Լրահոս
Օրվա լրահոսը

2001թ. Գյումրիում «դոմիկներ չե՞ն էղնի»

Ապրիլ 22,1998 00:00
Gyumri

1988 թ. երկրաշարժից անմիջապես հետո Խորհրդային Միության ղեկավարները հայտարարեցին, թե երկու տարվա ընթացքում լիովին կվերականգնեն աղետի գոտին։ Իհարկե, սուտ էր, բայց՝ հաճելի։ Դրանից հետո Հայաստանում պարբերաբար զանազան ընտրություններ էին տեղի ունենում, իսկ աղետի գոտին նախընտրական խոստումներ տալու ամենահարմար ասպարեզն էր։ Խոստումներն, իհարկե, չէին կատարվում, բայց ավանդույթը մնում էր։ Այսօր այդ չարաբաստիկ «երկու տարվա» ժամկետը մի քիչ երկարել է։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրում խոստացել է «պետական միջոցներով ծավալուն բնակարանային շինարարություն իրականացնել եւ 2001 թվականին ապահովել բնակարանային խնդրի վերջնական լուծումը»։ 2001 թվականին, ուրեմն, Գյումրիում ոչ մի ընտանիք «դոմիկներում» չի ապրելու։ Ենթադրվում էր, որ այս հայտարարությունն արվել է կոնկրետ հաշվարկների հիման վրա։ Ուստի մեծ եղավ մեր զարմանքը, երբ քաղաքաշինության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա մեզ ոչ միայն չցանկացավ տեղեկացնել, թե կոնկրետ Գյումրիում քանի շենք է ավերվել, դրանցից քանիսն են վերականգնվել եւ դեռ քանիսը պետք է վերականգնվեն, այլեւ ասաց, որ փաստորեն ներկայումս բոլոր նախկին հաշվարկները «հեչ են արվում», իսկ նորը կլինի մի քանի ամիս անց։ Պարզվում է, որ անցած տասը տարիները բավական չեն եղել պարզ թվաբանական գործողությունների համար, եւ հիմա ամեն ինչ զրոյից է սկսվում։ Պետական կարեւորագույն այս «գաղտնիքը» բացահայտելու համար ստիպված եղանք գնալ ուղիղ Գյումրիի քաղաքապետարան, որտեղ երեւի տեղյակ չէին, որ այդ ամենը գաղտնիք է, եւ ներկայացրեցին թվերը։ Ահա դրանք։

Գյումրի քաղաքում երկրաշարժից ավերվել է 1820 հազար քմ բնակմակերես, որից 310 հազարը պիտանի է վերականգնման, 1510 հազարը՝ ոչ։ Երկրաշարժից հետո մոտ 8000 ընտանիք բնակարան է ստացել, որից 4800-ը՝ մինչեւ 1992 թ. (այլ կերպ ասած՝ այն ժամանակ, երբ աղետի գոտին վերականգնվում էր Խորհրդային Միության ուժերով)։ Ներկայումս 19800 ընտանիքներ անօթեւան են։ Դրանցից 17000-ը ապրում է տնակներում, 2800-ը՝ բարեկամների տներում։ Պարզ ասած, Հայաստանի անկախության օրոք մոտ 28000 անօթեւաններից բնակարան են ստացել 3200 ընտանիքներ (մոտ 12 տոկոսը)։ Ռեկորդայինը եղել է 1997 թվականը, երբ շահագործման է հանձնվել 798 բնակարան։ Փոխքաղաքապետ Սուքիաս Ավետիսյանը դա բացատրում է նրանով, որ մինչեւ 1997 թ. ընդհանրապես Գյումրիում պետպատվերով շինարարություն չի կատարվել, եւ առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք 1997 թ. 20 հազար քմ բնակտարածքի պետպատվեր է իջեցվել։ Բայց ակնհայտ է, որ եթե պահպանվեն 1997 թ. «ռեկորդային տեմպերը», Գյումրիում բնակարանային հարցը կլուծվի առնվազն 25 տարում։ Ի դեպ, փոխքաղաքապետը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը փորձում էին համոզել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրում խոստացել է մինչեւ 2001 թվականը լուծել ոչ թե ընդհանրապես բնակարանային պրոբլեմը, այլ միայն առաջին կարգի կարիքավոր ընտանիքներինը, որոնց թիվը գրեթե 5000 է։ Իսկապես, նախագահը գուցե հենց դա է ի նկատի ունեցել, բայց փաստն այն է, որ ուրիշ բան է ասել։ Այդ «ուրիշ բանի» համար, ըստ պրն Ավետիսյանի, Գյումրիում պետք է կառուցվի մոտ 2 մլն քմ բնակտարածք, իսկ դա արժե մոտ 200 մլն դոլար։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Հակոբջանյանն այն կարծիքին է, որ քաղաքի վերականգնման համար ծրագիր է պետք, որն առայժմ չկա, բայց ընդհանուր առմամբ քաղաքականությունը փոխվել է։ Դեպի լավը։ Ըստ պրն Ավետիսյանի, փոխվում է նաեւ մարդկանց հոգեբանությունը։ Ինչպե՞ս են պատկերացնում բնակարանային պրոբլեմի լուծումը Գյումրիի իշխանությունները։ Ըստ պրն Հակոբջանյանի, ակնհայտ է, որ պետությունը միայնակ այդ խնդիրը լուծել չի կարող։ Հետեւաբար պետք է փողի մի մասը տա ապագա բնակիչը, մի քիչ քաղաքապետարանը, մի քիչ պետությունը, մի քիչ էլ վարկ, եւ գործը տեղից կշարժվի։ Ի դեպ, վարկավորման սկզբունքը կիրառվում է արդեն անցած տարվանից։ Գլխավոր ճարտարապետը պնդում է, որ երբ միջազգային որեւէ հիմնադրամ փող է տալիս շենք կառուցելու համար, պետք է բնակիչները նույնպես փող տան, որպեսզի կարողանան ավելի շատ շենքեր կառուցել։ «Եթե մարդը օրը մի շիշ օղի է խմում, ուրեմն՝ փող ունի»,- ասում է նա։

