Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ հեռուստատեսության մասին

Դեկտեմբեր 06,1995 18:04

Փարիզի մեծ բուլվարներով քայլում են մարդիկ, որոնք նման են մեզ։ Գուցե փոքր-ինչ ավելի ժպտերես եւ բարեհամբույր, իսկ, ընդհանուր առմամբ ինչպես մենք։ Նրանք, ինչպես մենք, փող աշխատելու հնարավորություններ են փնտրում, հոգնած վերադառնում են տուն աշխատանքից հետո եւ նստում հեռուստացույցի առջեւ։ Ի դեպ, հեռուստատեսության մասին։ Ֆրանսիացիների վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ բավականին բարդ է: Եթե նրանց հարցնեք հավանում են արդյոք ֆրանսիական հաղորդումները, կպատասխանեն բացասաբար, սակայն ըստ վիճակագրական տվյալների, Ֆրանսիայի ողջ բնակչությունը դիտում է հեռուստատեսային հեռարձակումները, միջին հաշվով օրական 2.5-3 ժամ։ Ավելին, եթե խոսակցությունը շարունակվի կհամոզվեք, որ ձեր զրուցակիցը լավ տեղյակ է հեռուստատեսային ծրագրերից, ճանաչում է բոլոր վարողներին, ունի սիրած հաղորդաշարեր եւ հիշում է նրանց բոլոր կատակները կամ թույլ տված թերությունները։ Այսօր ես չեմ պատրաստվում գնահատել ով է Ֆրանսիայում ավելի հանրահայտ՝ կինոդերասան Ժերար Դեպարդյեն, թե հեռուստահանդեսի վարող Ժ.Պավյեն։

Դեռ 15 տարի առաջ հեռուստատեսությունը Ֆրանսիայում եղել է միայն հասարակական, բայց 1986-ին պատմության համար ակնհայտ դարձավ, որ այն չի կարող ապահովել երեք հեռուստաալիքների գործունեությունը, եւ 1-ին ալիքը (TF1) սեփականաշնորհվեց։ Այսօր դա ամենահզոր եւ ամենադիտվող ալիքն է Ֆրանսիայում (40-42% հեռուստադիտող): Մնացած երկու ալիքները՝ FR2 (անցյալում Անտեն-2) եւ FR3 մնացել են հասարակական։ Առաջինի հեռուստադիտողների քանակը կազմում է 22-24%, իսկ երկրորդինը՝ 16-18%, այսինքն՝ այդ երկու ալիքների եւ հանդիսատեսների քանակը մոտավորապես հավասար է TF1-ի երկրպագուների քանակին։

Այդ երեք ալիքները տեսականորեն անվանվում են ամբողջական կամ հիմնական, այսինքն՝ նախատեսված են բնակչության բոլոր խավերի եւ տարիքի համար, չունեն որեւէ յուրահատուկ ուղղվածություն: Նրանցից յուրաքանչյուրն ունի հաղորդումներ երեխաների համար, երաժշտական, ինֆորմացիոն եւ այլ հաղորդումներ։ Հարկավոր է նշել, որ մրցակցությունը դրանց միջեւ յուրաքանչյուր հանդիսատեսի համար չափազանց սուր է: Եթե մի ալիքը ներկայացնում է գեղարվեստական որեւէ ֆիլմ, ապա հենց նույն ժամին մրցակից ալիքները եւս ցուցադրում են կինոնկար, աշխատելով, որ այն լինի ավելի հետաքրքիր ու դիտվող։ Օրինակ, ժամը 20.45 Ֆրանսիայի բոլոր ալիքներով ցուցադրվում են գեղարվեստական կինոնկարներ, իսկ ժ, 19.00-ին տեղեկատվության հանդես։

Ֆրանսիայում կան բազմակաբելային հեռուստաժանրեր, բայց գոյություն ունեն եւս երկու բաց ալիքներ, որոնց մասին ես ցանկանում եմ նշել, քանի որ նրանք կարողացել են գտնել իրենց հանդիսատեսին եւ որոշ առումով մրցակցում են վերոհիշյալ երեք հզոր ալիքների հետ:

Առաջինը, դա M6 ալիքն է: Այդ ալիքը դիտում են հեռուստադիտողների 10-11%-ը, այն ուղղված է երիտասարդությանը եւ հիմնականում նվիրված է ժամանակակից երաժշտությանը, երկրորդը՝ «Հինգերորդ» կամ (La-5): Վերջինս բավականին հետաքրքիր ալիք է: Նրա լսարանը (6% հանդիսատես) կազմում է հիմնականում հասարակական ինտելեկտուալ խավը։ Ալիքի հաղորդումները կրում են գիտա-լուսավորչական, քարոզչական բնույթ: Ինքը «Հինգերորդ» հեռուստաընկերությունը հարուստ չէ, ունի ընդամենը մեկ փոքր ստուդիական տաղավար, քիչ թվով աշխատողներ, սակայն մասնակցում է բազմաթիվ ճանապարհորդությունների, կապեր ունի տարբեր գիտական եւ մշակութային կենտրոնների հետ, համագործակցում է այլ երկրների հեռուստաարտադրող կազմակերպությունների հետ։ Ալիքը գործում է առավոտյան ժամը 9-17.00: Դրանից հետո՝ նույն ալիքը զբաղեցնում է ամենաերիտասարդ հեռուստաընկերությունը («Արտե»):

Այդ հեռուստաընկերությունը երկու հզոր պետությունների՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համագործակցության արդյունքն է: Այդ ալիքի ստեղծումը մտնում է Եվրոպայի մշակույթը ամերիկականացման հակադրման ընդհանուր համակարգի մեջ: Այսօր դա շատ կարեւոր խնդիր է բոլոր եվրոպական

