Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց աշխարհի վերջին վարկերը» շարքից

Հունիս 06,1998 18:44
artaqin partq

Անցած ամիս հասարակությունը մի քանի լուրջ հայտնագործություններ արեց։ Բոլորը միանգամից ու պարզ տեսան, որ երկրի արտաքին պարտքը կուտակվել է առանց դրական տնտեսական հետեւանքների։ Բոլորի համար տեսանելի դարձավ, որ վարկային պայմանագրերը կնքվել են առանց առաջնայնության որեւէ սկզբունքի։
Փաստորեն, ստեղծված իրադրությունը եզակի է (ունիկալ)։ Զուտ այն պատճառով, որ հսկայածավալ վարկերը տնտեսական իմաստով անհասկանալի են (համարյա աննպատակ)՝ վարկային միջոցների օգտագործման արդյունավետության խնդիրը զուտ փիլիսոփայական իմաստ է ստանում։ Հնարավոր է, որ հենց այս պատճառով էլ հանրապետության որեւէ լուրջ կառույց (ասենք՝ կառավարությունը, դատախազությունը, անվտանգության համակարգը) երբեք չի հետաքրքրվել վարկային միջոցների ծախսումներով։ Իրար փոխելով, կառավարությունները երբեք չեն փոխել իրենց վերաբերմունքը վարկերի նկատմամբ։ Բոլորն էլ ուրախությամբ վերցրել են այն, ինչ հնարավոր է եղել։ Պարբերաբար հպարտանալով, որ դրանց մեջ տեսակարար կշիռ են կազմում արտոնյալ վարկերը։ Հիմա էլ կառավարության ներկայացուցիչ, փոխնախարարևգանձապետ Ա. Ղարիբյանի խոսքերով՝ կառավարությունը գերապատվություն է տալու միայն արտոնյալ վարկերին։ Վարկի բուն բովանդակությունը, փաստորեն, կարեւոր չէ։ Կարեւոր չէ, թե տնտեսության ո՞ր ոլորտի համար չէ, տնտեսական ի՞նչ արդյունավետություն կապահովի։ Կարեւորն այն է, որ արտոնյալ լինի՝ այսինքն՝ առաջիկա 8-10 տարում վարկատու կազմակերպությունները հնարավորություն տան չվերադարձնելու ոչ տոկոսները, ոչ էլ բուն գումարը։ Այս մոտեցումը բացատրվում է խիստ պարզ մի պատճառով՝ առաջիկա մի քանի տարում սկսվում է նախկինում վերցված պարտքերի վերադարձի բուռն գործընթացը։ Բայց ասվածը չի նշանակում, թե հանրապետությունը նոր վարկային պայմանագրեր չի կնքում։ Միայն այս տարի սկսել է գործել «Էներգետիկ» բնույթի վարկերի մի փունջ։ Միջազգային զարգացման ընկերակցությունից Համաշխարհային բանկով ենթադրվում է ստանալ 18,9 մլն դոլար՝ էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագրի համար։ Մարման ժամկետը 35 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 10։ Նույն էլեկտրահաղորդման գծերի եւ նույն բաշխիչ ցանցերի համար նույն կազմակերպությունից, նույն ճանապարհով ակնկալվում է ստանալ նաեւ 32,8 մլն դոլար։ Այս պարագայում մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5։ Սական նշված գումարով գլուխներս չենք պրծացնելու գծերից ու ցանցերից, որովհետեւ կա նաեւ երրորդ պայմանագիրը։ Էլեկտրահաղորդման գծերն ու բաշխիչ կայանները վերակառուցելու համար Ճապոնիայի կառավարության հետ պայմանագիր է կնքված 45,3 մլն դոլարի չափով։ Մարման ժամկետը 28 տարի է, արտոնյալ շրջանը՝ 8։ Վարկի իրականացնողը, բնականաբար, էներգետիկայի նախարարությունն