Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 02,1998 00:00
yntrutyun

Քաղաքական ամառը

Հայաստանում առաջին իրադարձությունն արձանագրեց հունիսի 1-ի 00.03 րոպեին, երբ այլեւս պարզ դարձավ, որ Շենգավիթի թիվ 3 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել կոշիկի գործարանի տնօրեն Մարտին Սարգսյանը։ Այդ պահից սկսյալ, մոտ 15-20 րոպե, նրա ընտրաշտաբում փոխադարձ եւ առ ընտրյալն ուղղված շնորհավորանքները չէին դադարում։ Բոլորը ցանկանում էին եթե ոչ համբուրվել, ապա գոնե սեղմել Մարտին Սարգսյանի ձեռքը։ Իսկ նրա ընտրությունն իրականություն դարձավ նախորդ օրվա ընթացքում տեղի ունեցած քվեարկությամբ։ Այսպես. նախընտրական շրջանում գրեթե բոլոր թեկնածուներն էլ մտահոգություն էին հայտնել, թե հնարավոր է խախտումներ արձանագրվեն։ Իսկ այդպիսիք, իրոք, եղան, որոնք, մի կողմից, տարածված լեզվով ասած, այնքան չէին, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա, մյուս կողմից էլ՝ այնքան փոքր-մոքր չէին, որ ընդհանրապես չազդեին ընտրությունների մթնոլորտի վրա։

Ահազանգերը հիմնականում ստացվում էին նույն 3/14 ընտրատեղամասից, որը գտնելը բավականին դժվար էր, թեպետ անմիջապես Բագրատունյաց փողոցի հարեւանությամբ էր տեղակայված։ Պատճառն այն է, որ մինչեւ օրս չի փոխվել նախագահական ընտրություններից մնացած 11/17 ցուցանակը։ Այստեղ մյուս բոլոր թեկնածուների վստահված անձինք գրեթե միաձայն մեղադրում էին տեղամասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրզոյանին, թե նա գործունեություն է ծավալում հօգուտ պատգամավորության թեկնածու Ստեփան Ծաղիկյանի։ Մարտին Սարգսյանի վստահված անձ Աշոտ Մուրադյանն ասաց, եւ Լեւոն Ներսիսյանի, Վլադիմիր Սաֆարյանի եւ այլոց վստահված անձինք էլ հաստատեցին, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկներ է տվել ընտրատարածքից դուրս բնակվող անձանց։ Ի դեպ, վերջինս չժխտեց դա, սակայն պարզեցնելով, որ խոսքն ընդամենը մեկ դեպքի մասին է, տեղի ունեցածն էլ՝ իր շփոթմունքի արդյունքը։

Մեկ ուրիշ արտառոց փաստ, որ արձանագրվեց այս ընտրատեղամասում։ Նույն հանձնաժողովի նախագահը, ի տարբերություն իմ տեսած բոլոր մյուս հանձնաժողովների նախագահների, անձամբ էր նստել ցուցակների «վրա» ու ինքն էր քվեաթերթիկներ բաժանում։ Մեկ րոպե ընտրասրահից բացակայելուց հետո վերադառնալով, նա հայտարարեց, թե իր դարակից պակասում է 74 քվեաթերթիկ, որ չգիտի, թե ով է տարել։ Չձեռնարկվեց որեւէ քայլ. կարծես, ոչինչ էլ չէր պատահել։

