

Գ.Խուդինյանն առանց ավելորդ բարդույթների ձեւակերպում է ՀՅԴ-ի առջեւ ծառացած երկու ճանապարհները. ա)առկա պետությունը հզորացնելու ուղիով Հայաստանում գործել որպես խորհրդարանական եւ ժողովրդավարական կուսակցություն, բ)ելնելով Հայաստանի անկախության սահմանափակությունից՝ մնալ ազգային- ազատագրական պայքար մղող կուսակցության կարգավիճակում։ Եզրակացությունը միանշանակ է. հայ հեղափոխությունը եւ ընկերվարությունը չեն կարող համապատասխանել իրենց դասագրքային իմաստներին, ընդհանուր բնույթի կաղապարները անկիրառելի են Հայաստանում: Դաշնակցական ընկերվարությունը պետք է միտված լինի դեպի շուկայական տնտեսակարգ՝ միջին բարեկեցիկ խավի ձեւավորում, որը ոտքի կանգնելով՝ կբարձրացնի նաեւ մյուսներին՝ լուծելով ընկերային հիմնահարցերը՝ առանց բեռ դառնալու ոչ այնքան հարուստ պետության համար։ Արդի աշխարհում «հայ հեղափոխությունը» խաղաղ, ստեղծագործ աշխատանք է. «Ազգային պետության կառուցման հարցում չկա այլամերժության եւ առաջնության խնդիր, այլ միայն ծանր բեռը տանելու պատրաստակամություն», իսկ ուղիների տարբերությունը չի կարող ըմբռնվել իբրեւ անհաշտ հակադրությունների ինքնաոչնչացնող մրցապայքար։ Անկախության կայացումն է «Միացյալի» համազգային ճանապարհը, հայապահպանումը, որից հետո միայն հնարավոր կդառնա «հողահավաքը»։

Բյուրոյի հայաստանյան անդամներն արդեն մեկնել են՝ տեղում պատրաստվելու, հաշվետու լինելու եւ հաստատելու գործունեության ուղենիշները, կարծում ենք, որ գաղտնածածկման արտառոց միտումը չի խոչընդոտի լիարժեք տեղեկատվությանը՝ դուռ բացելով կասկածահարույց կամ երգիծական պատմությունների։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031