Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիությունը բաց, բաժանումը՝ փակ

Հոկտեմբեր 24,1995 11:37

ԱԺ երկուշաբթի օրվա նիստը հույժ գործնական ընթացք ունեցավ, նախորդ օրակարգից ժառանգած երեք հիմնային օրենքներից երկուսը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ, այսինքն՝ վերջնականորեն։ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքն արդեն կառուցիկ եւ գործնական տեսք ուներ, բարենորոգված

տարբերակը հարստացված էր ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հոդվածներով։ Վերջինիս կազմավորումը եւ կանոնադրության հաստատումը հանրապետության

նախագահի տիրույթում են։ Ճշգրտված քաղաքական եւ իրավաբանական ձեւակերպումներին եւ եզրույթներին զուգահեռ՝ ներկայացված էր նաեւ ՀՀ

քաղաքացիություն ձեռք բերող անձի երդումը։ Թեեւ, ինչպես հումորով նկատեց պրն Եգորյանը. «Երդմամբ մարդ չեն դառնում», այնուհանդերձ քաղաքացի դարձող անհատն իր հավատարմությունը մեր հանրապետությանը, Սահմանադրությանը, օրենքներին, ինչպես եւ հայոց

անկախությունն ու տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու պատրաստակամությանը պետք է բարձրաձայն հավաստի՝ ստորագրելով գրավոր տեքստի ներքո։ Հարգանքը ՀՀ պետական լեզվի, ազգային մշակույթի եւ սովորույթների հանդեպ նմանապես ենթակա է բանավոր ու գրավոր վավերացման։ Ճշտենք, որ այս ամենը սրբազան իրավունք է. ՀՀ քաղաքացիությունից զրկված անձը, համաձայն հոդված 14-ի, չի կարող վերականգնել իր կարգավիճակը։

«ՀՀ արդարադատության խորհրդի մասին» օրենքի նախագիծը եւս առանց ավելորդ տարակարծությունների ընդունվեց, որին հետեւեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ» կատարելու որոշումը։

Մեր քաղաքացիներն ապրելու են նոր վարչատարածքային բաժանումներ ունեցող հանրապետությունում։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը, սակայն, երեկոյան նիստում արժանացավ գաղտնի քվեարկության։ Պատգամավոր Խոսրով Հարությունյանը առաջարկեց դռնփակ նիստ, նրան անմիջապես պաշտպան կանգնեցին Էդուարդ Եգորյանը եւ տեր Հուսիկ Լազարյանը։ Պատճառաբանությունը ծանրակշիռ էր. յուրաքանչյուր խորհրդարանական ընտրված է որոշակի տարածքից, ուստի ճնշումների, գուցե նաեւ ահաբեկումների ենթակա է։ 151 կողմ, 7 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով գաղտնիությունը հաստատվեց, կողմնակի անձինք լքեցին խորհրդարանը։ Իսկ բաժանված փաստաթղթում նշված էին 10 մարզերը՝ իրենց սահմաններով եւ մարզկենտրոններով։ Առյուծի ծավալ կազմում էր ցանկը՝ ՀՀ համայնքների ու բնակավայրերի։ 37 շրջաններով հանրապետության կառավարումն այլեւս անհնար է։ Նոր մարզերի եւ թաղային համայնքների անունները հայեցի են ու գեղեցիկ՝ Սյունիքի մարզ՝ Կապան կենտրոնով, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Այրարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արագածոտնի մարզ՝ Աշտարակ, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ (նախկին Կամո), Շիրակի մարզ՝ Գյումրի, Գուգարքի մարզ՝ Վանաձոր, Ուտիքի մարզ՝ Իջեւան։ Առավել մանրամասնությունների համար սպասենք գաղտնազերծման։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031