Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒԵՏԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՁԵՎ Է»

Հուլիս 29,1998 00:00
Vardan Petrosyan

«Արտիստը պիտի կարողանա արտահայտվելու նոր ձեւեր գտնել։ Ես կարծում եմ, որ «Ոզնիների» հետ ես կրկնում եմ ինձ. մեզանում աշխատանքի մշակված ձեւեր կան արդեն, նույն տիպերն են, նույն պերսոնաժները»։

Հարցազրույցի սկզբում այսպես բացատրեց Վարդան Պետրոսյանը Արամոյի հետ հանդես գալու իր մտահղացումը։

-Ես վաղուց էի ուզում Երեւանի մասին երաժշտական ներկայացում անել, եւ ուզում էի դա իրականացնել դուետով։ Ընդհանրապես, դուետների գաղափարն ինձ շատ է հուզում։ Երաժշտական կուլտուրայում տարածված ձեւ է հիմա. ոճական հակասություն ունեցող երկու տարբեր անհատականություններ միավորվում են, միաձուլվում, ստեղծում մի ամբողջականություն։ Օրինակ. Պավարոտի-Սթինգ, Ազնավուր-Դոմինգո եւ այլն։ Հիմա ես ուզում եմ դա թատերական ասպարեզում օգտագործել։ Պարոդիստը եւ էստրադային երգիչը, որպես տիպաժ, իրարից հեռու են։ Ես գիտեի, որ մենք միասին շատ հետաքրքիր, էֆեկտիվ բան ենք ստեղծելու։

Արամո-Վարդան դուետը գայթակղիչ է

Վարդան Պետրոսյանը կարծում է, եւ ես էլ համաձայնում եմ նրա կարծիքին, որ Արամոն էֆեկտիվ արտիստ է, եւ իր մեղքը չի, որ ճիշտ չի «օգտագործվել»։ Վարդանը Արամոյին տեսել է առաջին անգամ, երբ նա դեռ պատանի էր, եւ մի ջազային համերգի ժամանակ շահեկանորեն առանձնացել է ուսանողական ընդհանուր գորշության մեջ։

-Բայց «Երգի թատրոնում» նա կարծես իր տեղում չէ։ Երբ Փարիզում «Մեր բակ-2»-ը տեսա, անմիջապես միտք հղացա, որ իմ առաջին պարտնյորը նա է լինելու։ Ուրիշ արտիստների էլ աչքի առաջ ունեմ, բայց չեմ ասելու, որ սյուրպրիզի պահը չկորցնեմ։

Վարդանի ներկայացումները միշտ լեփ-լեցուն դահլիճներում են ընթանում եւ ինձ հետաքրքրում է, թե Վարդան-Արամո զույգը նաեւ Արամոյի երկրպագուներին թատրոն բերելու եւ դահլիճ լցնելու խնդիր ունի՞, թե՞ ոչ։

-Դուետով հանդես գալը, արդեն ասացի, առաջին հերթին ինձ համար նոր արտահայտչաձեւ է։ Երկրորդ պահը, ինչ խոսք, առեւտրական է, եւ Արամոն էլ է դահլիճ ապահովում։ Արամո-Վարդան դուետը գայթակղիչ է ու…

Արամոյի տիպաժը, այս ներկայացման կատարումը Վարդանը բնորոշում է այսպես. արտիստ-երգիչ։

Նախագահական ընտրություններ ու անընտրելի նախագահներ

Արտիստը անցած տարի ծրագրել էր, որ «Ոզնիների» 10-ամյակը կնշի մեծ շուքով, եւ դա տոն կլինի։ Բացի այն հանգամանքից, որ լոսանջելեսյան հյուրախաղից հետո ինքը ֆիզիկապես ու բարոյապես ծայրաստիճան հոգնած էր, կյանքն ինքը նոր ծրագրեր դրեց արտիստի առաջ, արտիստ, որը մատը միշտ կյանքի տրոփուն զարկերակի վրա է պահում։ Հայաստանում սկսվեցին նախագահական նոր ընտրություններ։