Նախընտրական

Ասենք, որ թիվ 3 ընտրատարածքում պայքարի մեջ էին մտել 9 թեկնածու, որոնցից մեկը ժամանակին հասցրել էր հանել իր թեկնածությունը։ Խոսքը Սարգիս Հովհաննիսյանի մասին է, որին Բագրատ Ասատրյանի շտաբում «Կադիլակ Սերոժ» էին ասում։ Նա այդպես էլ Մոսկվայից չժամանեց։ Մնացած ութ թեկնածուներից մեկը կին էր, իսկ յոթ տղամարդիկ, այսպես թե այնպես, տարբեր քաղաքական ուժերի աջակցությունը վայելում էին։ Ասենք, Վլադիմիր Սաֆարյանի վստահված անձը տարածքային հանձնաժողովում Հայաստանի միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն էր։ Նրանք ազգականներ են։ Թեկնածու Լեւոն Ներսիսյանին աջակցում էր Վիգեն Խաչատրյանի ՌԱ(ԼԴ)Կ-ն եւ այլն։ Նախընտրական շրջանին վերաբերող ամենալուրջ մեղադրանքը Բագրատ Ասատրյանի ընտրական շտաբում ներկայացրին. թեկնածու Ստեփան Ծաղիկյանի վերաբերյալ։ Ասացին, որ նրա շտաբից ու նրա անունից, իսկ ասողը Կարապետ Ռուբինյանն էր, 2-ական կգ կաթի փոշի, ձեթ, ալյուր եւ լոբի է բաժանվել ընտրողներին, բայց՝ 100 գրամ թերակշռումով։

Այս հարցի շուրջ «Առավոտին» պարզաբանումներ տվեց նաեւ «մեղադրվող» կողմը։ Պատգամավորության թեկնածուի շտաբի պետն ասաց, որ նվեր տվողը նման բան չի կարող անել, եւ մյուս կողմից էլ պրն Ծաղիկյանն այդքան գումար չունի, որ կարողանա «յուղ ու բրինձ» բաժանել։ Իսկ ինչ վերաբերում է ասֆալտին (պարզվում է՝ ասֆալտն էլ է արվել իբրեւ օգնություն), ընտրաշտաբի պետն ասաց, թե այդ աշխատանքն իրականացվել է թաղապետարանի շինարարական վարչության կողմից, իսկ թաղապետը ՀՀՇ ակտիվ անդամներից մեկն է։ Հակատրամաբանական է, որ նա դավաճանած լինի սեփական կուսակցությանը։ Դա ներկայացվեց իբրեւ համոզմունք, քանի որ Շենգավիթի թաղապետին Ծաղիկյանի շտաբում լավ են ճանաչում։ Ենթատեքստը պարզ էր, ու երբ խնդրեցինք, որ ասվածը Կարապետ Ռուբինյանը մեկնաբանի, վերջինս կարճ կապեց. «Ոչնչությունների ասածների վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Եթե նույնիսկ դա պատգամավորության թեկնածուն է ասում։ Չեմ ճանաչում նրա շտաբի պետին, սակայն, կարծում եմ, որ արժանի կլինի նրան»։

Հետընտրական

Երբ արդեն ավարտվել էին ընտրությունները, սակայն արդյունքները դեռ պարզ չէին, յուրաքանչյուր թեկնածուի շուրջ խմբվել էին նրա երկրպագուները։ Այս առումով ամենից ներկայացուցչականը Բագրատ Ասատրյանի ընտրաշտաբն էր։ Այստեղ էին Կարապետ Ռուբինյանը, Սամվել Գեւորգյանը, Ավետ Գրիգորյանը, Աշոտ Անտինյանը եւ այլք։ Ընդհանուր թվով շուրջ 14 հազար ընտրող ունեցող ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել էր մոտ 3850 մարդ, որոնցից 2100-ը քվեարկել էին Մարտին Սարգսյանի օգտին։ Բագրատ Ասատրյանի օգտին տրված քվեները բոլոր հինգ տեղամասերում էլ արտահայտվում էին երկնիշ թվերով, ինչը հիմք տվեց, որ վերջինս, իր իսկ խոսքերով, գրավի երրորդ պատվավոր տեղը։ Նրանց միջեւ տեղ զբաղեցրեց Ստեփան Ծաղիկյանը։ Այս ընտրության վերջաբանում Բագրատ Ասատրյանի՝ «Առավոտին» ասած առաջին խոսքը հետեւյալն էր. «Համամասնական ընտրակարգը կփրկի Հայաստանը»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930