Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼ

Հուլիս 30,1998 00:00
karusel

Այս հոդվածին ես ձեռնամուխ եմ լինում առնվազն երկու տարի ուշացումով, թեեւ, ինչպես ասում են, կողքից-կշտից ուրիշներն ինչ-ինչ բաներ լրատվության սահմաններում փորձել են ներկայացնել։

Ուրեմն՝ 1996 թվական, ապրիլի 25։ Ես հատուկ շեշտում եմ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին ողջ հանրապետությունը էկրանի առաջ քարացել-սահմռկել էր Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի տեսարաններից, եւ հատկապես, Եփրատի ջրերի դեմ հեծող ծարավից խելագար ժողովրդի տառապանքը դեռ բոլորի քննարկման նյութն էր, երբ շնչակտուր մի ձայն ներքեւից ծղրտաց. «Հասե՜ք, մեր ջուրը կտրո՜ւմ են»։

Զոդող մեքենան եկել-կանգնել էր ջրի ակունքի մոտ, բանվորները ռետինե խողովակներն են քարշ տալիս՝ թթվածին ապահովելու, իսկ վիզները ծուռ իմ հարեւանները աղաչելու պես խնդրում են՝ ինչ կլինի, սպասեք, գնանք պարզենք։ Երեխայի բարուրը չիմանալով ում պահ տալ՝ լրագրողի տոմսս առած, իջնում եմ ցած եւ ինքս իմ ձայնից զարմացած՝ հարցնում.

-Ո՞վ է այն «քաջը», որ կարող է հարյուր երեխայի ջուր կտրել թուրքի՛ պես…

Այստեղ բոլորը չքմեղանում են՝ ինժեներն է, վարորդը, 3-4 բանվոր-տղերք… դե, իրենք ո՞վ են, որ, քաղաքագլխի հրամանն է։ Իսկ քաղաքագլուխը «Սեւան» հյուրանոցի 14 ընտանիք տեղավորելու համար պիտի տեղահաներ Նորքի 2-րդ զանգվածի երկարուկ բարձրահարկում ծվարած իր գիտաշխատողներին ու ասպիրանտներին։ Պիտի տեղահանի լույս անջատելով, ջուր կտրելով…

Ճիշտն ասած, իր կարճատեւ կառավարության շրջանում այս մարդը ժողովրդի հիշողության մեջ այնպիսի հետք չի թողել, որ ամսաթվով իրեն հիշեն։ Բոլորը կկարծեն՝ խոսքը Սիրադեղյանի մասին է, բայց ոչ՝ նախորդն էր։ Դրանից հետո մենք նրան հատուկ հրավիրեցինք մեր արծվաբույնը («կրծած կոկուռուզից» հետո Երեւանի երկրորդ ամենաբարձր շենքն է, եւ շրջակա բոլոր վայրերից երեւում է), իսկ նա, բնականաբար, պատիվ չարեց։

Մեր պատվիրակությունները շարան-շարան նորից բռնեցին կրթության նախարարության ճանապարհը, նորից դեզերով նամակ-բացատրություններ գրվեցին, խնդիրքներ հղվեցին արդեն նախկին դարձած բոլոր իրավասուներին՝ ճշտելու շենքի կարգավիճակը, առեւտրի այս դարում գիտությամբ զբաղվող մարդկանց ազատելու հավերժ անորոշությունից ու կես քաղաքացու կարգավիճակից (գրանցման խնդիրը իսկական դամոկլյան սուր է ամենքի գլխին), բայց արդեն որերորդ իշխանությունն է, ոչինչ չի փոխվում։

Հիմա, երբ պաշտոնական հայտարարությամբ (դա ընտրությունների նախօրյակին էր) շենքը հանված է հանրակացարանային կարգավիճակից (բայց իսկապես հանված չէ)՝ բնակֆոնդի վերածելու նպատակով, դրսից ով կարողանում, փորձում է պատառ փախցնել 9 քառակուսի մետրերով ձեւված այս փոքրիկ խցերից, իսկ ներսում կռիվն անպակաս է։ Նախկին հեռատեսները բաշխել-վերաձեւել են ճարտարապետի կողմից խիստ ապաշնորհաբար գծված նախագիծը եւ հաճախ անկյունագծով տիրացել այնպիսի տարածքի, որ պարզապես հարեւանի շեմն է կամ լույսի միակ ճանապարհը. ճարտարապետի թեթեւ ձեռքով արեւի արժանի են համարվել աղբատար խողովակն ու սանդղավանդակը, իսկ սենյակների ուղիղ կեսը, որ իրար են միանում սանհանգույցով (աշխարհում չտեսնվա՜ծ օրինակ), հայտնվել են հյուսիսային պատին։

-Շենքն ահռելի պահեստային հնարավորություններ ունի եւ միայն փոխատեղումներով ու միջանցքների տարածքն օգտագործելով՝ կարելի է ամեն ինչ հարթել, բնակիչներին խաղաղեցնել եւ վերջապես մարդավայել ապրելու հնարավորություն տալ իրենց բնակարանային հերթերից ու առաջնահերթությունից էլ ո՛չ մի սպասելիք չունեցող մարդկանց,- ասում է անկառավարելի դարձած մթնոլորտում այլեւս իր աշխատանքը չպատկերացնող կառավարիչը՝ Կորյուն Աթոյանը։

– Նախարարությունից ամեն շաբաթ խոստանում են գալ, բայց դեռ չեն գալիս։

Ինձ մնում է միայն մի բան ավելացնել. եթե նման հարցերին շարունակենք ժամանակավորի ու ժամանակավորապեսի ձեւով վերաբերել, նշանակում է՝ երբեք չենք լրջանա կայուն խնդիրներ լուծելու համար։ Կյանքն ինքը ժամանակավոր երեւույթ է, պետք է հնարավորություն ընձեռել արժանավորապես ապրելու ամեն մի կյանք։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031