Երկրորդ. ըստ նրա, վաղուց արդեն հնացած է բնակարանային օրենսգիրքը, բնակարանների բաշխման կարգը եւ այլն։ «Մենք կոշտ մեթոդների կողմնակից ենք, քանի որ ուրիշ ելք չկա»,- ասում է նա եւ պնդում, որ երբ որեւէ ընտանիք, օրինակ, մեկ տարուց ավելի է, ինչ մեկնել է Գյումրիից, նրա բնակարանը պետք է վերցնել եւ տալ մեկ ուրիշի։ Իսկ ներկա օրենսդրությամբ դա գործնականում անհնար է։ Կամ Գյումրիից հեռացածներին պետք է հանել բնակարանի հերթից (ըստ նրա, հերթում գտնվող մոտ 3000 ընտանիք այսօր քաղաքում չի ապրում)։ Մի խոսքով, հանրապետությունում գործող օրենքները Գյումրիի դեպքում պետք է որոշակի ուղղումներով կիրառվեն։ Օրինակ, ժամանակին սեփականաշնորհման նախարարությունը, առանց հաշվի առնելու տեղական իշխանությունների կարծիքը, սեփականաշնորհել է վերականգնման ենթակա շենքի առաջին հարկը։ Հիմա այդ շենքը պիտի վերանորոգվի, բայց առաջին հարկի սեփականատերը թույլ չի տալիս։ Իր իրավունքն է։ Ցանկացած դատարան նրան իրավացի կճանաչի։

Երրորդ. Ռաֆայել Հակոբջանյանն «ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է», որ Վանաձորում արդեն երեք տարի է, ինչ ոչ մի անօթեւան ընտանիք չկա։ Այլ կերպ ասած, խոսքը միջոցների անարդարացի բաշխման մասին է։ «Միջազգային կազմակերպությունները Նյու Յորքում կամ լավագույն դեպքում Երեւանում նստած ինչ-որ ծրագրեր են մշակում, մեր մասնագետներն էլ շուկայում ծխախոտ են վաճառում։ Նյու Յորքն ուր, Երեւանն ուր, Գյումրին ուր։ Բայց բնակիչը մեզանից է դժգոհում»։

Բնակիչներն իսկապես դժգոհում են։ Ով կարողացել է, իր տնակի շուրջ քարե պատեր է բարձրացրել, քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծել, ով չի կարողացել՝ ապրում է արդեն հիմնավորապես փտած տնակում։ Նույնիսկ նրանք, ովքեր բնակարան են ստացել նորակառույց թաղամասում, չեն ուզում ապրել այնտեղ։ Դպրոց չկա, ճանապարհ չկա, մանկապարտեզ չկա, մի խոսքով՝ ենթակառուցվածքներ չկան։ Հիսունամյա մի գյումրեցի, որ շատ խնդրեց իր անունը չհրապարակել, բողոքում է, որ ինքը իր ուժերով մի կերպ մի փոքրիկ տուն է սարքել, բայց քաղաքի իշխանություններն այդ պատճառով իրեն բնակարանի հերթից (կարիքավորների ցուցակից) հանել են։ «Պիտի անպայման դոմիկի մե՞ջ ապրեի, որ ասեին՝ անօթեւան է»,- բողոքում է նա։ Մի ուրիշը բողոքում է, որ իր «դոմիկը» լավ տղերքը ուզում են հանել տան, տեղը «օբյեկտ» կառուցեն, եւ իրեն առաջարկում են տնակը տեղափոխել ուրիշ տեղ։ Իսկ շենքերի վերակառուցման գործում բնակիչների դրամական մասնակցության դեմ մարդիկ բողոքում են այն պատճառով, որ այդ ճանապարհով տուն կստանան ոչ թե նրանք, ովքեր առավել կարիքավոր են, այլ նրանք, ովքեր փող ունեն։ Փոխարենը՝ բնակչության վարկավորմանը կողմ են գրեթե բոլորը։ Հավատո՞ւմ են գյումրեցիները, որ 2001 թվականին բնակարանային պրոբլեմը լիովին լուծված կլինի։ Այս հարցին թերեւս ամենաբնորոշ պատասխանը տվեց քաղաքային այգում նարդի խաղացող տարեց մի մարդ. «Կրնա էղնի. ըսպեսնա օր էրթա, մինչեւ 2001 թիվը Գյումրիում տասը հազար մարդ յա մնա, յա չէ»։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930