Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեւորականությունն օգտագործվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք չեն կարողանում իրենց օրակարգն առաջ տանել եւ առաջ են մղում սրբազաններին»

Ապրիլ 30,2024 12:50

«Որպես այդպիսին որեւէ տարածքի հանձնում տեղի չի ունենում, այդ ձևակերպումն ընդդիմադիրների կողմից հրապարակ նետված ձեւակերպում է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելու գործընթացին։

Տիգրանյանը հավելեց․ «Դա ոչ թե տարածքների հանձնում է, այլ ընդամենը մենք վերահաստատում ենք այն սահմանագծերը, որոնք ունեցել ենք։ Հետեւաբար, այս ամենի հիմքում կա եւ իրավական փաստաթուղթ, եւ հիմնավորում, ուղղակի հանրության էմոցիաների վրա խաղալը մեր ընդդիմության ձեւակերպած կեղծ օրակարգն է։ Եվ նման ձեւակերպումները, բառերը խիստ հուզականություն են առաջացնում։ Մարդը, որը լավատեղյակ չէ պրոցեսներից, ուղղակի հանձնում բառից կարող է ունենալ բացասական ընկալումներ ու էմոցիաներ։ Պիտի ուղղակի վերահաստատեմ այն, ինչ ասվել է եւ կառավարության, եւ Ազգային ժողովի մակարդակում՝ որեւէ տարածքի հանձնում տեղի չի ունենում եւ չի կարող տեղի ունենալ, որովհետեւ գիտեք, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով»։

Դիտարկմանը, որ Տավուշի բնակիչները դեմ են այս գործընթացին, Տիգրանյանը պատասխանեց, որ մարդիկ ոչ թե դեմ են, այլ պարզապես հայտնել են մտահոգություններ։ «Որեւէ մեկը, կարծում եմ, դեմ չէ, որպեսզի ունենանք միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ։ Խնդիրը զուտ մտահոգություններն են, նաեւ գեներացվում են դժգոհություններ հրապարակ նետված կեղծ թեզերի պատճառով, որ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Կամ այսօր ԱԺ-ում հնչեց հարց՝ ինչո՞ւ եք սահմանազատումը սկսում հենց Տավուշի մարզից։ Որտեղից էլ սկսվեր, միեւնույն է, այդ հարցադրումը հնչելու էր»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցիները դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից, ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը գնում միակողմանի զիջումների, Տիգրանյանը պատասխանեց․ «Դա պայմանավորվածության հարց է, դու կարող ես առաջարկել, մյուս բանակցող կողմը կարող է ընդունել կամ չընդունել։ Հետեւաբար, եթե երկուստեք կա պայմանավորվածություն՝ սկսել սահմանազատման գործընթաց, սկսում ենք որեւէ կետից։ Ես կարծում եմ՝ որ կետից էլ սկսվեր, միեւնույն է, դժգոհություն լինելու էր։ Կամ եթե ուզենային պրոցեսն օգտագործել ներքաղաքական լարումներ ձեւավորելու համար, այդ՝ ինչո՞ւ հենց այս կետից հարցադրումը դարձյալ կհնչեր»։

Ի՞նչ է ստանալու Հայաստանն այս գործընթացում, հարցին նա պատասխանեց, որ Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հարցին, թե այսինքն՝ Հայաստանը մինչեւ հիմա սահման չունե՞ր, նա պատասխանեց․ «Մենք ունենում ենք վերականգնված եւ վերահաստատված այն սահմանները, որոնք ունեինք Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Զիջումներ չեն լինում, Հայաստանի տարածքից ոչինչ չի տրվում»։

Կառավարությունում երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Կիրանց գյուղի բնակիչներին, հանդիպումից մարդիկ հուզված ու վրդովված դուրս եկան։ Պատգամավոր Գեղամ Նազարյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգային ոչ մի երաշխիք չի տվել գյուղացիներին։ «Ասում է՝ կարող է սահմանն այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ինչ իմանամ»,- ասել էր Գեղամ Նազարյանը։

Հերիքնազ Տիգրանյանին հարցինք՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս մարդկանց, այդ դեպքում ինչո՞ւ են տարածքները հանձնվում։ «Իսկ հիմա կա՞ այդ երաշխիքը, որը 6-րդ օրը կլինի ավելի անվտանգ կամ 5-րդ օրը կլինի անվտանգ»,- արձագանքեց նա։

Եթե չկա երաշխիք, այդ դեպքում ինչո՞ւ են տարածքները հանձնվում, հարցին նա դարձյալ նման պատասխան տվեց․ «Չենք հանձնում, այդպես մի ձեւակերպեք հարցը, հանձնում տեղի չի ունենում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ»։

Անդրադառնալով հարցին, որ շարժման առաջնորդների, հատկապես Բագրատ Սրբազանի դեմ իշխանություններն արշավ են սկսել, Հերիքնազ Տիգրանյանն ասաց․ «Իսկ Մայր Աթոռը կամ հոգեւորականները հաստատուն մնացե՞լ են իրենց հավատքի մեջ եւ չեն անցե՞լ հոգեւորականին բնորոշ․․․»։

Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանն իր հոտին է առաջնորդում եւ դեմ է արտահայտվում տարածքներ հանձնելուն, ի՞նչ անթույլատրելի բան կա այստեղ, Տիգրանյանը պատասխանեց․ «Դե եթե դուք կարծում եք, որ հոտին պաշտպանելով՝ առաջնորդություն են անում, ես կարծում եմ, որ ավելի շատ իրենք իրենց հոգեւոր ծառայության մեջ պետք է մնան, չշեղվեն ճշմարիտ ուղուց, եթե իրենց հոտին են առաջնորդում եւ չշփոթեն աշխարհիկ իշխանությունը հոգեւոր իշխանության հետ։ Ես կարծում եմ, որ մեր հոգեւորականների մի մասը վաղուց քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից, ուղղակի իրականացնում են քաղաքական-կուսակցական գործունեությունից։ Անհանգստություններն ու մտահոգությունները կարող են հայտնել իշխանությունների հետ խոսելու միջոցով, բայց ոչ անել հակապետական հայտարարություններ։

Ես չեմ լսել Արշակ Սրբազանի անեծքը եւ ընդհանրապես աշխատում եմ նզովքի ու անեծքի խոսքեր չլսել, որովհետեւ կարծում եմ, որ հոգեւորականն ավելի շատ պետք է օրհնություններ հնչեցնի, քան անեծք։ Շատ ավելի վատ, որ Ծիծեռնակաբերդի բարձունքից է արել այդ անեծքը։ Ցավոք սրտի, հոգեւորականությունն այս պահին ուղղակի օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից մտածելով, որ ավելի շատ հետեւորդներ ունեն, եւ ժողովուրդը կհետեւի հոգեւորականի խոսքին, քան քաղաքական գործիչների։ Քաղաքական գործիչները ոնց որ թե չեն կարողանում իրենց օրակարգն առաջ տանել, առաջ են մղում սրբազաններին, որոնց խոսքը միգուցե տեղ կհասնի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930