-Ես ուզում էի գալ Երեւան եւ իրականացնել մի վայրենի գաղափար, ուզում էի ընտրությունից երկու շաբաթ առաջ վարձել Ստանիսլավսկու թատրոնը։ Ծաղրածուի պես անընդհատ փոխվելով, պարոդիայով ներկայացնելու էի 10 թեկնածուներին, եւ վերջում ասելու էի. «Տեսա՞ք, հիմա ընտրեք»։ Ժողովուրդը սկսելու էր ընտրել, ամենածանրը որ թեկնածուի արկղը լիներ, այդ օրը նրա ֆինալն էլ խաղալու էի։

Արտառոց հետաքրքրություն, աժիոտաժ պիտի առաջացներ այս շոուն իսկական ընտրություններից առաջ։

-Եվ դրանք ամենաճշգրիտ սոցիոլոգիական հարցումները կլինեին։

-Ես շատ ոգեւորված էի այդ նյութով, բայց ինձ նամակ գրեցին ու ասացին՝ չէ։ Առաջին՝ չէին հասցնի ռեկլամը կազմակերպել, եւ երկրորդ՝ կարող էր սխալ հասկացվել։ Քանի որ թվացյալ խաղաղ վիճակի տակ թաքնված էր ծայրահեղ լարվածություն։ Կարող է մտածեին հաղթողի սոխակն ես, պարտվողը կարող էր իր մեղքը բարդել քո վրա։ Մի խոսքով՝ չարեցի։

Ինչպես Վարդանը արտահայտվեց, «վայրենի» այդ մտահղացման փոխարեն ինքը Փարիզում 2 շաբաթում նկարեց «Յոթ նախագահ, յոթն էլ մի բոյի» տեսաֆիլմը», որը ընտրությունից երկու օր առաջ սկսեց ցուցադրվել «Ար»-ով։ Այս ֆիլմում Լեւոն Տեր-Պետրոսյանը շոումենն էր, եւ ինքն էր ներկայացնում մյուս թեկնածուներին։

«Մեր մանկության մանգոյի» մասին

Յոթ օր լիքը դահլիճ ապահովելը մեր պայմաններում ռեկորդային ցուցանիշ է։ Ռեկորդային է նաեւ այդքան կարճ ժամկետում ներկայացում անելը, եւ Վարդանը կարծում է, որ հապճեպությունն ազդել է ներկայացման որակական կողմի վրա։

-Արամոն իր ժանրը պահում է, իսկ ես համ երգում եմ, համ պարոդիաներ եմ անում, րոպեական, վայրկենական փոփոխություններ եմ խաղում, որոնք պիտի շատ շեշտված, ակցենտավորված, գծանկարի պես արվեն։ Երբեմն «լղոզվում» է, ժամանակ է պահանջում։

Թեեւ, կարծում եմ, թատերական աշխուժություն ստեղծելը, գժություն անելը էս պահին ավելի կարեւոր է ինձ համար։ Եթե նախորդ տարի ցուցադրված «Ութ ու կես կատակը» լուրջ ներկայացում էր հրաշալի ֆինալով եւ քաղաքական ակցենտով, «Մեր մանկության մանգոն» ավելի կարոտախտով համեմված համերգ է Երեւանի, Սովետական Հայաստանի մասին։ Դահլիճում աշխուժություն առաջացրեց հատկապես «10 տարի առաջ եւ հետո» զուգահեռը։ «Տասը տարի հետո միայն դուք կզգաք ձեր սխալը»,- ասում է պարոդիստը Կ. Դեմիրճյանի ձայնով, որին ի պատասխան դահլիճից մի համոզված «դեմիրճյանական» կնոջ ձայն ճչաց՝ «ճի՛շտ է»։ «Տասը տարի հետո մենք կդառնանք զարգացած արդյունաբերական երկիր»,- պարոդիստը հրաշալիորեն ընդօրինակում է նախկին նախագահի «ակադեմիական մարգարեությունը»։ Դահլիճից չեն ասում, որ սո՛ւտ է, այլ տխրում են իրենց նախկին «հորթային հրճվանքը» հիշելով։ Շոուն ավարտվում է տխուր ու մտահոգ հնչերանգով, ինչպես Վարդանի բոլոր ներկայացումները։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Գնացեք եւ վայելեք «Ոզնիներին», իսկը ձեր ճաշակին են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031