է։ Վարկառու ձեռնարկությունները «Հայէներգոն» ու մարզային 11 ցանցերն են։ Էներգետիկ նոր վարկային «փնջի» ընդհանուր գումարը 105,82 մլն դոլար է։ Ծրագրի նպատակը ընդամենը մի քանի տող է եւ այն կարելի է մեջբերել պետական փաստաթղթերից. «Էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնում ու արդիականացում, հաշվառման, հաշիվների ներկայացման եւ գումարների գանձման համակարգի ստեղծում, դիսպետչերավորման SCADA համակարգի ներդրման առաջին փուլի իրականացում, ձեռնարկություններում միջազգային հաշվապահական ստանդարտների ներդրում եւ ներքին ֆինանսական վերահսկման մեխանիզմների ստեղծում»։
Հայաստանում նախագծային, նախահաշվային աշխատանքները հիմնականում տարվում են՝ «Տան հաշիվները բազարում չեն անցնում» կարգախոսով։ Այսինքն, նախագծով ենթադրվում է մի թիվ, իսկ իրականացնելիս պարզվում է, որ անհրաժեշտ է շատ ավելի մեծ թիվ։ Զուտ այս պատճառից ելնելով, բոլորովին իմաստ չունի, թե վարկային ծրագրերի որ մասն է ուղղվելու բուն նպատակին, որ մաս է օգտագործվելու ֆինանսական վերահսկման համակարգի հաշվապահության կարգավորման խնդիրների վրա։ Ի վերջո, մեր էներգահամակարգի համար 106 մլն դոլարը մեծ փող չէ։ Ըստ Վիճվարչութան տվյալների, էներգետիկները տարեկան մոտ 86 մլն դոլարի պատրաստի արտադրանք են իրացնում։ Հետեւաբար, հնարավոր է ենթադրել, որ ի վիճակի կլինեն վերադարձնել նման պարտքերը։ Այս վարկերն այսօր հետաքրքիր են նրանով, որ նոր են սկսել ծախսվել։ Եթե հանրապետության կառավարությունն ապագայում էլ պահի թափանցիկ աշխատելու իր սկզբունքը, մենք հնարավորություն կունենանք հետեւելու, թե ինչ նպատակների եւ ինչի վրա են ծախսվելու այս գումարները։ Հետեւաբար, ինքներս կկարողանանք դատողություններ անել վարկային ծախսումների արդյունավետության մասին։ Էներգետիկ վարկային այս փունջը նորևնոր է սկսվել, առայժմ ծախսված է մոտ 84 հազար դոլար։ Վարկային գիծը դեռ լայն իմաստով չի գործում, բայց 1997 թ. սեպտեմբերից գործում է ծրագրի իրագործման գրասենյակը։ Գործում է եւ, բնականաբար, աշխատավարձ ստանում՝ վրաեկովևբանով մոտ 24 հազար դոլար։ Մոտ 6500 դոլար ծախսվել է կադրերի վերապատրաստման վրա։ 1050 դոլարով Դավիթ Ասլանյանը տեսաֆիլմ է պատրաստել էներգետիկայի մասին։ Մնացած գումարով համակարգիչներ են գնվել, բջջային հեռախոսներ, մի քանի գործուղումներ կազմակերպվել։ Եթե հաշվի առնենք, որ վարկային գումարների հաշվին քարտրիջներից, գրելու թղթից, գրենական պիտույքներիցևբանից են գնվել, ապա կարելի է ասել, որ էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերանորոգման ծրագիրը սկսվել է։ Հեռու չէ արդեն այն ժամանակը, երբ այս ոլորտում կհասնենք միջազգային ստանդարտներին։ Վլադիմիր Իլյիչը կասեր՝ ճիշտ ճանապարհով եք գնում, ընկերնե՛ր։ Քարտրիջներից բացի, սկսեք գնել նաեւ խորհրդատվություններ։ Պարտքերը հետո հետ տվող երեւի կլինի։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930