պետությունների համար: Ի դեպ, ֆրանսիական աուդիովիզուալ միջոցների մասին օրենքում կա մի կետ, ըստ որի ոչ մի հեռուստաընկերություն

իրավունք չունի ֆիլմերի ամբողջ քանակից 40% ավելի օտարերկրյա (կարդա ամերիկյան) արտադրանքի կինոնկարներ ցուցադրել։ Բացի դրանից՝ բոլոր ֆրանսիական հեռուստաընկերությունները պարտավորված են օժանդակել ազգային կինոարտադրության զարգացմանը։ Օրինակ, հասարակական հեռուստաընկերություններից ոչ մեկը իրավունք չունի որեւէ հեռուստաարտադրանքի արտադրող (բացառությամբ տեղեկատվական թողարկումների եւ հանդեսների) դառնալ։ Ընկերությունը պարտավոր է համագործակցել մեկ այլ կազմակերպության հետ։ Սա արվում է ձեռներեցության եւ ազգային ստեղծագործական պոտենցիալի զարգացման խթանման նպատակով։

Այստեղ ես ցանկանում եմ համեմատություն անցկացնել մեզ մոտ իրականացվող ծրագրերի ձեւավորման սկզբունքների հետ: Ուշադրություն դարձրեք. Ֆրանսիայի հասարակական հեռուստաընկերությունը, որը հիմնվելով հասարակական կարծիքի վերլուծության, կառավարական պատվերի, սեփական տնտեսական եւ գաղափարախոսական խնդիրների վրա, որոշում է իր ալիքի ընդհանուր ստրատեգիան, ձեւավորում ծրագրերի կառուցման հիմնական սկզբունքը: Այն բաշխում է հաղորդումների եւ ֆիլմերի ժանրերը, տեւողությունը եւ տեղը ծրագրացանկի մեջ: Դրանից հետո միայն սկսվում են բանակցությունները համագործակիցների եւ պատվեր կատարողների հետ, դրանց հայթայթումը: Համատեղ արտադրանքը կարող է լինել խաղարկային կամ վավերագրական ֆիլմ, հաղորդաշար եւ այլն։ Բոլոր պարագաներում ալիքի պատվերը ներկայացվում է շատ հստակ։ Օրինակ, ծրագրի համար անհրաժեշտ է մի ճանաչողական կինոֆիլմ ճարտարապետության մասին կամ մասսայական մի խաղ-վիկտորինա, որը եթեր կհեռարձակվի շաբաթը մեկ անգամ (կամ ամիսը մեկ անգամ), երեկոյան (կամ առավոտյան) ժամերին եւ կտեւի 1 ժամ (կամ 45 րոպե): Արդյունքում ընտրվում է ներկայացված տարբերակներից լավագույնը, իսկ ալիքը կարող է պահպանել իր դեմքը եւ ձեւավորել սեփական քաղաքականությունը։ Մեզ մոտ գործում է այլ պրակտիկա. հաղորդացանցի ձեւավորումը սկսվում է հակառակ կողմից։ Հեռուստատեսության բոլոր օղակները ներկայացնում են իրենց բոլոր առաջարկությունները պատրաստվելիք հաղորդումների եւ հաղորդաշարերի մասին եւ այդ առաջարկությունների հիման վրա կազմվում է ընդհանուր հաղորդացանցը։ Ավելորդ է նշել, որ ստեղծագործական յուրաքանչյուր բաժանմունքի ղեկավար ներկայացնում է իր առաջարկությունները, ելնելով ա)հեռուստատեսության մասին իր պատկերացումներից, բ) սեփական ստեղծագործական հնարավորություններից, գ) ունեցած ստեղծագործական անձնակազմից, դ) տնտեսական եւ ֆինանսական հիմքից եւ այլն։ Արդյունքում, ի վերջո կազմած հաղորդացանցը դժվար թե հավասարակշռված լինի, եւ ուղղվածություն ունենա։ Հասկանալի է, որ գերիշխող են դառնում տարերայնությունն ու պատահականությունը:

Եզրափակելով, ցանկանում եմ եւս մի քանի օրինակներ բերել, թե ինչպիսի ուշադրությամբ են ֆրանսիացիները վերաբերում սեփական մշակույթին։ Երկրում գործում է Աուդիովիզուալ միջոցների գլխավոր խորհուրդ (GSA), որը բաղկացած է 9 անդամներից, երեքին ընտրում է կառավարությունը եւ մնացած երեքին՝ հասարակությունը:

Այդ խորհուրդը չափազանց ուշադիր է եւ խստորեն հսկում է հեռուստատեսային եւ ռադիոյի մասին օրենքի բոլոր կետերի կատարմանը, սկսած լեզվի մաքրությունից մինչեւ բռնության տեսարանները, ինչպես նաեւ հատուկ ժամերի ցուցադրման հարցերը։ Եվ հետաքրքիրն այն է, որ տուգանքները, որոնք գանձվում են խախտողներից (դա կարող է լինել եւ հասարակական, եւ մասնավոր հեռուստաընկերություններ) հատկացվում է ազգային կինեմատոգրաֆիայի զարգացմանը։

Ի դեպ, ֆրանսիական հեռուստահաղորդումներից շատերը ձանձրալի են եւ երկար, սակայն անթերի են հաղորդավարներն ու աշխատանքի կազմակերպման սկզբունքը։

Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ

Միջազգային կապերի տնօրինության տնօրեն

Հայաստանի հեռուստաընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031